Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստում անդրադարձավ կոյուղու հետ կապված խնդիրներին՝ նշելով, որ դրանք ներկայացվում են՝ խեղաթյուրելով տեղեկատվությունը. «Համոզված եմ, որ դա հատուկ է արվում»,- ասաց նա:
Ըստ Ավինյանի, սա քաղաքապետարանի տիրույթում գտնվող հարց չէ. «Դա պետական գույք է, ենթադրում եմ՝ մի մասն էլ հանձնված չէ «Վեոլիա Ջրին»: Ստացվում է, որ քաղաքում ունենք ենթակառուցվածք, որը մեր սեփականությունը չէ, մեր ենթակայության տակ չէ, մաշված է աննկարագրելի չափով, և շատ լավ է, որ այս տարի կառավարությունը որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում: Շնորհակալ եմ գործընկերներին: Բայց կարծում եմ՝ սա միանգամյա ծրագիր չպետք է լինի»,- ասել է նա՝ կարևորելով հստակեցնել, թե որ հարցը ում պատասխանատվության տակ է. «Եկեք օրենքով հստակեցնենք դա, տեղափոխենք մեր իրավասության դաշտ, մենք էլ կիմանանք, որ դա մեր պարտականությունն է, և կսկսենք պլանավորել համապատասխանաբար»:
Քաղաքապետը նշել է, որ մեկ շաբաթում 400 վթար է եղել. «Քաղաքապետարանը լուծում է խնդիրներ, որոնք իրենը չեն: Հիմա եկեք հասկանանք՝ ով է պատասխանատու օղակը, ասենք՝ սա քո գործն է, գնա, արա: Որովհետև անընդհատ ասում են՝ քաղաքապետարանն այս է, քաղաքապետարանն այն է: Վերջում ասում ենք՝ մենք չենք, ժողովուրդ ջան, այս մարդն է, այս մարդն է, այս պաշտոնյան է: Չինովնիկը նստած, իրեն էշի տեղ է դրել, ասում է՝ քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ ա էլի։ Մարաղը մտած, սենց ինքը չի երևում։ Է հետո, լավ»։