Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Վերջին ամիսներին ընդհանուր խուճապի մթնոլորտ որոշակիորեն նկատվում է, հատկապես Մեքսիկայով ԱՄՆ մուտք գործած միգրանտների շրջանում, այդ թվում՝ հայերի մոտ: Դրա հիմնական պատճառներն են՝ ԱՄՆ ներգաղթի քաղաքականության խստացման մասին նորությունները, արտաքսման իրական դեպքերի տարածումը սոցցանցերում՝ երբեմն չափազանցված ձևով, Իմիգրացիոն և մաքսային ծառայության (ICE) կողմից անհասկանալի ծանուցումները կամ դատական նամակները, սակայն իրական իրավիճակը՝ իրավաբանական գնահատմամբ, այնքան էլ դաժան չէ, որքան մարդկանց թվում է»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում գործունեություն ծավալող իրավաբան Լառա Կարեյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միգրացիոն քաղաքականության խստացմանը, որի շրջանակում արդեն ավելի քան 200 հազար միգրանտ է արտաքսվել, իսկ ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության ցուցակներում, հայտնի է, որ արտաքսման ենթակա ավելի քան 2 հազար հայ կա, թե նրանցից քանիսն է արտաքսվել հայտնի չէ (ապրիլին ԱԳՆ-ն հայտնել էր 17 անձի արտաքսման մասին):
Լառա Կարեյանի խոսքով՝ վերջին ամիսներին ԱՄՆ ներգաղթի և սահմանային վերահսկողության մարմինները զգալիորեն ակտիվացրել են վերահսկողությունը ԱՄՆ մուտք գործած՝ առանց օրինական կարգավիճակի անձանց նկատմամբ.«Սա վերաբերում է նրանց, ովքեր անօրինական մուտք են գործել ԱՄՆ, չունեն ԱՄՆ Մաքսային և սահմանի պաշտպանության ծառայություն գրանցում, չեն դիմել կարգավիճակի համար, դատարանով ունեն վտարման օրինական ուժի մեջ մտած որոշում, չունեն ընթացիկ վերանայում, ունեն քրեական անցյալ, նաև նրանց, ովքեր դիմել են ապաստանի, բայց ստացել են վերջնական մերժում և չունեն բողոքարկման ընթացիկ գործընթաց, ունեն քրեական դատապարտում կամ ներգաղթի խախտումների բազմակի պատմություն»:
«Իրավապահ մարմինների կողմից հայերը հատուկ թիրախավորված չեն»,- ընդգծեց իրավաբանը, բայց նշեց բոլոր այն հայերը, ովքեր վերոնշյալ ռիսկային գոտում են իրավապահների ուշադրության ներքո կարող են հայտնվել:
Լառա Կարեյանի խոսքով, փորձը ցույց է տալիս, որ հայ ներգաղթյալների զգալի մասը, այդ թվում՝ Մեքսիկայի սահմանով ժամանածները, ժամանակին են դիմում են ապաստան ստանալու համար, հատկապես ներկա պայմաններում առավել զգոն են դարձել.«Հայ միգրանտները, հաշվի առնելով քաղաքական իրավիճակը Հայաստանում և ՌԴ-ում, սովորաբար գիտակցում են կարգավիճակի իրավական պաշտպանության նշանակությունը, և շատ հազվադեպ են հանդիպում դեպքեր, երբ հայ դիմորդները խախտում են օրենքով սահմանված ապաստանի համար դիմելու մեկ տարվա ժամկետը»:
Ըստ նրա, ներկա իրավիճակը չարժե բնորոշել որպես մասսայական արտաքսում.«Արտաքսման «ալիք» կարող է լինել միայն այն պարագայում, երբ ICE-ն որոշում է իրականացնել ակտիվ գործողություններ դատարանի որոշումն արդեն ստացած անձանց նկատմամբ։ Նման գործողություններ պարբերաբար լինում են տարբեր տարածաշրջաններում՝ առանց որևէ ազգության առանձնահատուկ թիրախավորման»։
Կարեյանը բացատրեց, որ այն անձինք, ովքեր ժամանակին դիմել են և սպասում են իրենց հարցազրույցին կամ դատական նիստին՝ չեն համարվում արտաքսման ենթակա:


