Հայաստանը 20 տարի դեֆեկտավոր անկախության մեջ է եղել, հիմա թոթափում է այդ բեռը և ձևավորում նոր իմիջ. այսօր ՀՀ անկախության 35-րդ տարեդարձն է Zarkerak - Հայաստանը 20 տարի դեֆեկտավոր անկախության մեջ է եղել, հիմա թոթափում է այդ բեռը և ձևավորում նոր իմիջ. այսօր ՀՀ անկախության 35-րդ տարեդարձն է
Zarkerak Zarkerak - Հայաստանը 20 տարի դեֆեկտավոր անկախության մեջ է եղել, հիմա թոթափում է այդ բեռը և ձևավորում նոր իմիջ. այսօր ՀՀ անկախության 35-րդ տարեդարձն է
Հայաստանը 20 տարի դեֆեկտավոր անկախության մեջ է եղել, հիմա թոթափում է այդ բեռը և ձևավորում նոր իմիջ. այսօր ՀՀ անկախության 35-րդ տարեդարձն է

Հայաստանը 20 տարի դեֆեկտավոր անկախության մեջ է եղել, հիմա թոթափում է այդ բեռը և ձևավորում նոր իմիջ. այսօր ՀՀ անկախության 35-րդ տարեդարձն է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ժամանակակից աշխարհում բացարձակ անկախության մասին խոսելը տեղին չէ: Պետությունների անկախությունը գնահատվում է նախ և առաջ  քաղաքական որոշումներ կայացնելու ունակությամբ, որոշումներ, որոնք բխում են ժողովրդի շահերից: Շատ կարևոր են մի քանի բաղադրիչներ՝ ԶՈւ-ի մարտունակությունը, ժողովրդագրությունը, արդարադատության, տնտեսության վիճակը և այլն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը:

Սեպտեմբերի 21-ին ՀՀ-ն նշում է Անկախության 35-րդ տարեդարձը:

Խալաթյանի խոսքով՝ Հայաստանն անում է շատ կարևոր քայլեր սեփական ինքնիշխանության մակարդակն ամրապնդելու համար, որոնք առանց ցավալի հակազդեցությունների տեղի չեն ունենում. «Ճանապարհը մացառոտ է և միշտ չէ, որ հնարավոր է լինում մեր ցանկացած տեմպով ավելացնել այդ ինքնիշխանության մակարդակը, բայց բոլոր դեպքերում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հայեցակարգը հասկանալի և ընկալելի է քաղաքացիների մեծամասնության համար, այսինքն՝ սա մի քաղաքականություն է, որտեղ չպետք է լինեն  հավերժ թշնամիներ  և հավերժ բարեկամներ, պետք է շահակենտրոն մոտեցում որդեգրի ցանկացած պետություն, այդ թվում՝ ՀՀ-ն և սեփական շահը պետք է լինի բարձր կետը և որևէ եղբայրական, հավերժական բնորոշվող հարաբերությունների կոնցեպտն այլևս չպետք է լինի մեր արտաքին քաղաքականությունում»:

Ըստ Խալաթյանի՝ Հայաստանն ավելի քան 20 տարի դեֆեկտավոր անկախության մեջ է եղել. «Հիմա ՀՀ-ն դժվարությամբ փորձում է թոթափել այդ բեռը և ձևավորել Հայաստանի նոր իմիջ և՛ տարածաշրջանում, և՛ աշխարհում և քաղաքացիներին փոխանցել անկախության նոր կոնցեպտի գաղափարական հիմքերը: Դա Չորրորդ Հանրապետության հայեցակարգն է, հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունն է, պետականակենտրոնության ատրիբուտների վերաբերյալ քարոզչական որոշակի գործունեությունն է, օրինակ՝ հարկեր վճարել, բանակում ծառայել և այլն»:

Արտաշես Խալաթյանը նշեց, որ հաշվետվողականության գաղափարն արդեն իսկ հնամաշ է և ՀՀ-ն դա ցույց է տվել. «Ժամանակին մենք ուղիղ հաշվետու ենք եղել Ռուսաստանին, դա ակնհայտ է եղել, այսօր Հայաստանում մի իրավիճակ է, որ բոլոր պարագաներում ՀՀ-ն իր քաղաքական որոշումները կատարում է ինքնուրույն, որքանով են այդ որոշումների վրա ազդում ներքին և արտաքին որոշակի հանգամանքներ, տարածաշրջանային և համաշխարհային իրողություններ՝ դա նորմալ է: Ռուսաստանը հետխորհրդային տարածքին միշտ նայել է որպես իր հետնաբակ: Ջղաձգումները գալիս են նրանից, որ տասնամյակների, նույնիսկ հարյուրամյակների իներցիա կա, որ Հայաստանը ընդամենը էթնիկ հայերով կոմպակտ բնակեցված տարածք է՝ առանց իրական ինքնիշխանության, այսօր ՌԴ-ն ստիպված է առերեսվել նոր իրողությունների, որոնց փորձում է դիմադրել, բայց նոր աշխարհաքաղաքական իրողությունները խիստ սահմանափակել են ՌԴ-ի հակազդման հնարավորությունները»:

Հարցին, թե որքանով է հիմա ՀՀ-ն գնում անկախության ամրապնդման ճանապարհով՝ Խալաթյանն ասաց. «Ոչ միայն գնում ենք անկախության ամրապնդման ճանապարհով, այլև աշխարհաքաղաքական իրավիճակը մեզ ուղղակի այլընտանք չի թողնում: Հայաստանի դերն ու նշանակությունը  և՛ փոխակերպվել է, և՛ մեծացել է համաշխարհային խաղացողների համար, ներքին ու արտաքին բարենպաստ իրավիճակ է ստեղծվել իրական անկախության հիմքերը գցելու համար»:

 

Աննա Բզնունի

21 Սեպտեմբեր, 2026 10:30
Վեր