Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ջոն վան’տ Սխիպը շատ քիչ ժամանակ ունեցավ հավաքականում, ճիշտ է փորձառու մարզիչ է, բայց ամեն դեպքում շատ դժվար է այդ կարճ ժամանակում գնահատել մարզչի աշխատանքը: Լավ կլիներ հենց սկզբից էլ հայ մարզչի վստահվեր հավաքականի ղեկը, այդ դեպքում արդեն ժամանակն էլ ավելի շատ կլիներ: Ես միշտ ասել եմ, որ մեր ցանկացած հավաքական պետք է հայ մասնագետ գլխավորի»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Նոա»-ի նախկին մարզական տնօրեն Արթուր Ոսկանյանը:
Նշենք, որ ՀՖՖ-ն քիչ առաջ հայտարարեց, որ փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել է համագործակցությունը Ջոն վան’տ Սխիպի հետ, իսկ նրա փոխարեն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Եղիշե Մելիքյանը:

Ջոն վան’տ Սխիպ
Ոսկանյանի խոսքով՝ Եղիշե Մելիքյանի ընտրությունն անսպասելի էր, բայց՝ ճիշտ. «Եղիշե Մելիքյանը երկար տարիներ հավաքականում խաղացել է, գիտի այնտեղ տիրող մթնոլորտը, երկար տարիներ արդեն աշխատել է «Փյունիկ»-ում, ճիշտ է մեծ մասամբ լեգեոներների հետ է աշխատել, բայց ամեն դեպքում նա գիտի հայ ֆուտբոլիստների մենթալիտետը, նրա հետ աշխատանքը միանշանակ ավելի հեշտ կլինի, քան արտասահմանցի մարզչի հետ: Մելիքյանը միշտ ճկուն տակտիկա է ունեցել, նրա թիմը ճկուն ագրեսիվ ֆուտբոլ է խաղացել, իմ կարծիքով նույնը հավաքականի շատ խաղերում կարող է օգտագործել»:
Արթուր Ոսկանյանն ընդգծեց, որ մարզիչն անպայման պետք է կենտրոնացած լինի միայն հավաքականի վրա. «Մարզչի և՛ հաջողությունը, և՛ անհաջողությունը կարող է տևել շատ կարճ: Հաջողության հասնելու համար պետք է հավաքականի մարզչական կազմը ճիշտ ընտրվի, դրա մեջ է մտնում՝ բժշկական, վերականգնողական, ֆիզիկական մասը, սրանք մանրուքներ չեն, սրանցից ամեն մեկը շատ կարևոր է: Ազգային հավաքականի հաջողությունը նաև այն կլինի, որ հավաքականի ֆուտբոլիստներն իրենց ակումբներում շատ խաղաժամանակ ստանան: Եթե ուզում ենք երկարատև հաջողություններ ունենալ, պետք է բոլոր մանրուքներին ուշադրություն դարձնել, իսկ դրա համար ժամանակ է պետք»:

Եղիշե Մելիքյան
Ըստ Ոսկանյանի՝ հայ մարզիչն ավելի նվիրված է և սրտացավ. «Մարզիչը պետք է ապրի ֆուտբոլիստի ամեն մի վնասվածքով, ամեն մի սխալով, ամեն մի հաջողությամբ, իսկ օտարերկրյա մարզիչը չի կարող այդպիսին լինել: Նրանց դեպքում պատասխանատվությունն ավելի քիչ է, քան հայ մասնագետի դեպքում: Հայ մասնագետը հասկանում է, որ սա իր ազգն է, նա ավելի լավ է կարողանում տրամադրել ֆուտբոլիստներին խաղերից առաջ»:
Խոսելով առաջիկայում սպասվող Պորտուգալիայի դեմ հանդիպման մասին՝ Ոսկանյանը նշեց. «Պորտուգալիան այսօր աշխարհի ամենաուժեղ հավաքականներից մեկն է ու մեզ շատ դժվար փորձություն է սպասվում, նման խաղում ամենակարևորը թիմային խաղն է լինելու, իսկ դրա համար կարճ ժամանակում պետք է կարողանալ ստեղծել թիմային ոգի, նվիրվածություն ու իմ կարծիքով հայ մասնագետից լավ այդ ամենը ոչ մեկ չի կարող անել»:
Ոսկանյանն ընդգծեց, որ հաղթանակների կարելի է սպասել հենց Մելիքյանի գլխավորությամբ. «Երկրպագուները բոլորն էլ ցանկանում էին հավաքականի ղեկին տեսնել Եղիշե Մելիքյանին, պետք է հաղթանակներ պահանջել հավաքականից և սպասել դրանց»:


