Սեպտեմբերյան ագրեսիան, անվտանգության դատարկ խոստումները և կորսված վստահությունը Zarkerak - Սեպտեմբերյան ագրեսիան, անվտանգության դատարկ խոստումները և կորսված վստահությունը
Zarkerak Zarkerak - Սեպտեմբերյան ագրեսիան, անվտանգության դատարկ խոստումները և կորսված վստահությունը
Սեպտեմբերյան ագրեսիան, անվտանգության դատարկ խոստումները և կորսված վստահությունը

Սեպտեմբերյան ագրեսիան, անվտանգության դատարկ խոստումները և կորսված վստահությունը

2022 թ. սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ հարձակմամբ սկսեց ռազմական գործողություններ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ։ Այդ ագրեսիան, որը շեշտակիորեն տարբերվում էր նախկին սահմանային միջադեպերից իր ընդգրկմամբ ու նպատակով, առանձնացավ հրթիռակոծություններով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի ուղղություններով՝ հանգեցնելով մի քանի տասնյակ զոհերի և տարածքային ներխուժման։ 
Սակայն ավելի սարսափելի ու անընդունելի էր ոչ միայն ադրբեջանական կողմի գործողությունը, այլ հատկապես Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանի ռազմավարական դաշնակցի դավաճանական լռությունն ու անգործությունը։ ՌԴ-ի դիրքորոշումն այս իրադարձությունների ընթացքում կրկին ի ցույց դրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, ՀԱՊԿ անդամ և ռազմաքաղաքական դաշնակից լինելու նրա վերացական և կեղծ բնույթը։ 

Ադրբեջանի հարձակման թիրախը հայկական բանակի դիրքերն էին, սակայն առկա են բազմաթիվ փաստեր, որ հարվածները ուղղված էին նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Բոլոր միջազգային չափանիշներով սա ոչ թե «սահմանային բախում» էր, ինչպես այն փորձում էին ներկայացնել մի շարք պետություններ ու լրատվամիջոցներ, այլ՝ ցամաքային ներխուժում սուվերեն պետության տարածք։ 

Ադրբեջանը օգտագործեց ծանր հրետանի, դիպուկահարներ, ինչպես նաև ԱԹՍ-ներ։
Հայաստանը ՀԱՊԿ անդամ է՝ 2002 թվականից։ Դաշինքի հիմնարար սկզբունքը հստակ է՝ անդամ պետության վրա հարձակման դեպքում մյուս անդամները պարտավոր են արձագանքել։ Սակայն, ինչպես ցույց տվեց այս դեպքը ևս, ՀԱՊԿ-ը գոյություն ունի միայն ՌԴ ազդեցությունն ուժեղացնելու համար, ոչ թե անդամ պետությունների անվտանգությունն ապահովելու։ 

2022-ի սեպտեմբերյան ներխուժմանը ՀԱՊԿ-ի արձագանքը վերածվեց ֆարսի՝ 
• Ոչ մի ռազմական կամ զսպող միջամտություն չարվեց։ 
• ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը ժամանեց ուշացած և զուտ ձևական նպատակով։ 
• ՌԴ պաշտոնական հայտարարությունները թեև նշում էին «սրացում», սակայն խուսափում էին Ադրբեջանին հասցեագրված դատապարտումից։ 

Սա ոչ միայն քաղաքականապես անվստահելի պահվածք էր, այլ նաև Ռուսաստանի՝ տարածաշրջանում անկեղծ խաղաղարար դերակատար լինելու մասին պնդումների լիակատար սնանկացում։

Ռուսաստանի անգործությունը տվեց մի կարևոր դաս՝ Հայաստանը չպետք է իր անվտանգությունը կապի որևէ մեկ երկրի կամ դաշինքի հետ, հատկապես այնպիսիի, որի շահերը համընկնում են հակառակորդի շահերին։ 

ՌԴ-ն, լինելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ռազմավարական գործակցության մեջ (գազի, տրանսպորտի, սպառազինության առումով), չի կարող և չի ցանկանում հակազդել նրանց ագրեսիային, եթե նույնիսկ հարցը վերաբերում է իր դաշնակցին։ 

Այս իրադարձությունները խորը ազդեցություն ունեցան Հայաստանի հասարակության աշխարհաքաղաքական գիտակցության վրա։ Աճեց ԵՄ և ԱՄՆ-ի հանդեպ վստահությունը, և դրանից հետո Հայաստանն առավելագույնս սկսեց դիվերսիֆիկացնել իր արտաքին հարաբերությունները՝ դիմելով ԵՄ քաղաքացիական առաքելությանը, միջազգային դատարաններին և ՄԱԿ-ին։

2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիան հերթական անգամ ցույց տվեց, որ ՝ Ռուսաստանն այլևս չի կարող համարվել Հայաստանի անվտանգության երաշխավորը։ 
Ռուսաստանի ռազմավարությունն ուղղված է Հայաստանի վերահսկմանը, այն շահագրգռված է ոչ թե Հայաստանի ուժեղ, ինքնիշխան ապագայով, այլ թույլ, կախյալ ռեժիմով։ 

2022 թվականի սեպտեմբերի ագրեսիան ճգնաժամային ազդակ էր, որը ցնցեց ողջ հայ հասարակությանը։ Սակայն այդ ցավոտ փորձությունն առավել սուր կերպով ցուցադրեց՝ ով է մեր իրական թշնամին և ով՝ կեղծ դաշնակիցը։ 

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

14 Սեպտեմբեր, 2025 12:55
Վեր