Կարմիր քարտ, ավագի հեռացում, կորցրած միավորներ. Արթուր Ոսկանյանը՝ հավաքականի պարտությունների մասին Zarkerak - Կարմիր քարտ, ավագի հեռացում, կորցրած միավորներ. Արթուր Ոսկանյանը՝ հավաքականի պարտությունների մասին
Zarkerak Zarkerak - Կարմիր քարտ, ավագի հեռացում, կորցրած միավորներ. Արթուր Ոսկանյանը՝ հավաքականի պարտությունների մասին
Կարմիր քարտ, ավագի հեռացում, կորցրած միավորներ. Արթուր Ոսկանյանը՝ հավաքականի պարտությունների մասին

Կարմիր քարտ, ավագի հեռացում, կորցրած միավորներ. Արթուր Ոսկանյանը՝ հավաքականի պարտությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այս երկու խաղը հնարավորություն էր մեզ համար, մենք կարող ենք ասել, որ և՛ Հունգարիային, և՛ Իռլանդիային կարող էինք հաղթել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Նոա»-ի նախկին մարզական տնօրեն Արթուր Ոսկանյանը:

Հայաստանի ազգային հավաքականը Մունդիալ 2026-ի որակավորման փուլի F խմբում 3-րդ և 4-րդ տուրերում պարտվեց Հունգարիայի (2:0) և Իռլանդիայի (1:0) հավաքականներին: Հայաստանի հավաքականը 3 միավորով եզրափակում է F խմբի մրցաշարային աղյուսակը:

Ոսկանյանն ընդգծեց, որ Հունգարիայի դեմ խաղում չնայած տղաները մինչև վերջին վայրկյանը պայքարեցին, բայց ինչ-որ բան պակասեց. «Մեզ պետք էր ավելի շատ գնդակ պահել, առաջին խաղակեսում շատ ուժ կորցրինք պաշտպանությունում, դրա համար երկրորդ խաղակեսում ինչ-որ պահի ուժերը չհերիքեց: Միայն գոլից հետո սկսեցինք վստահ խաղալ գնդակով ու անգամ պահեր ունեինք, պետք էր հենց առաջին խաղակեսին այդպես խաղալ ու Հունգարիային կհաղթեինք: Ամեն դեպքում թիմում կար կարգապահություն, պահերը չօգտագործելու խնդիր էլ ունեինք՝ նման մակարդակի խաղերում անգամ եթե երկու-երեք հնարավորություն ես ունենում, գոնե մեկը պետք է օգտագործես»:

Խոսելով Իռլանդիայի դեմ կրած պարտության և հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանի կարմիր քարտ ստանալու մասին՝ Ոսկանյանն ասաց. «Տիգրան Բարսեղյանը փորձառու ֆուտբոլիստ է ու շատ կարևոր է, որ նման խաղերում թիմի ավագը կարողանա հանգստություն պահպանել, նա պետք է խաղը հանգստացնողը լինի: Բարսեղյանը պետք է հասկանար, որ նման խաղում իր դերը շատ մեծ էր: Հակառակորդն էլ ուսումնասիրում է, գիտի՝ մենք ինչ բնավորություն ունենք, նրանք դա օգտագործում են, պետք է ավելի տրամադրվել խաղին: Շատ հեշտ է ամեն պարտությունից հետո մեղավորներ գտնել, բայց պետք է ճիշտ վերլուծել ու շարժվել ըստ ծրագրի ու հասնել նպատակին»:

Ոսկանյանի կարծիքով՝ կարմիր քարտ ստանալուց հետո մեր տղաները հոգեբանորեն չկոտրվեցին. «Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Այնպես չէ, որ 10 ֆուտբոլիստով մնալուց հետո շատ էր երևում տարբերությունը, մեր տղաները նորից խաղում էին, պարզապես անկյունայինից հետո սխալ եղավ, կորցրինք ուշադրությունն ու արդյունքում գոլ գրանցվեց: Դրանից հետո էլի մենք կարող էինք պահեր ստեղծել, որովհետև իմ կարծիքով այսօր մենք Իռլանդիայի հավաքականից ավելի ուժեղ ենք: Ամենակարևորն այն էր, որ տղաները պայքարում էին, պարզապես այս խաղում մենք շատ քիչ գոլային պահեր ունեցանք: Պետք է ավելի հարձակողական ֆուտբոլ խաղալ, երկար պաշտպանվելու դեպքում և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես հոգնում ես, մեծ աշխատանք կա անելու, և՛ գոլային պահերի, և՛ դիրքային գրոհների առումով դեռ շատ բացեր կան»:

Ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին կհյուրընկալի Հունգարիայի ընտրանուն: Ըստ Արթուր Ոսկանյանի՝ ամենակարևորն այն է, որ ինչ սխալներ թույլ ենք տվել, դրանց վրա աշխատենք և ուղղենք առաջիկա խաղերում. «Եթե դրական արդյունք ունենանք Հունգարիայի դեմ խաղում, կարող ենք Պորտուգալիայի դեմ էլ պայքարել: Դժվար է խոսել շանսերի մասին, բայց ամեն դեպքում պետք է մտածենք միավորներ հավաքելու մասին: Եթե ուզում ենք արդյունքի հասնել, պետք է շատ գրոհներ ունենանք»:

 

Աննա Բզնունի

 

15 Հոկտեմբեր, 2025 15:14
Վեր