Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ծափաթաղ գյուղում անհետ կորած և հոր կողմից սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քույրն ու երեք եղբայրները երեկ երեկոյան ժամանակավորապես տեղափոխվել են ՀՕՖ: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից հայտնեցին, որ երեխաներն այնտեղ կմնան ժամանակավոր, դեռ մոր հետ պետք է աշխատանք տարվի, հասկանալու՝ արդյոք երեխաները կարող են վերադառնալ ընտանիք:
Մորը ծնողական իրավունքներից զրկելու հարցը դեռ չի շոշափվել, հատկապես, որ իրավական գործընթացներ են գնում:
Մինչ կորոշվի երեխաների հետագա ճակատագիրը, Zarkerak.am-ը թեմայի շրջանակում զրուցել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանի հետ:
Հանրության որոշակի շրջանակում կա ընկալում, որ Տիգրանի մայրիկին ևս պետք է զրկել ծնողական իրավունքներից և երեխաներին պահել պետական հոգածության ներքո, մասնագետը բացատրեց՝ ծնողական իրավունքներից զրկելը պետք է լինի հիմնավոր և օրենքով նախատեսված դեպքերով, նման հիմքերից է դաժան վերաբերմունքը երեխայի նկատմամբ. «Ծնողական իրավունքներից զրկելն իրականացվում է անհատապես՝ կոնկրետ ծնողին կոնկրետ երեխայի առնչությամբ, որպեսզի նման գործընթաց իրականացվի և դատարանը որոշում կայացնի, պետք է ունենանք փաստեր դաժան վերաբերմունքի մասին: Փաստացի, մի ծնողը եղել է բռնություն գործադրող, պետք է ուսումնասիրվի նաև մոր վերաբերմունքը երեխաների նկատմամբ, եթե նա էլ է կատարել որոշակի գործողություններ, որոնց հիմքով պետք է զրկել ծնողական իրավունքից, դա կլինի լրիվ իրավաչափ»:

Ինչ վերաբերում է Տիգրանին սպանելու համար կալանավորված հորը, ապա Թումասյանը նշեց. «Եթե անգամ ծնողը դատապարտվել է, բայց իր երեխայի նկատմամբ կատարել է հիմք հանդիսացող ինչ-որ մի արարք, պետք է զրկել ծնողական իրավունքից, որ երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվի օրենքով սահմանված կարգով: Նաև դա հնարավորություն է, որ հետագայում երեխան պարտավորություններ չունենա ծնողի նկատմամբ»:
Անդրադառնալով կարծիքներին, որ հնարավոր է Տիգրանի մայրիկն ունի հոգեկան առողջությանը վերաբերող խնդիրներ, նա նշեց, որ անհատապես պետք է դիտարկվի՝ դա ազդու՞մ է երեխաների դաստիարակության իրականացման վրա, թե՞ ոչ՝ կախված է ախտորոշումից, տարբեր գործոններց. «Միջազգային պրակտիկայում էլ, հոգեբուժության մեջ էլ շատ դեպքեր են հայտնի, երբ անձն ունի հոգեկան առողջության խնդիր, բայց դրա առկայությունը խոչընդոտ չէ երեխաների խնամքով զբաղվելու համար»:
Իսկ սոցիալական վատ պայմաններից ելնելով երեխաներին ընտանիքից առանձացնելու մասով՝ փորձագետն ասաց, որ եթե խնդիրը միայն պայմաններն են, ապա ծնողական իրավունքներից զրկման հիմք չեն. «Միջազգային օրենսդրությունն արգելում է, որ երեխաները բաժանվեն իրենց ծնողներից նյութական խնդիրների պատճառով: Պետության խնդիրը ոչ թե երեխաներին ծնողներից զրկելն է, այլ աջակցել ծնողներին երեխաների դաստիարակությունն իրականացնելու համար»:
Թումասյանի խոսքով, եթե որոշում կայացվի և ընտանիքի երեխաները հետ վերադառնան և մնան մոր խնամքի տակ, պետությունը չպետք է ձեռքերը լվանա. «Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարբերաբար տունայցեր իրականացնի, երեխաներին տրամադրի աջակցություն, անհրաժեշտության դեպքում ընտանիքը պետք է ստանա կարիքներից բխող սոցիալական աջակցության փաթեթ: Միասնական սոցիալական ծառայությունը ևս պետք է որոշակի պարբերականությամբ իրականացի տնայցեր»:
Բայց անկախ ցանկացած որոշումից, Տիգրանի 5-ամյա եղբայրը, ում աչքի առաջ է եղել սպանությունը, ունի պաշտպանության կարիք. «Այդ երեխան պետք է գտնվի լրիվ կամ մասնակի պետական հոգածության ներքո»:
Մեկնաբանելով քննադատությունները, որ այս ողբերգությունը չէր պատահի, եթե պետությունը տիրապետեր իրավիճակին՝ Թումասյանն ընդգծեց. «Մեղավորը մեկ ուղղությամբ չէ, երբ ասում են մեղավոր է պետությունը, նշանակում է լղոզել պատասխանատվությունը: Տվյալ դեպքում պետք է գտնել պաշտոնատար անձին կամ պատասխանատու անձին, որի անգործության հետևանքով է նման դեպք տեղի ունեցել, եթե նման անձ առկա չէ, նշանակում է մեղադրել պետական որևէ հիմնարկին կամ կառույցին անգործության մեջ՝ իրավասու չենք»:
Դավիթ Թումասյանի կարծիքով մեղավոր են նաև այս ընտանիքին հետ կապ ունեցողները, մասնավորապես հարևանները, որոնք նկատելով ընտանիքում պրոբլեմ կա՝ չեն բարձրաձայնել դրա մասին. «Երբ որոնողական աշխատանքներն էին, բոլորը դրական էին խոսում ընտանիքի մասին, երբ բացահայտվեց, թե ինչ է տեղի ունեցել, սկսեցին միանշանակ մեղսագրել, որ հայրը բռնարար է, վատ էր վերաբերվում երեխաներին: Ունենալով որոշակի տեղեկություններ՝ փոխանակ դրանք նպատակային օգտագործեին, անգամ վերջին պահին կոծկում էին, իսկ եթե տեղեկատվությունը թաքցվում է, տրամաբանական է, որ պատկան մարմինները հնարավոր է չկարողանան տեղեկանալ, լիարժեք տիրապետել իրավիճակին և քայլեր անել: Մինչև որևիցե մեկին մեղադրելը թող նույն հարևանները իրենք իրենց հարցնեն, իսկ ի՞նչ եմ ես արել Տիգրանին փրկելու համար»:
_1762260610.jpg)


