Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արևիկ գրատանը» ներկա է եղել չինարենից հայերեն թարգմանությունների շնորհանդեսին:
Նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և նշել, որ ԿԳՄՍ նախարարության և ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև դասական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով նախատեսված աշխատանքները շարունակվում են:

«Ըստ հուշագրի՝ յուրաքանչյուր կողմ իր երկրում պետք է թարգմանաբար հրատարակի և տարածի մյուս երկրի դասական գրականությունը: Այս գրքերի միջոցով կողմերը ծանոթանում են միմյանց՝ աշխարհի ամենահին, հարուստ քաղաքակրթությունների՝ Հայաստանի և Չինաստանի պատմությանը, արվեստին, կրթությանը, գրականությանն ու փիլիսոփայությանը: Փոխադարձ թարգմանությունները նպաստում են նաև ճանաչողության զարգացմանը, տվյալ երկրում ճամփորդելու ու նորանոր բացահայտումներ անելու հնարավորությանը»,- նշել է Դանիել Դանիելյանը:
Նախարարի տեղակալը կարևորել է այն փաստը, որ թարգմանական գործի շարունակականության ապահովման մեջ մեծ է երիտասարդների մասնակցությունը, որը կարևոր է ծրագրի հետագա զարգացման համար:
«Արևիկ» հրատարակչությունը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ լույս է ընծայել Ա Չընի «Ծառերի արքան», Ցաո Յուի «Ամպրոպ», Յու Հուայի «Ապրել», Սյա Հոնի «Հուլան գետի պատմությունները», Շը Թիեշընի «Ես և երկրի տաճարը» գրքերը:

Ծրագրի շրջանակում վերջին մեկ տարում հայերենից չինարեն են թարգմանվել և հրատարակվել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ», Գրիգոր Զոհրապի «Պատմվածքներ» երկերը։ Սա լայն հնարավորություն է ընձեռում չինացի ընթերցողներին հայ դասական գրականությանը, հայ ընթերցողին՝ չինական գրականությանը փոխադարձաբար ծանոթանալու:
Նախագիծը չի սահմանափակվում վերոնշյալ գործերով: 2026 թվականին և դրան հաջորդող տարիներին, պայմանավորվածության համաձայն, չինարեն լույս կտեսնեն Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, «Սասնա ծռեր» էպոսը, հայ ժողովրդական հեքիաթների ժողովածուն, Ակսել Բակունցի, Ստեփան Զորյանի, Աղասի Այվազյանի պատմվածքները, Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև», Շիրվանզադեի «Քաոս», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» երկերը, հայ ժամանակակից արձակի և պոեզիայի անթոլոգիաներ:


