Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ծանոթ չեմ այդ քննադատություններին և չեմ ուզում ծանոթանալ։ Այս մասին Zarkerak.am-ին ասաց ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը՝ անդրադառնալով «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակին, որը տեղադրվել է Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում։ Նշենք, որ սոցհարթակներում շատ քննադատվեց Թոքմաջյանի ստեղծած այս քանդակը։
Թոքմաջյանը նշեց, որ ամեն գործ անելուց առաջ պատրվակ են գտնում իրեն քննադատել.«Դա իմ դեմ ուղղված թշնամանք է, միայն թշնամություն է ու իմ դեմ է, Պարույրի դեմ չէ»,–ասաց նա։
Քանդակագործը ավելացրեց, որ այս տարիքում մոնումենտալ աշխատանք է ստեղծել և նվիրատվություն է արել.«Բացման ժամանակ երեխաները, ուսումնական կազմը, Սևակի թոռը ինչ ոգևորությամբ, ծափերով արձագանքեցին։ Սևակը լուսանկարչություն չէ, այլ պայքարող մարդու կերպար է, նա միշտ ընդդիմություն է եղել»,–ասաց նա։
Լևոն Թոքմաջյանը մեջբերեց Սևակի խոսքերից․«Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը»:
Նա նշեց, որ այդ քննադատողները չեն զգում իրենց մարմնի ծանրությունը։
«Մարտիրոս Սարյանի սպիտակ մարմարից արձանը քաղաքի լավագույն արձաններից է, բայց էլի եղան մարդիկ, որ քննադատեցին, թե ինչոո է ոտաբոբիկ, բայց նա հողի, կյանքի մարդ էր, դա գաղափարական է»,–ասաց նա։
Քանդակագործը նշեց, որ Սևակի քանդակում ռոմանտիկա է դրել, իսկ իրեն միշտ խարազանել են մարդիկ, քանի որ ինքը ստեղծագործել է, իսկ մյուսները սրճարաններում նստած իրեն վատաբանել։ Նա հնարավոր համարեց, որ դա իր կոլեգաների սարքածներից է։
«Սովորական քանդակ չի, ճիշտ է անսովորություն կա, բայց դա է իրանց կատաղեցնում։ Ես հասկացել եմ, թե ինչ եմ անում, Սևակի ազգականները շնորհակալություն հայտնեցին, ասեցին նոր աստիճանի ես հասցրել Սևակի կերպարը»,–ասաց նա և նշեց, որ գուցե դիտավորյալ այնպիսիկ կետից նկարել քանդակը, որ նման կերպ է ընկալվել, և եթե մարդու գործը ուզում ես փնովել միշտ պատճառ կգտնես, իսկ ինքը համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործ է։
«Քանդակը հաջողված եմ համարում, տարբեր տեսանկյունից պետք է նայել, սա սովորական արձան չի, ես ստեղծել եմ բնավորություն, պայքարի ուժ, դրա համար կոչել եմ «Անլռելի զանգակատուն»։ Ես հանճարեղ գործ եմ ստեղծել, Սարյանի արձանից հետո սա լավագույն գործերից մեկն է»,–հավելեց նա։


