«Կտրելով ստամոքսը». նիհարելու նորաձև դարձած մեթոդին ՀՀ-ում դիմում են հիմնականում 30-60 տարեկան կանայք. մասնագետի դիտարկումները և «ոսկե կանոնը» Zarkerak - «Կտրելով ստամոքսը». նիհարելու նորաձև դարձած մեթոդին ՀՀ-ում դիմում են հիմնականում 30-60 տարեկան կանայք. մասնագետի դիտարկումները և «ոսկե կանոնը»
Zarkerak Zarkerak - «Կտրելով ստամոքսը». նիհարելու նորաձև դարձած մեթոդին ՀՀ-ում դիմում են հիմնականում 30-60 տարեկան կանայք. մասնագետի դիտարկումները և «ոսկե կանոնը»
«Կտրելով ստամոքսը». նիհարելու նորաձև դարձած մեթոդին ՀՀ-ում դիմում են հիմնականում 30-60 տարեկան կանայք. մասնագետի դիտարկումները և «ոսկե կանոնը»

«Կտրելով ստամոքսը». նիհարելու նորաձև դարձած մեթոդին ՀՀ-ում դիմում են հիմնականում 30-60 տարեկան կանայք. մասնագետի դիտարկումները և «ոսկե կանոնը»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ինձ դիմող յուրաքանչուր բուժառուի  նախևառաջ  ասում եմ՝ լավագույն տարբերակն առանց  վիրահատության նիհարելն է, արդյոք համարու՞մ եք, որ քաշ կորցնելու բոլոր հնարավորություները սպառել եք»,- Zarkerak.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հատկապես վերջին տարիներին մեծ տարածում գտած քաշի նվազմանն ուղղված բարիատրիկ վիրահատություններին՝ ասում է Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ Որովայնային վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը:

Մարզասրահ, ֆիզիկական ակտիվություն, սննդակարգ, դիետաներ, տարատեսակ դեղամիջոցներ. նիհարելու մեթոդների այս շարքում գնալով ավելի ակտուալ  է դառնում  վիրահատական մոտեցումը՝ հանրության շրջանում հայտնի «ստամոքսը կտրելը»։

Սուրեն Ստեփանյանը պատմում է վիրահատական սենյակում կատարվողի, նորաձև դարձած այս վիրահատության և «ոսկե կանոնի» մասին:

 

Աճող պահանջարկ՝ աշխարհում և Հայաստանում

«Բարիատրիկ վիրահատությունները վերջին երկու տասնամյակում շատ տարածված են դարձել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում՝ մասնավորապես ստամոքսի բանդաժավորումը,  ստամոքսի երկայնակի մասնահատումը: Բայց հատկապես վերջին տասը տարվա ընթացքում վիրահատությունների  մասին սկսել են ավելի շատ խոսել և դրանց կատարման համար ավելի շատ դիմել: Հիմնականում կատարվում է ստամոքսի երկայնակի մասնահատում (Sleeve Gastrectomy)» ,- նշում է Սուրեն Ստեփանյանը:

Ովքեր են պատրաստ պառկել վիրահատական սեղանին

«Այս վիրահատություններին հատկապես դիմում են 30-60 տարեկան կանայք, կան նաև ավելի երիտասարդներ, տղամարդկանց դիմելիությունը ևս վերջին շրջանում աճել է»,- մանրամասնում է պրոֆեսորը: Բացատրում է, որ դիմողների մեջ մեծ թիվ են կազմում մարդիկ, որոնք ունեն ուղեկցող  հիվանդություններ՝ ողնաշարի, հոդերի, արյան ճնշման  խնդիրներ, շաքարային դիաբետով պայմանավորված  բարդություններ:

Բժիշկը նկատում է, որ նախնական մանրամասն զրույցում իրեն հաջողվում է դիմողների մոտ 20 տոկոսին մտափոխել, որ շարունակեն նիհարել պահպանողական միջոցառումներով, նա վստահ է՝ անգամ առանց վիրահատության բազմաթիվ դեպքերում հնարավոր է մասնագետների հետ համակարգված աշխատանքի արդյունքում քաշ կորցնել: Նախավիրահատական փուլում բժիշկն ինչ-որ չափով վերածվում է հոգեբանի, մասնագետն ընդգծում է, սակայն, իրավիճակը պետք է ճիշտ գնահատել. «Այն դեպքում, երբ մարդն արդեն հոգեբանի, դիետոլոգի, ֆիթնես մարզչի հետ իր ամբողջ աշխատանքը կատարել է և ցանկալի արդյունքի չի հասել, ի վիճակի չէ սպորտով զբաղվել, չի կարողանում դիետա պահել, կարող է  պնդել կատարել վիրահատություն:  Այստեղ  իհարկե չարաշահում չպետք է լինի, բժիշկը պետք  է առաջնորդվի կոնկրետ բժշկական ցուցումներով և պարզապես ցանկության համար այդ վիրահատությունը չանի»:

«Մոտիվացիայի բացակայությունն է, որ  բերում է վիրահատության, երբ մարդն այլևս  ներքին ուժ չի գտնում նիհարելու համար»: 

 

Կիլոգրամները՝ առաջ և հետո 

«Վիրահատությունը բոլոր դեպքերում քաշը պակասեցնում է, բացարձակ ցուցված է  այն մարդկանց, որոնք ունեն շատ մեծ  քաշ, ես վիրահատում եմ մինչև 250 կգ քաշով մարդկանց, որոնք արդեն դժվարությամբ են շարժվում և ակնհայտ է ՝ առանց վիրահատության հարցը լուծել հնարավոր չէ, քանի որ քաշի հետագա ավելացումը կխորացնի ուղեկցող հիվանդությունները և կարող է մարդուն դնել  շատ ծանր վիճակի մեջ», - նշում է  Ստեփանյանը:

Բացատրում է, որ ստամոքսը չի մասնահատվում ըստ դիմողի նախընտրած չափի, հեռացվում է մոտավորապես 70-80 տոկոսը, դա անդառնալի կորուստ է,  այդ հատվածը այլևս չի կարող վերականգնվել.«Վիրահատության առավելությունն այն է, որ պահպանվում է  սննդի ընդունման բնականոն ընթացքը: Այս նպատակով իրականացվող մյուս վիրահատությունների մեծ մասն այդ բնականոն ընթացքը խախտում են»:  

Ի՞նչ արդյունքներ են գրանցվում վիրահատությունից մեկ տարի անց.«Նախ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք բուժառուն հետևում է բժշկի խորհուրդներին, եթե հետևում է, ապա նա կորցնում է իր ավելցուկային քաշի մոտավորապես 60-70 տոկոսը, եթե նրա քաշը պետք է լինի 70 կգ, բայց նա 150 կգ է, ավելցուկային քաշն էլ  80 կգ է՝  կորցնում է 50-60 կգ, առհասարակ 2-3 ամսից արդեն կարելի է նկատել նիհարելու տենդենցը»:

Հնարավոր հետևանքների մասին

«Վիրահատություններից հետո բուժառուները  3-4 օրդ օրը գնում են տուն, իսկ կյանքի նախկին ռեժիմին  կարող են վերադառնալ  2 շաբաթվա ընթացքում, արդեն երկու ամիս անց խրախուսվում է նաև զբաղվել սպորտով»,- ասում է բժիշկը:  Բայց զգուշացնում է, որ վիրահատություններից հետո շատ փոքր դեպքերում կարող է վաղ շրջանում լինել արնահոսություն կարի գծից,  վիրահատված ստամոքսի բորբոքում:

Ըստ Ստեփանյանի, արդեն նիհարելու պրոցեսի ընթացքում ստամոքսը կարող է վեր սահել՝ առաջացնելով ճողվածք, ինչն էլ կարող է բերել  կերակրափողի բորբոքման.«Սա հիմա ամբողջ աշխարհում անհանգստացնող և դեռևս չլուծված խնդիր է»:

Ինչ վերաբերում է մաշկը կախվելու ռիսկերին, նա ընդգծեց, որ երիտասարդ բուժառուների մոտ օրգանիզմի հնարավորությունները թույլ են տալիս մաշկին ձգվել  առանց պլաստիկ վիրահատության անհրաժեշտության, բայց միշտ չէ, որ հնարավոր է խուսափել պլաստիկ վիրահատությունից:

Նա  ընդգծում է, որ ստամոսքը կարող է ժամանակի ընթացքում որոշ չափով լայնանալ, բայց նախկին ծավալին երբեք չի  հասնի:

 

Ինչպես վնասել սպասվելիք արդյունքին 

Մեր զրուցակիցը  հորդորում է  այս վիրահատությունից հետո հիշել՝ կենսակերպը փոխելն անխուսափելի է, դիետոլոգի հետ կապի  մեջ լինելը՝ խիստ ցանկալի, ոչ առողջ ապրելակերպի պատճառով խնդիրներն անխուսափելի են.«Մարդը կարող է, չհետևելով բժշկի խորհուրդներին, օգտագործել մեծ քանակությամբ շաքարով  և այլուրով, յուղով  պատրաստված ուտելիք, դա կարող է ինչպես խանգարել մարսողությունը, այնպես էլ քաշն ավելացնել, նույնիսկ՝ հասցնել այն մակարդակին, ինչն ինքն ունեցել է  մինչև վիրահատությանը և նույնիսկ  էլ ավելի: Վիրահատվածը պետք է անցնի առողջ սննդակարգի,  այլապես չի բացառվում, որ նորից ստիպված է լինելու դիմել բժշկին» :

«Ոսկե կանոնը»

«Բոլորին խորհուրդ ենք տալիս օրգանիզմը սովի չմատնել  այն  հույսով, որ արագ կնիհարեն, դա ծայրահեղություն է, նաև պետք չէ ընկնել մյուս ծայրահեղության մեջ՝  օգտագործելով կալորիական և ոչ առողջ սնունդ: Այս երկու ծայրահեղությունները վնասում են, դրանցից խուսափելով վիրահատության արդյունքը երաշխավորված է»,- եզրափակում է պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը: 

 

Մարիամ Մկրտչյան 

 

11 Դեկտեմբեր, 2025 15:48
Վեր