Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 6-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Պառավաքար բնակավայրի 22-ամյա մի բնակիչ իր հորաքրոջը պատկանող չբնակեցված առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով երիտասարդը Իջևան քաղաքի Մելիքբեկյան փողոցում ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։

Հետագա օպերատիվ միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ երիտասարդի 50-ամյա հորեղբայրը առանձնատան նկուղից վերցրել է ապօրինի պահվող զենք-զինամթերքը և տեղափոխել այլ վայր։ Քրեական ոստիկանները Պառավաքար բնակավայրում հայտնաբերել և ձերբակալել են նաև հորեղբորը։
Վերջինս հայտնել է, որ առանձնատան նկուղից վերցրել է ապօրինի պահվող զենք-զինամթերքն ու թաքցրել Պառավաքարի վարչական տարածքում գտնվող խաղողի այգիների հարակից առվակում։
Նշված վայրում հայտնաբերվել են ինքնաձիգ՝ փամփուշտներով լիցքավորված պահեստատուփով, որսորդական հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և սվին-դանակներ։
Երկու տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։

