Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված «Հայաստանը՝ տարածաշրջանային կապակցվածության և գլոբալ հաղորդակցությունների հանգույց» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
Իր խոսքում Դավիթ Կարապետյանն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատման արդյունքում ձևավորված նոր իրողություններին և տնտեսական հնարավորություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման, հաղորդակցությունների ապաշրջափակման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման տեսանկյունից։
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծին, ինչպես նաև Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, միջազգային շուկաներին հասանելիության ընդլայնմանը և տարածաշրջանային ու միջազգային տնտեսական գործընթացներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, PMCG ընկերության ավագ խորհրդական Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ-ում գործող Քուինսիի պատասխանատու պետական կառավարման ինստիտուտի Եվրասիայի ծրագրի հետազոտող Արտին Տեր-Սիմոնյանը։
Պանելային քննարկումից հետո ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սփյուռքի գործերի հանձնակատարների հետ։
Հանդիպման ընթացքում Դավիթ Կարապետյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանում ձևավորված նոր իրողություններին և դրանց արդյունքում ստեղծված տնտեսական հնարավորություններին։ Ներկայացվել են նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ընդլայնված մանդատից բխող հիմնական խնդիրներն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները։


