Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդում է ստացել այն մասին, որ իրացման ցանցում՝ հատկապես «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող, առանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի, հայերեն մակնշում չունեցող և պիտանիության ժամկետը փոխած «Կինդեր» տեսակի քաղցրավենիք։
Տեսչական մարմինը լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել Երևանի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում, ուշադրություն է դարձվել նշված արտադրատեսակի մակնշմանը, պիտանիության ժամկետներին, պահման պայմաններին, խմբաքանակների նույնականացմանը և իրացման պահանջների պահպանմանը։

Հայտնաբերվել են նշված քաղցրավենիքի թե՛ կեղծված ժամկետով, թե՛ առանց հայերեն մակնշման խմբաքանակներ, որոնց իրացումը արգելվել է:
«Հարգելի՛ տնտեսավարողներ, հորդորում ենք մատակարարներից ապրանքը ստանալիս ուշադրություն դարձնել պիտանիության ժամկետներին և հավաստիանալ, որ դրանք կեղծված չեն, ինչպես նաև պահանջել ուղեկցող փաստաթղթերը, պարտադիր համարել հայերեն մակնշման առկայությունը:

Հարգելի՛ սպառողներ, խնդրում ենք զգոն լինել և փոփոխված ժամկետով կամ առանց հայերեն մակնշման «Կինդեր» քաղցրավենիք նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գիծ 118 շուրջօրյա հեռախոսահամարով»,- ասվում է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:


