Ժողովուրդը կդժգոհի, թղթե տոպրակները կլինեն թանկ, բայց էկոլոգիապես անվնաս․ բնապահպանը՝ պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ ապրանքների վաճառքի արգելքի մասին Zarkerak - Ժողովուրդը կդժգոհի, թղթե տոպրակները կլինեն թանկ, բայց էկոլոգիապես անվնաս․ բնապահպանը՝ պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ ապրանքների վաճառքի արգելքի մասին
Zarkerak Zarkerak - Ժողովուրդը կդժգոհի, թղթե տոպրակները կլինեն թանկ, բայց էկոլոգիապես անվնաս․ բնապահպանը՝ պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ ապրանքների վաճառքի արգելքի մասին
Ժողովուրդը կդժգոհի, թղթե տոպրակները կլինեն թանկ, բայց էկոլոգիապես անվնաս․ բնապահպանը՝ պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ ապրանքների վաճառքի արգելքի մասին

Ժողովուրդը կդժգոհի, թղթե տոպրակները կլինեն թանկ, բայց էկոլոգիապես անվնաս․ բնապահպանը՝ պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ ապրանքների վաճառքի արգելքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ընդհանուր առմամբ 2027 թվականից առևտրի, սննդի և նմանատիպ այլ օբյեկտներում պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ ապրանքների վաճառքի արգելումը շատ լավ նախաձեռնություն է, որը 2-3 տարի է, ինչ փորձ է կատարվում կյանքի կոչել և չի հաջողվում: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումն ու առկայությունը։

«Մի քանի անգամ արդեն հայտարարվել է և բոլորը դրա մասին գիտեն, որ բացառելու ենք պոլիէթիլենային տոպրակները, պլաստիկը և օգտագործելու ենք թղթյա տոպրակներ կամ էլ այնպիսի նյութեր, որոնք վերամշակվում են»,-ասաց Ադամյանը:

Նա ընդգծեց, որ եթե նախաձեռնությունն իրականացվի ապա կստանանք շատ լավ արդյունք, քանի որ աղբավայրերից կվերանա մեծ քանակությամբ պլաստիկ և պոլիէթիլենային աղբ:

«Նուբարաշենում կա աղբի վերամշակման գործարան ունենալու ծրագիր, հիմա որքան քիչ պլաստիկ աղբ ունենանք այնքան մեր աղբի, այսպես ասած  «որակը» էլ ավելի լավը կլինի: Այսինքն կունենանք ավելի օրգանական աղբ և դրա վերամշակումը ավելի հեշտ կլինի, իսկ բնության մեջ ավելի հեշտ կձուլվեն»,-ասաց բնապահպանը:  

Անդրադառնալով հարցին, թե ինչու մի քանի անգամ հայտարարելուց հետո հնարավոր չի եղել վերցնել պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկ տարաները Ադամյանը նշեց. «Իրականում որոշվել էր ի սպառ վերացնել դրանք բոլոր խանութներից, սակայն դա չկատարվեց, քանի որ շարունակվեց տոպրակների վաճառքը: Երբ օրենքը նոր էր դուրս եկել քննարկումների ժամանակ ինձ ասացին, որ հնարավոր չէ դա մի անգամից վերացնել, պետք է միառժամանակ օգտագործեն ավելի հաստ պոլիէթիլենային տոպրակներ, ինչպես «Երևան Սիթի» սուպերմարկետի տոպրակներն են, որովհետև դա բազմակի օգտագործման է, և որպես թափոն հաճախակի չի գնա աղբավայր: Սակայն այդպես չեղավ և բոլորս էլ գիտենք, որ այդ տոպրակները հաճախ ծառայում են որպես աղբի տոպրակներ և լավ էլ գնում են աղբավայր: Բացի այդ պետք էր նաև մտածել տնտեսվարողների մասին, նման իրավիճակում մարդկանց համար ստեղծվում են խնդիրներ, ես ներկա էի քննարկմանը և նրանցից շատերը ասացին, որ մեծ գումարներ ունեն բանկերից վերցրած և գործարաններում էլ ունեն հենց այդպիսի մեխանիզմներ, որոնք միայն պոլիէթիլենային տոպրակներ են արտադրում: Այստեղ առաջ էր գալիս մեկ այլ խնդիր, եթե այդ մարդկանց գործունեությունը կանգնեցնենք, ապա վնաս կհասցնենքն մեր իսկ ՀՀ քաղաքացիներին, տնտեսվարողներին: Սրա համար որոշում ընդունվեց որպեսզի արտադրվեին այդ հաստ տոպրակները, որոնք պետք է դանդաղորեն վերանային: Բայց ինչպես տեսնում ենք ոչ մի բան էլ չի վերացվել, շատ լավ էլ օգտագործվում են և՛ բարակ տոպրակները, և՛ հաստ տոպրակները: Հենց սա է իմ մտավախությունը, որ այս նույն պատմությունը նորից չկրկնվի»:

Ադամյանի գնահատմամբ այժմ գոյություն ունեցող կարևոր հարցը այն է, թե արդյո՞ք այս անգամ հնարավոր կլինի այնպիսի վերահսկում ունենալ, որպեսզի խանութներն ու սննդի կետերը չօգտագործեն պոլիէթիլենային տոպրակներ կամ պլաստիկ տարաներ:

Բնապահպանը նշեց, որ պոլիէթիլենային տոպրակներից ու պլաստիկ տարաներից արագ ձերբազատվելու համար նույնիսկ առաջարկել է, արդեն իսկ արտադրվածները բավականին թանկ գնով վաճառել խանութներում, որպեսզի քաղաքացու համար ձեռնտու չլինի դա գնելը:

«Եթե քաղաքացին տեսնի, որ նման տոպրակները  600-700 դրամ է, ապա նա դա չի վերցնի: Նման դեպքում մարդիկ իրենց հետ թղթե կամ այլ նյութից պատրաստվածները կվերցնեն, որոնց հնարավոր կլինի օգտագործել բազմակի անգամ: Լուծումներից մեկը այն է, որ մարդիկ կամաց-կամաց դրան սովորեն, հիմա մենք փորձում ենք դա մի անգամից անել: Արդյո՞ք կկարողանան տեսչական մարմինները, որոնք որ աշխատում են այդ ոլորտում, և՛ առողջապահությունը, և՛ բնապահպանությունը, և՛ սպառողների իրավունքների պաշտպանները, խմբով աշխատել և կանգնեցնել այդ գործընթացը»,-ասաց Ադամյանը:

Բնապահպանը նաև նշեց, որ իր գնհատմամբ խնդիրը մի անգամից ու կտրուկ լուծելը  բավականին դժվար կլինի:

Նա նաև ընդգծեց, որ թուղթը թանկ հաճույք է, սակայն, կան Հայաստան ներմուծված տեխնոլոգիաներ, որոնք ավելի մատչելի են դարձնում դրանք արտադրելը, քան պոլիէթիլենային տոպրակները:

«Կարծում եմ բացի թղթե տոպրակներից պետք է լինեն նաև կտորի տոպրակներ, որոնք բազմակի օգտագործման են: Կարծում եմ սրանք կարող են վաճառվել խանութներում բավականին մատչելի գներով, օրինակ 200-220 դրամով: Պետք է նաև ասեմ, որ կան օրինակ՝ կոշիկի և հագուստի արտասահմանյան բրենդների խանութներ, որոնք աշխատում են թղթյա տոպրակներով և որևէ գումար չեն գանձում դրա համար: Այս փորձը պետք է վերցնել այս խանութներից և տարածել մյուսների վրա: Սրանք աղբի վերածվելու դեպքում նախ շատ հանգիստ ձուլվում են բնության մեջ, հետո վերամշակումն էլ խնդիր չի լինի, մասնավորապես վերամշակումների արդյունքում արտանետումների խնդիր չի լինի և օդային ավազանին հասցվող վնաս չի լինի»,-ասաց նա:

Ադամյանը դժվարացավ նշել, թե ինչ գների սահմաններում կարող են լինել թղթյա տոպրակները, սակայն նկատեց, որ ներկա պահին խանութներում դրանց գները տատանվում են 350-400 դրամի սահմաններում, ինչը բավականին թանկ է հայ սպառողի համար, սակայն էկոլոգիապես անվնաս է:

Ըստ նրա՝ ժողովուրդը սկզբնական շրջանում որոշակի դժգոհություն կունենա, սակայն նախաձեռնությունը պետք է կյանքի կոչել:

«Հայաստանում ընդհանրապես թղթի, կտորի տոպրակներ և տարաներ օգտագործելու մշակույթը չկա: Ընդհանրապես կենցաղային խնդիրները այստեղ շատ դժվար են լուծվում, թող ոչ ոք չնեղանա, բայց մաքրության ու էկոանվտանգության հարցերին մեր ժողովուրդը մատների արանքով է նայում: Մենք մյուս ազգերի նման չենք մտածում, որ եթե շարունակում ենք անգամ մի պոլիէթիլենային տոպրակ օգտագործել, ապա վնաս ենք տալիս բնությանը: Մեզ մոտ այս գիտակցությունը չկա, մեզ մոտ միայն սպառողի գիտակցությունն է: Պետք է ստիպել, որ այն արվի անպայման, այլապես մենք կխեղդվենք պոլիէթիլենային և պլաստիկ աղբի մեջ, որքան էլ փորձենք վերամշակել»,-ասաց բնապահպանը:

Պատասխանելով հարցին, թե էկոլոգիապես մաքուր տոպրակներին ու տարաներին անցնելուց հետո որքա՞ն ժամանակ կպահանջվի Հայաստանում պլաստիկի ու պոլիէթիլենի թափոններից ձերբազատվելու համար Ադամյանը նշեց. «Դա բավականին երկար գործընթաց է: Պետք է նկատի ունենալ, որ չենք խոսում միայն պոլիէթիլենի մասին, այլ մեր երկրում արտադրվող կաթնամթերքի մեծ մասը՝ թթվասերը, սերուցքը, կաթնաշոռը լցոնված է պլաստիկե շշերի կամ տարաների մեջ: Նախ սա պետք է վերացնել և փոխարինել թղթյա տարրաներով, որը արդեն որոշ ընկերություններ անում են: Առաջին փուլում սա ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ: Հիմա որպեսզի Հայաստանը գոնե մասնակի ձերբազատվի կուտակված պլաստիկից և այս առումով լավ լուծում ստանա անհրաժեշտ է շուրջ 10 տարի և ոչ պակաս»:

Կարևորելով Հայաստանում անցկացված COP-17-ը Ադամյանը նշեց, որ նման միջոցառումները անցկացվում են այնպիսի երկրներում, որտեղ բնապահպանական խնդիրներ կան:

«Այսպիսի երկրներում անելու իրական նպատակը այն է, որպեսզի աշխարհի ուշադրությունը սևեռեն այդ տեղերում առկա խնդիրների վրա»,-ասաց բնապահպանը:  

06 Նոյեմբեր, 2026 13:40
Վեր