Հայաստանի Սահմանադրության շուրջ ձևավորված ընդդիմության աղմուկը հերթական փորձն է՝ հասարակական քննարկումը վերածելու վախերի, կեղծ սպառնալիքների և զգացմունքային մանիպուլյացիաների։
Երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը չունեն երկրի զարգացման հստակ ծրագիր, երբ չեն կարողանում հասարակությանը ներկայացնել տնտեսական, սոցիալական, անվտանգության կամ պետական կառավարման այլընտրանքային տեսլական, սկսում են քաղաքականությունը կառուցել վախերի շուրջ։ Վախեցնել արտաքին թշնամու անունով, շահարկել ազգային ինքնության հարցերը և ցանկացած պետական գործընթաց ներկայացնել որպես ազգային աղետ։
Բայց մի կարևոր հարց կա՝ ո՞րն է այդ ուժերի իրական առաջարկը։ Ի՞նչ են առաջարկում Հայաստանի ապագայի համար։ Ո՞րն է նրանց տնտեսական ծրագիրը, անվտանգության հայեցակարգը, զարգացման ճանապարհը։ Ի՞նչ լուծումներ ունեն քաղաքացիների առօրյա խնդիրների համար։
Այս հարցերին պատասխանելու փոխարեն հանրությանը կրկին առաջարկվում է նույն քաղաքական բառապաշարը՝ առանց բովանդակության, առանց փաստարկների և առանց որևէ իրական այլընտրանքի։
Սահմանադրությունը Հայաստանի պետականության հիմնարար փաստաթուղթն է, և դրա փոփոխության կամ պահպանման հարցը չի կարող լինել որևէ քաղաքական խմբի սեփականությունը։ Դա Հայաստանի քաղաքացիների որոշելիքն է։ Ժողովուրդն է իրավասու քննարկել, գնահատել առաջարկները և ազատ կամարտահայտությամբ որոշել երկրի սահմանադրական ապագան։
Ոչ ոք իրավունք չունի նախապես յուրացնելու ժողովրդի ձայնը կամ սեփական քաղաքական դիրքորոշումը ներկայացնելու որպես ամբողջ հասարակության կամք։
Հանրային քննարկումներից վախենալը քաղաքական ուժի վստահության նշան չէ։ Ընդհակառակը՝ եթե համոզված ես քո փաստարկների ճշմարտացիության մեջ, պետք է պատրաստ լինես բանավիճելու, ներկայացնելու փաստեր և ընդունելու ժողովրդավարական ընտրության արդյունքը։
Իսկ փողոցային քաղաքականության հաշվին իշխանության հասնելու հին մեթոդները վաղուց չեն կարող փոխարինել իրական քաղաքական ծրագրին։ Մարդիկ այսօր ավելի շատ են սպասում պատասխանների, քան հերթական աղմկոտ հայտարարությունների։
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե վախի վրա կառուցված քաղաքականություն, այլ պետական մտածողություն, հստակ նպատակներ և պատասխանատվություն երկրի ապագայի համար։
Քաղաքական ուժի արժեքը չափվում է ոչ թե այն բառերի քանակով, որոնցով նա կարողանում է վախեցնել հասարակությանը, այլ այն լուծումներով, որոնք կարողանում է առաջարկել պետությանը։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


