Պատերազմից՝ հրաշքի իրականացում. կայացավ «Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2» ֆիլմի պրեմիերան Zarkerak - Պատերազմից՝ հրաշքի իրականացում. կայացավ «Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2» ֆիլմի պրեմիերան
Zarkerak Zarkerak - Պատերազմից՝ հրաշքի իրականացում. կայացավ «Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2» ֆիլմի պրեմիերան
Պատերազմից՝ հրաշքի իրականացում. կայացավ «Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2» ֆիլմի պրեմիերան

Պատերազմից՝ հրաշքի իրականացում. կայացավ «Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2» ֆիլմի պրեմիերան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պատերազմ, շարունակվող կյանք, սեր, հրաշքի սպասում. նոյեմբերի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը սկսվում է 2020 թվականի պատերազմի հետ կապված մի դրվագով և ամբողջ սյուժեն շարունակվում է հենց այդ դրվագի շուրջ: Սևակը, ով ֆիլմի գլխավոր հերոսներից է, պատերազմի ժամանակ, լինելով ծառայության մեջ, պատահական հանդիպում է տղաների համար օգնություն ուղարկող կամավոր աղջիկներից մեկին, ում խոստանում է դեկտեմբերին վերադառնալ և ամուսնանալ, սակայն կորցնում է նրա հեռախոսահամարն ու վերադառնալով պատերազմից՝ սպասում հրաշքի, որ կգտնի այդ աղջկան: Ընկերները, շոկոլադը, Նոր տարին գալիս են կատարելու նրա երազանքը և տեղի է ունենում հրաշք: 6 տարի Անիին փնտրելուց հետո՝ Սևակը գտնում է նրան:

«Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2» ֆիլմը սիրո, ընկերության, կորստի ու չմարող հույսի մասին է, որտեղ ամեն հերոս իր երազանքն ունի, իսկ ամեն երազանք՝ իր ճանապարհը։ Ֆիլմի գլխավոր ուղերձն այն է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհված տղաները ներկա են, ողջ են, քանի մենք շարունակում ենք ապրել, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ: Ֆիլմն ավարտվում է կյանքի շարունակականության և զոհված տղաների չմոռացության գաղափարով:  Հերոսներից Հայկը, ում մարմնավորում է Նվեր Սուքիասյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր հերոսի գլխավոր նպատակն է օգնել ընկերոջն ամեն գնով հասնել իր երազանքին. «Ես կուզեմ, որ իմ տարեկիցներից յուրաքանչյուրը փորձի երազել ու գնալ դրա հետևից»,-նշեց նա:

Ֆիլմում Փիրուզի կերպարն էլ մարմնավորում է Լիանա Վանոյանը, ով նշեց, որ ֆիլմը շատ լուրջ գաղափար ունի. «Մարդու կյանքում պահ է գալիս, որ մտածում է, եթե ինչ-որ մի բան չի կատարվում, ուրեմն չպետք է լինի, սակայն եթե մարդը շատ մեծ ցանկություն ունի՝ անպայման կատարվում է»,-ասաց նա և բոլորին խորհուրդ տվեց գալ ու դիտել ֆիլմը:

Թե ինչպես են շարունակվում հերոսների ճակատագրերը, ինչպես է նրանցից յուրաքանչյուրն Ամանորին գտնում իր երազանքը, կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում:

Ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը:

Դերերում են Մկրտիչ Արզումանյանը, Անի Երանյանը, Վարուժ Մարգարյանը, Արմինե Պողոսյանը, Լիանա Վանոյանը, Վաչե Երիցյանը, Նվեր Սուքիասյանը և այլոք:

06 Նոյեմբեր, 2026 11:49
Վեր