Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կարմիր օրով, կարմիր շորով, Աստված տա՝ ամեն տարի գանք ու հասնենք այս օրերուն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում «Տոնացույց» մշակութային կենտրոնի հիմնադիր, երաժիշտ Հասմիկ Բաղրամյանը հիշեցնում է, որ հենց այս արտահայտությամբ էին ըստ ավանդույթի հայերն իրար շնորհավորում Նոր տարվա առթիվ:
Ըստ նրա՝ քիչ բան է պահպանվել հայկական ավանդական նոր տարվա սովորույթներից ու տոնը նշելու ձևից, մեզ հասածի մեզ մասն էլ ձևափոխվել է՝ ենթարկվելով գլոբալիզացման միտումներին.«Տոնական ծառի ավանդույթը պահպանված է՝ տոնածառի խորհուրդը: Բայց մենք ունեցել ենք առասպելական ծառ՝ խնկենի, արմավենի՝ որպես կենաց ծառ, տիեզերական ծառ, որից մենք սնվում ենք ու այն, որ կանք հենց այդ կենաց ծառի շնորհիվ է»,- պատմում է Բաղրամյանը:
Ասում է՝ կենաց ծառը բոլոր տոներին էին զարդարում, այդ թվում Նոր տարուն, իսկ ծառ զարդարելն էլ մի առանձին խորհուրդ ուներ.«Տոնածառ զարդարելը զոհաբերության պես մի բան էր, պետք է դրան նվերներ տրվեին, ու ամենակարևորը՝ այդ բոլոր նվերները պետք է ուտելի լինեին: Մենք տարիների ընթացքում հասել ենք նրան, որ հնում՝ կենաց ծառը, հիմա տոնածառը զարդարելն ավանդույթի պես է դարձել, բայց քչերը գիտեն, որ հայկական ավանդական տոնածառը զարդարել են չրով, շարոցներով, ալանիով, սուջուխներով, այն ինչ կախվում էր տոնածառի վրա օրհնվում էր կենացների ժամանակ , ձևական բաներ չկային այդ ծառի վրա»,- պատմում է Հասմիկ Բաղրամյանը:

Հասմիկ Բաղրամյանի խոսքով, ունենք հենց մեզ բնորոշ ավանդույթներ, որոնք շատ ցանկալի կլիներ, որոնք վերականգնվեին. «Մեր ավանդույթներից է եղել տնից տուն գնալով ավետիսներ երգելը, շատ կուզեի, որ սա ավանդույթի նման լիներ, բոլորը դրան սպասեին, երեխաները գային ու երգեին, տնից տուն անցնելով օրհնեին տները՝ Սուրբծննդյան, Նոր տարվա ավետիսներով, արևագալուստի ավետիսներով: Նախ ում տուն գնում են այդ սիրուն զարդարված ծառերով, շքերթով, մի տեսակ ուրիշ միջավայր է ստեղծվում: Տան տերերն էլ երեխաներին անպայման բաժին էին տալիս՝ որպես իրենց նախնու բաժին, այն ինչը պետք է ուտեր մահացած տատիկը կամ պապիկը, այդ բաժինը տալիս ենք երեխաներին՝ միրգ, քաղցրավենիք, ու երեխաներն էլ շատ ուրախանում էին իրենց ստացած շնորհներից, այդ դա իսկական տոն էր»:
Ըստ նրա, Ամանորի խորհուրդը պետք է կապել ոչ միայն հենց ժամը 12-ի զանգերի հետ, այլ հոգևոր ընկալման ու սպասման.«Դու դրան սպասում ես, դու ինքդ զգում ես, նոր տարին կարող է գալ հենց ձյան տեսքով,երեխաների ավետիսներ երգելու տեսքով, հյուրերի՝ քո տուն գալով, դրա համար ենք ասում , որ դրա խորհուրդը մեծ ու սքանչելի է»:
Մեր զրուցակիցը պատմում է նաև, որ անկախ նորաձևությունը տարվա համար ինչ գույն կթելադրի, հայերիս համար տարվա գույնը միշտ պետք է լինի կարմիրը ու ցանկալի է, որ ամանորին կրենք հենց կարմիր հագուստ:
Ըստ նրա,շատ ցանկալի է նաև վերադարձնել Կաղանդ պապի կեպարը, որը այսօրվա Ձմեռ պապի կամ Սանտա Կլաուսի հետ է «խառնվել», մինչդեռ ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող կերպար է. «Մեր Կաղանդ պապը պետք է լինի անճանաչելի և անտեսանելի՝ երազի մակարդակով, նա հեքիաթների հայտնի կերպարն է՝ «հալիվորը», որը գալիս է գիշերը, այնպես,որ իրեն ոչ ոք չտեսնի ու այս համատարած մթության մեջ հենց ինքը լույսն է»:

Հասմիկ Բաղրամյանի խոսքով՝ թեև ընդունված է Ամանորի գալը նշանավորել շոմպայն խմելով, բայց մեզ ավելի բնորոշ է գինին՝ դրա քրիստոնեական խորհուրդը հաշվի առնելով.«Ասում ենք չէ՝ հացն ու գինին, Տեր կենդանին»:
Բաղրամյանի հետ անդրադառնում ենք նաև հայերիս մեջ տարածված ամանորյա սովորույթներին, որոնք երբեմն նաև սնահավատություն ենք համարում: Դրանց պակաս կարծես թե չունենք՝ նոր հագուստ հագնել, տան դուռը բաց պահել, որ հաջողությունը ներս գա, մինչև ժամացույցի զարկերը 12 անգամ կխփեն, տան կանայք պետք է ուսերին շալ գցեն, ապա 12-րդ զարկի հետ դեն նետեն՝ ազատվելով անցնող տարվա բացասական բաների, խուսափել Նոր տարուց առաջ կոճակներ կարելուց կամ կոշիկ նորոգման տալուց, նոր տարուն տան առաջին հյուրին ոտքը «փորձել» ՝ տեսնելով տարին հաջող, թե անհաջող կլինի, տան բոլոր լույսերը վառել, մոմեր վառել:
Հասմիկ Բաղրամյանի խոսքով, սրանք արդեն մշակույթի վերածված սովորույթներ են, որոնք ապագային ու հաջողությանը հավատալուն ուղղված մի ձև են դարձել.«Եթե սիրուն է, մարդուն դուր է գալիս, դրա հետ մարդը ինչ-որ ձևով կապվում է ու դրանից ոգևորվում է, տրամադրություն է ստեղծվում, ապա մարդը սկսում է դրան հավատալ, դրա խորհրդին հավատալ»:
Ասում է՝ իր համար սնահավատություն է Ամանորին պատրաստվելու մեր այսօրվա ձևը՝ առատությունից «պայթող» սեղան, ու ուտելուց «պայթող» մարդիկ, պարտադիր խոզի բուդ, ալկոհոլի չարաշահում,ու այս ամենի «փաթեթավորում», թե դա արվում է,որ տարին առատ լինի. «Այ սա սնահավատություն է, աղավաղված անիմաստ բան, որի մեջ ոչ մի ինֆորմացիա չկա, սա մշակույթ չէ»:

«Եթե իսկապես հավատացյալ հայեր ենք, ուրեմն պետք է այս ամեն ինչը վերացնել ու անցնել պահք պահելուն, որովհետև մինչև Սուրբ ծնունդ պահքի շրջան է, մնացած ինչ անում ենք՝ սնահավատություն է: Եթե մենք հայ ենք, քրիստոնյա ենք, առաքելական եկեղեցու հետևորդներ ենք, այն ինչ հիմա ինչ անում ենք մերը չէ, մերը պիտի լինի պահք պահելը, ավանդական ուտեստները՝ լոբի, աղանձ, չիր ու չամիչ պարտադիր սեղանին ունենալը: Նաև Սուրբ Ծնունդին հատուկ իմաստ տալը, և այն ոգևորուությունը, որով դիմավորում ենք Նոր տարին այդպես Սուրբ Ծնունդին սպասելը, բայց հիմա տոները աղավաղված ինչ-որ բան են դարձել»,- մտահոգվում է Հասմիկ Բաղրամյանը:



