Հայաստանյան որոշ շրջանակներ հերթական անգամ ապացուցեցին, որ քաղաքական օրակարգ ստեղծելու անկարողությունը փոխհատուցում են մանիպուլյացիայով, կեղծ աղմուկով ու միջազգային գործընթացների արդյունքների աղավաղմամբ։ Այս անգամ թիրախում Դավոսն է, ավելի ճիշտ՝ այն փաստը, որ Դոնալդ Թրամփը Դավոսում առանձին հանդիպում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ հենց այստեղ է բացահայտվում ոչ թե իշխանության «ձախողումը», այլ քննադատների քաղաքական մտքի սնանկությունը։
Փաստերը պարզ են ու անհերքելի։ Դավոսում՝ Թրամփը տետ-ա-տետ հանդիպում է ունեցել ընդամենը երեք երկրի ղեկավարի հետ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եգիպտոսի նախագահի հետ։
Սա ոչ թե «ընտրովի վերաբերմունք» էր, այլ դասական դիվանագիտություն, որտեղ հանդիպում են այն ժամանակ, երբ կա քննարկման անհրաժեշտություն։
Եթե Թրամփը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու հարց ունենար, այդ հանդիպումը պարզապես տեղի կունենար։
Դավոսում Թրամփը Փաշինյանի հետ առանձին հանդիպում չի ունեցել գուցե նաև այն պատճառով, որ այս պահին խնդիրներ չի տեսնում Հայաստանի ղեկավարի հետ։ Միջազգային պրակտիկայում տետատետ հանդիպումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ կողմերի միջև կան լարված, չլուծված կամ հրատապ հարցեր, որոնք պահանջում են փակ ձևաչափի քննարկում։ Այն փաստը, որ ԱՄՆ նախագահը նման անհրաժեշտություն չի տեսել Հայաստանի վարչապետի հետ, կարող է վկայել, որ տվյալ պահին ԱՄՆ–Հայաստան հարաբերություններում պարզապես չկան այնպիսի կնճռոտ հարցեր, որոնք պահանջեն անհատական միջամտություն կամ արտակարգ բանակցություն ամենաբարձր մակարդակով։ Սա ոչ թե դիվանագիտական ձախողում է, այլ հարաբերությունների հարաբերական կայունության և կանխատեսելիության ցուցիչ։
Միջազգային քաղաքականությունը բամբասանքների վրա չի կառուցվում։ Այն կառուցվում է շահերի, հաշվարկների և առաջնահերթությունների վրա։
Ավելին, Փաշինյանի այցը Դավոս սկզբունքորեն այլ տրամաբանություն ուներ։ Վարչապետը Դավոս մեկն էլ հստակ նպատակով՝ մասնակցել Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» ձևավորման միջոցառման արարողակարգային մասին։
Ու այստեղ պետք չի փնտրել՝ ոչ գաղտնի բանակցություններ, ոչ կուլիսային պայմանավորվածություններ, ոչ էլ «բաց թողնված պատմական շանսեր»։ Բայց երբ որոշ շրջանակների միակ սնունդը քաղաքական ատելությունն է, փաստերը դառնում են անտեղի, իսկ ճշմարտությունը՝ խանգարող հանգամանք։
Այս ամենի ֆոնին առավել մտահոգիչ է մեկ այլ իրողություն․ Դավոսի թեման շահարկողները իրականում չեն պաշտպանում Հայաստանի շահը։ Նրանք զբաղված են միայն ներքին թիրախավորմամբ՝ ամեն միջազգային հարց օգտագործելով իշխանությանը հարվածելու համար՝ անկախ նրանից, թե այդ հարվածները ինչ վնաս են հասցնում նաև պետությանը։ Սա արդեն ընդդիմադիր վարքագիծ չէ, սա պետական մտածողության բացակայության ախտանիշ է։
Դավոսը փորձ են անում ստվերել նրանք, ովքեր չեն կարողանում ընդունել, որ միջազգային քաղաքականությունը չի պտտվում իրենց ներքաղաքական նևրոզների շուրջ։ Եվ որքան արագ այդ շրջանակները դա գիտակցեն, այնքան առողջ կլինի Հայաստանի քաղաքական դաշտը։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


