Կնոջ տեղն այնտեղ է, որտեղ ուզում է լինել նա. Զառա Ղազարյանը՝ ֆեմինիզմը «չմարսելու», կանացի սոլիդարության և Մարտի 8-ի մասին Zarkerak - Կնոջ տեղն այնտեղ է, որտեղ ուզում է լինել նա. Զառա Ղազարյանը՝ ֆեմինիզմը «չմարսելու», կանացի սոլիդարության և Մարտի 8-ի մասին
Zarkerak Zarkerak - Կնոջ տեղն այնտեղ է, որտեղ ուզում է լինել նա. Զառա Ղազարյանը՝ ֆեմինիզմը «չմարսելու», կանացի սոլիդարության և Մարտի 8-ի մասին
Կնոջ տեղն այնտեղ է, որտեղ ուզում է լինել նա. Զառա Ղազարյանը՝ ֆեմինիզմը «չմարսելու», կանացի սոլիդարության և Մարտի 8-ի մասին

Կնոջ տեղն այնտեղ է, որտեղ ուզում է լինել նա. Զառա Ղազարյանը՝ ֆեմինիզմը «չմարսելու», կանացի սոլիդարության և Մարտի 8-ի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Թող որևէ կին չհավատա այն մտքին, որ ինքը  «իքս» բանը չի կարող անել, որովհետև կին է... թող ոչ մի կին չհավատա այն մտքին, որ հարմար լինելն ավելի լավ է, քան սեփական իրավունքներին տեր կանգնելը... թող որևէ մեկի տեսակետն ու կարծիքը չխանգարի մարդուն ապրել այնպիսի կյանք, ինչպիսին ինքն է ուզում»,- կանանց իրավունքների, ֆեմինիստական գաղափարների մասին բարձրաձայնող լրագրող-բլոգեր Զարա Ղազարյանը Zarkerak.am-ի հետ զրույցում խոսել է ֆեմինիզմը պարտադրված կաղապարներում ընկալելու, կնոջ՝ դեռ խտրականացվող կերպարի և առ այսօր չընդհատվող բռնության շղթայի մասին. Մարտի 8-ն է ՝ Կանանց միջազգային օրը՝ նվերի ու ծաղկին կողքին ևս մի օր՝ խոսելու կանանց հուզող հարցերից: 

Ֆեմինիզմը՝ չհասկացված ու չընկալված

«Երբեմն ինձ  էլ ասում են՝ ընդհանրապես ֆեմինիստի նման չես,  իմ մոտ հարց է առաջանում՝ իսկ դուք ո՞նց եք պատկերացնում ֆեմինիստին»:  

Զառա Ղազարյանն էլ նկատում է, որ ֆեմինիզմը հայ հանրությունը դեռ չի շտապում «մարսել».«Մարդիկ չգիտեն՝ ինչ է ֆեմինիզմը: Ֆեմինիզմի առաջին երեք ալիքները  կանանց բազային իրավունքների հետ են կապված՝ կրթության իրավունք, ազատ արտահայտվելու իրավունք, աշխատանքային տարբեր իրավունքներ, բռնությանն առնչվող խնդիրներ: Չնայած այս ամեն ինչին, մի տեսակ նեգատիվ վերաբերմունք ամեն դեպքում կա»:

«Կարծատիպային պատկերացում կա ֆեմինիզմի, առհասարակ եզրույթի հետ կապված, մինչդեռ ֆեմինիզմը իրավահավասարության մասին է, տղամարդկանց արժեզրկելու մասին չէ»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

«Ֆեմինիզմն այն մասին է, որ կնոջ տեղն այնտեղ է, որտեղ ուզում է լինել կինը»:   

Ֆեմինիզմը՝ կանացիության և ջենտլմենության մերժու՞մ

«Ֆեմինիզմի ամբողջ գաղափարախոսությունn արժեզրկվում է, հայտնվում են մարդիկ, ովքեր խոսում են ռեստորանում հաշիվը կիսելու, ֆեմինիստների՝ տղամարդու կողմից կնոջ առաջ դուռը բացելը մերժելու մասին: Սրանք պարզապես սխալ մոտեցումներ ու կարծրատիպեր են,  եթե մարդը սրտանց  որոշում է ինձ օգնել կամ իր համար հաճելի է դուռը  բացել իմ առջև, այստեղ որևէ խնդիր չկա: Բայց եթե այդ գործողություններն անելու համար ինձնից ակնկալում են, որ պետք է վճարեմ իմ իրավունքներով կամ  զիջեմ դրանք, այդ դեպքում կարող եմ ասել՝ գիտեք ինչ՝ ես ինձ համար կարող եմ դուռը բացել»,- նշում է Զառան: 

«Ֆեմինիստ կանանց որոշակի լույսի ներքո են ներկայացնում, սա էլ պատահական չէ: Երբ նայում ենք ֆեմինիզմի առաջին և երկրորդ ալիքները, ֆեմինիստական շարժումը լուսաբանվում էր մեդիայի ՝ որոշում կայացնող տղամարդկանց կողմից հստակ պատկերացումներ ձևավորելով.  ֆեմինիստներին թերթերում պատկերում էին ծաղրանկարներով, անճոռնի կերպարներով, սա արվում էր այն միտումով, որ մյուս կանայք չցանկանային նույնականացվել այդ կանանց հետ:  Սա այնքան խոր արմատներ է գցել, որ այսքան ժամանակ անց էլ կարծրատիպը կա»: 

Նկատում է, որ լիբերալ ֆեմինիզմի կողքին կա նաև ռադիկալ ֆեմինիզմ, ու  երբ ինչ-որ ռադիկալ բան է արվում միանգամից թիրախավորվում են բոլոր ֆեմինիստները: 

Ըստ Զառայի, ստացվում է, որ ֆեմինիստները  բարձրաձայնում են լրջագույն հարցեր՝ ինչպես օրինակ բռնությունը(ըստ վիճակագրության աշխարհում ամեն երրորդ կին ենթարկվում է բռնության), կրթության իրավունքը...,  բայց ֆեմինզիմը շարունակում են ընկալել կարծրատիպերի համատեքստում: 

Իրավունքների լիարժեք հավասարությունը՝ դեռ հեռու ապագա

«Կանանց իրավունքների խախտումների  հետ կապված խնդիրները բավականին շատ և ընդգծված են: Այս խնդիրները նաև կախված են կնոջ սոցիալական վիճակից.  սոցիալապես անապահով ընտանիքներում  հարցը մի քանի անգամ ավելի սրված է, կամ եթե կնոջ կրթության մակարդակը  առավել թերի է,  վերջինիս իրավունքներն ավելի խոցելի են»,- նկատում է Զառա Ղազարյանը: Ընդգծում է, սակայն պետք չէ մտածել, որ բոլոր մնացած դեպքերում կանանց իրավունքները  պաշտպանված են և նրանք խտրականության չեն բախվում, այլ հարց է, որ  որոշ տեղերում դրանք շատ ցայտուն են, որոշ տեղերում՝ պակաս տեսանելի:

 «Ամեն տեղ խտրականություն կա և սա  շատ թիրախային հարց է»:

«Աշխատավարձերը բավականին խոցելի թեմա են: Կան կառույցներ, որտեղ նույն հաստիքի, նույն աշխատանքի համար տղամարդիկ ավելի բարձր են վարձատրվում: Ընդ որում՝ կանայք բավականին շատ կատարում են չվճարվող՝  «երկրորդ հերթի» աշխատանք», -ասում է մեր զրուցակիցը:

Ըստ Զառայի, եթե դիտարկում ենք կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ, ապա այստեղ երկու խիստ մտահոգիչ իրավիճակ կա.«Կանանց ասած խոսքը  մեծապես փորձում են արժեզրկել՝ թիրախավորելով արտաքինը, խոսելու ձևը, հնարավոր ամեն ինչ, բայց ոչ խոսքի բովանդակությունը. սա վատ իմաստով «լավագույն» տարբերակն է կնոջ խոսքն արժեզրկելու»: 

«Մյուս խնդիրը պոզիտիվ խտրականություն ասվածն է, երբ կնոջը նշանակում են պաշտոնի կամ կինը վաստակում է ինչ-որ պաշտոնի նշանակվելու իրավունքը, հաճախ դա ևս արժեզրկվում է, ասում են՝ պարզապես  x ոլորտում պետք է x  թվով կին լինի: Մինչդեռ կանայք «գլխաքանակ » ապահվելու համար չեն, ոչ էլ  ընդառաջում են ինչ-որ պաշտոնում կնոջը նշանակելով»,- ընդգծում է նա:  

Կանացի սոլիդարությունը հեռու երազա՞նք 

«Ես էլ փորձում եմ սոլիդար գտնվել և այս թեմային հնարավորինս նուրբ անդրադառնալ, բայց  կանանց միջև սոլիդարության խնդիրն էլ գալիս է պատրիարխալ սոցիումի դրվածքից»,- ասում է մեր զրուցակիցը:  

«Կանանց մեջ տարիներ շարունակ մտցրել են այն միտքը, որ մի կինը մյուս կնոջը մրցակից է, երիտասարդ կինը մի քիչ ավելի տարիքով կնոջ համար մրցակից է, որ տղամարդկանց ուշադրության համար կանայք պետք է մրցակցեն: Սրանք մտքեր ու գաղափարներ են, որ տարիներ շարունակ ներդրվել են նաև  ֆիլմերի,  հեռուստասերիալների միջոցով, անգամ դրանց համաշխարհային արտադրության մեջ կարող ենք նման ուղերձներ տեսնել»,- նկատում նա: 

Զառայի կարծիքով կանանց ինչ-որ խթան է պետք,  հասկանալու համար որ այս մոտեցումը ինքնին վտանգավոր է, որ կանայք իրար մեջ պետք է տեսնեն  ոգեշնչողի ու աջակցողի.«Պետք չէ, որ ինքներս մեր մեջ էլ մրցակցենք կամ «ցեխ շպրտենք» մեկս մյուսի վրա: Շատ հաճախ ինձ տխրեցնում է, որ ինձ բացասական մեկնաբանություններ կարող են գրել  կանայք, տղամարդու գրած նեգատիվն էլ «լայքել»՝ հուսամ ժամանակի ընթացքում մենք այդ սոլիդարություն ասվածը կունենանք»: 

Խոհանցում, տան պատերից ներս, կախյալ  թե անկախ վիճակում՝ ընտրության մեջ ազատ ես

«Ֆեմինիզմը կարծրատիպեր կոտրելու շարժում է, կնոջ տեղն այնտեղ է, ուր որոշում է լինել կինը, եթե կնոջը դուր է գալիս լինել կախյալ իրավիճակում, լինել միայն  խոհանոցում, իր կյանքն է, եղիր որտեղ ուզում ես»,- նշում է Զառան: Ընդգծում է՝ ոչ մի ֆեմինիստ մեկ այլ  կնոջ կամքին հակառակ նրան չի պարտադրում փոխել միջավայրը:

«Պարզապես փորձում ենք բացատրել այդ իրավիճակում լինելու բոլոր հետևանքներն ու ռիսկերը: Իհարկե, թող այդ ռիսկերը չլինեն, բայց տղամարդուց կախյալ վիճակը կնոջը դնում է տնտեսական կախվածության մեջ՝ նրան դարձնելով էլ ավելի խոցելի:  Բայց եթե կինն այդ տարբերակով իրեն երջանիկ է զգում, ինքն օրինակ չի ուզում կատարել վճարովի աշխատանք, որովհետև տանն էլ աշխատում է՝ առանց վճարվելու.  դա իր ընտրությունն է: Կարևորը՝ չենթարկվի բռնության,  չհայտնվի խոցելի իրավիճակում, իմանա իր իրավունքները, իսկ թե որտեղ ուզում անցկացնել իր կյանքը, դա պետք է ինքը որոշի»,- ասում է Զառան ու շարունակում. «Կինն ինքը պետք է իր տեղը որոշի: Այլ ոչ թե կնոջը պետք է  ցույց տան իր տեղը, ասեն՝ եթե դու 30 տարեկանում ամուսնացած չես, եթե չես ուզում երեխա ունենաս, դու «սխալ» կին ես»:

Բռնությունն առանց կապտուկների էլ է լինում 

Զառան ասում է՝ այն որ կանանց իրավունքները ոտնահարվում են ու պարբերաբար դառնում են բռնության թիրախ, այստեղ ոչ մի չափազանցություն չկա, ու 21-րդ դարում էլ դեռ շատ արատավոր երևույթներ վերարտադրվում են.«Սա այն թեման չէ, որ կարելի է օգտագործել մարքեթինգի կամ PR-ի համար»: 

«Կանայք հաճախ մնում են բռնության մեջ, որովհետև չգիտեն ինչ անել, ուր գնալ, դրան զուգահեռ հասարակության կողմից էլ է լինում ճնշում: Հաճախ էլ լսում ենք՝ կինը մնաց բռնության  մեջ, որովհետև դա իր որոշումն էր.  ո՛չ, դա իր որոշումը  չէ, դա անուղղակի է այդպես ստացվում. տարիներ շարունակ  կնոջը դրել են մի իրավիճակի մեջ, որ մտածում է՝  եթե դուրս գա բռնության շղթայից  չի կարող իր կյանքը շարունակել, որովհետև նախևառաջ չգիտի՝ ինչպես են գումար աշխատում»:  

Ասում է՝ հայ հանրությունը բռնությունն էլ չի ողջ «գունապնակով»  չի շտապում ընկալել.«Հոգեբանական, վերբալ, տնտեսական. բռնության տարբեր տեսակներ կան: Եթե կնոջ վրա չկա կապտուկ դեռ չի նշանակում, որ կինը բռնության չի ենթարկվել: Ըստ վիճակագրության ամեն ինչ սկսում է տնտեսական բռնությունից, երբ կնոջն արգելում են աշխատել, իհարկե սա ոչ բոլոր դեպքերին է վերաբերում: Հոգեբանական բռնության տեսակ է, երբ տղամարդն ասում է, դու ոչ մի բան ես, եթե ես չլինեմ քո կողքին»:

Իսկ տղամարդկանց իրավունքներից ո՞վ է խոսելու

« Ֆեյսբուքյան մեկնաբանություններում հաճախ եմ հանդիպում, որ ասում են՝ են միայն  կանանց իրավունքներից եք խոսում: Ինձ հորդորում են խոսել նաև տղամարդկանց իրավունքներից: Երբեք միտում չեմ ունեցել արժեզրկել տղամարդկանց իրավունքները» :

Ըստ մեր զրուցակցի՝ կա հստակ վիճակագրություն՝ սեռական բռնության ենթարկվում է 5 տղամարդուց 1-ը և 70 կնոջից 1-ը. «Պարզ է չէ՞՝ ում պետք է պաշտպանել,  ես կողմ եմ առհասարակ հավասարությանը: Բայց երբ որոշում ես անդրադառնալ խնդիրներին, այնքան շատ են խախտվում կանանց իրավունքները, որ սկսում ես հենց դրանից խոսել: Եթե խախտվում են տղամարդկանց իրավունքները, ես, բնականաբար, դա չեմ անտեսի, շատ դեպքերում նաև այդ թեմային եմ անդրադարձել»,- նշում է Զառա Ղազարյանը բայց և հավելում, որ զոհականացումը, արժեզրկումը, իրավունքների ոտնահարումը կանանց շրջանում շատ ավելի հաճախ է հանդիպում: 

Իսկ նվերներ սիրում են բոլորը...

«Իհարկե, նվերներ ստանալը,  հակառակ սեռի կողմից ուշադրության արժանանալը ֆեմինիստներին չեն վիրավորում: Ես ռադիկալ մարդ չեմ, ինչպես ֆեմինիզմում, այնպես էլ՝ մյուս թեմաներում»,- ասում է Զառան:   

«Ինքս սիրում են նվերներ, ծաղիկներ,  ուշադրություն ստանալ,  վայելում եմ ամբողջ պրոցեսը և դա ինձ շատ դուր է գալիս, ինձ դուր է գալիս, որ ինձ կարող են անշահախնդիր օգնել, նաև փոխադարձ տալիս եմ հարգանք և վերաբերմունք: Առողջ հարաբերությունները փոխադարձ հարգանքի, սիրո և ջերմության մասին են, ինչպես կանայք այնպես էլ տղամարդիկ ունեն էմոցիոնալ աջակցության, հաճելի պահերի, նվերների կարիք»:

 

Մարիամ Մկրտչյան

08 Մարտ, 2026 13:56
Վեր