Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մենք նամակներ ենք ստանում, ահազանգեր, պահանջներ, խնդրանքներ՝ կապված խցանումների խնդիրը լուծելու հետ: Մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել, հույս ունեմ, որ այդ աշխատանքային խումբը լուծումներ կառաջարկի, բայց նաև հաշվի առնելով դարաշրջանը, ոնց որ մենք այդտեղ էլ արհեստական բանականությանը պետք է ավելի ու ավելի մեծ դերակատարում վերապահենք, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանանք՝ ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անչափ չի, ցանկացած փողոց չափ ունի»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ այս իրավիճակը ստեղծվում է նրանով, որ պետք է ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությունը տեսնել և հասկանալ. «Բոլորը գալիս ու մտնում են նույն փողոցը: Բայց ամեն դեպքում այստեղ աշխատանք պետք է անենք, հույս կա՞, որ մի բան կարող ենք անել»:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքելով վարչապետին՝ նշեց. «Միանշանակ հույս կա, մենք շուտով կքննարկենք նոր օրենքը, որտեղ ունենք նոր կարգավորումներ, մասնավորապես՝ օրինազանց վարորդների և ավտոմեքենաների սխալ վայրերում կայանում կազմակերպելու դեպքում քարշակ ծառայությունն արտապատվիրակելու հնարավորություն ենք ստեղծում: Երեք կոմպոնենտ կա խցանումների հետ կապված. առաջինը՝ ավտոմեքենաների քանակն է, միայն Երևանում տարեկան մոտավորապես 12 հազար ավտոմեքենա է գրանցվում և բոլորը մտնում երթևեկության մաս են դառնում, հարակից մարզերից էլ ավտոմեքենաները, երկրորդը՝ մեր վարելու պրակտիկան է, մեր շատ խցանումներ առաջանում են, որովհետև օրինակ՝ վերջին վայրկյանին դեղին լույսի տակով անցած մարդը գնում կանգնում է խաչմերուկի մեջտեղում, երրորդը՝ ձեր նշած լուծումներն են: Մեր տեսլականն այն է, որ Երևանում պետք է գերակայի հանրային տրանսպորտը, պետք է ունենա առանձնացված գծեր, պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար»:
Անդրադառնալով նաև մետրոյի կառուցման ծրագրին՝ Փաշինյանն ասաց. «Սա շատ խոշոր ծրագիր է Հայաստանի համար, վերջին 30 տարում ՀՀ-ում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել: Տեմպերի մասին մեր պատկերացումները մի քիչ այլ են, պարզ է, որ մենք ուզում ենք, որ ժամկետները հնարավորինս կարճ լինեն, բայց այն հատվածներում, որտեղ հմտությունները որոշակիորեն չեն օգտագործվել, դա ժամանակ վերցնելու է, բայց մենք այդ ճանապարհով գնալու ենք: Մետրոն շրջանաձև տեսք պետք է ստանա, ինչի արդյունքում երթևեկության տրամաբանությունները կփոխվեն»:


