Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ելույթ են ունեցել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի թեմային: «Խաղաղության հասնելու համար արդեն որոշ քայլեր ենք ձեռնարկել, և դա հաստատվել է Վաշինգտոնի գագաթնաժողովում։ Թուրքիան ևս սկսել է երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման գործընթացը։ Սակայն այս նախաձեռնությունները չպետք է մնան միայն թղթի վրա։ Պետք է ձեռնարկվեն գործնական քայլեր և իրականացվեն իրական գործողություններ։ Միայն այդպես հնարավոր կլինի ձևավորել վստահություն երկու երկրների միջև»,- ասել է նա։
Քաղաքական գործիչը նշել է, որ ադրբեջանական ապրանքներն արդեն արտահանվում են Հայաստան, իսկ հայկական ապրանքներն էլ սկսել են մուտք գործել Ադրբեջան։ Հաջիևը խաղաղության հաստատման հարցում կարևոր է համարել նաև քաղաքացիական հասարակությունների միջև շփումը, ինչն արդեն տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Սա փոխադարձ վստահության ձևավորման տեսանկյունից կարևոր քայլ է։ Ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև պետք է կառուցվեն վստահելի և կայուն հարաբերություններ»,- ասել է Հաջիևը։ Տրանսպորտային հաղորդակցությունների մասին խոսելիս նա նշել է, որ վաղվա աշխարհում ԹՐԻՓՓ նախագիծը կարևոր տարանցիկ դերակատարում է ունենալու՝ Հարավային Կովկասը, ներառյալ Հայաստանը, դարձնելով կարևոր տարանցիկ երթուղի:
Խաղաղության թեմայի մասին է խոսել Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին: Նա ասել է, որ Թբիլիսին ուրախ է տեսնելու, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է հաստատվել, ու կողմերը սկսել են նույնիսկ առևտուր անել միմյանց հետ: Վրացի պաշտոնյայի խոսքով՝ իր երկիրը շարունակելու է աջակցել այդ գործընթացին:
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների դինամիկան և մատնանշել անցած երկու տարում դրանցում արձանագրված դրական փոփոխությունները: Նա նաև կարծիք է հայտնել, որ համաշխարհային ներկա անորոշ վիճակում Հարավային Կովկասը դարձել է ամենաապահով և անվտանգ վայրերից մեկը՝ կայուն տրանսպորտային հաղորդակցությամբ: Ըստ նրա՝ ԹՐԻՓՓ-ի շնորհիվ Հայաստանը կդառնա Ասիայից դեպի Եվրոպա և ԱՄՆ ոչ միայն ապրանքների, այլ նաև էներգիայի տարանցման կարևոր երկիր:

