Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կարծում եմ՝ ոչ միայն սպասելի էր, այլև ակնհայտ էր, որ այլ կերպ լինել չէր կարող, որովհետև այդ քաղաքական գաղափարախոսությունը, այսինքն՝ Ռուսաստանի ազդեցությունը ՀՀ-ում պաշտպանողները, չունեն հասարակության լայն հատվածների աջակցությունը, ինչը նշանակում է, որ նրանց անհրաժեշտ էին լինելու այլ միջոցներ, որոնցով նրանք կփորձեին գրավել ընտրողների վստահությունը»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում ընտրակաշառքի հետ կապված ձայնագրություններին՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Ղևոնդյանի խոսքով՝ դրանցից ամենափորձվածն ու հարմարը նրանց համար նյութական շահագրգռումն է. «Խնդիրն այն չէ՝ ընտրակաշառքի ինստիտուտը կա, թե չկա, խնդիրն այն է, որ կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են այդ միջոցներով ստանալ քվեներ: Այո, մինչև հեղափոխությունը դա ինստիտուցիոնալացված էր, որովհետև այդ քաղաքական ուժերն իշխանության էին, այսօր ինստիտուցիոնալացված չէ, որովհետև իշխանություն ունեցող քաղաքական ուժը չի աշխատում այդ մեթոդներով»:
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից ծծկեր երեխա ունեցող կնոջը ձերբակալելուն և ընդդիմության կողմից նրան արդարացնելուն՝ Ղևոնդյանը նշեց. «Նման հայտարարություն անողներին կարելի է մեկ հարց տալ՝ եթե մարդն ունենա տասը երեխա, որոնցից հինգը լինեն ծծկեր, կարող է արդյոք մարդ սպանել և դրա համար պատասխանատվության չենթարկվել: Ոչ մի նշանակություն չունի, որևէ օրենք չկա, որը ծծկեր երեխա ունեցողին կամ երեխաներ որդեգրողին թույլ է տալիս խախտել ՀՀ օրենքները, սա ընդհանրապես փաստարկ չէ և ընդամենը հասարակության էմոցիաների հետ խաղալու փորձ է: Հասարակությունը հատկապես զգայուն ժամանակաշրջանում, ինչպիսին է նախընտրական շրջանը, զգայուն է, նման մեթոդներով փորձ են կատարում ավելի մեծ էմոցիոնալ արձագանք առաջացնել, ինչը հավանաբար նրանց քաղտեխնոլոգների հաշվարկներով պետք է նվազեցնի իշխանության վարկանիշը և իրենցն ավելացնի»:
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից ժողովրդին շուն-շանգյալ, բոշա անվանելուն և հավանականությանը, թե դրանից հետո որքանով մարդիկ կարող են իրենց քվեն տալ նրանց՝ Ղևոնդյանն ասաց. «Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով կհասկանանք՝ ժողովրդի որ հատվածն այդ գիտակցությունն ունի, որը՝ ոչ»:


