Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ուզում եմ էլի ընդգծել, որ խաղաղության հետ զուգահեռ սահմանապահը ՀՀ-ի և, ընդհանրապես, ցանկացած պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության կարևորագույն սիմվոլներից է, և մեր ցանկությունն է նաև, որ մեր բանակի ծառայողները հնարավորություն ունենան իրենց ծառայությունն իրականացնել մշտական տեղակայման վայրերում: Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այս նրբությունը նույնպես չենք նկատում, բայց տասնյակ տարիներով մեր բանակը իր ծառայության մեզ մասը անց է կացնում խրամատներում, դիրքերում, որոնց պայմանները մեզ հայտնի հանգամանքների բերումով լավագույնը չեն, իհարկե, մենք հիմա նաև սահմաններին ամրաշինական աշխատանքներ ենք իրականացնում, ինժեներական հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում, բայց մեր նպատակադրումն այն է, որ իքս պահի մենք նաև այդ ամրացված շրջանները կհանձնենք սահմանապահ զորքերին, որպեսզի սահմանապահ զորքերը այդ տեղերում նույնպես ծառայություն իրականացնեն: Իհարկե սա տեղի կունենա լիակատար խաղաղության պայմաններում, դեպի ուր մենք ամեն ամսվա, ամեն շաբաթվա, ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ ենք քայլում:
Մեր տարածաշրջանը պատմական փոփոխություններ է ապրում, և այդ փոփոխությունները միանշանակ դրական են, և մեր խնդիրն է, որ ՀՀ-ում սահմանապահ զորքերի գործառութային նշանակությունը և սահմանապահ զորքերի ծառայության մասշտաբները գնալով ընդլայնվեն, որովհետև սահմանապահի ծառայությունը խաղաղության կարևորագույն սիմվոլ է, միևնույն ժամանակ ինքնիշխանության, անկախության, անվտանգության, որովհետև այնտեղ, որտեղ սահմանապահը կանգնած է, այդտեղ անվտանգության նկատմամբ վստահության ավելի մեծ մակարդակ կա: Այս վստահության բերումով է, որ պետությունը, կառավարությունը որոշում է կայացնում այս կամ այն հատվածը սահմանի հանձնել սահմանապահ զորքերի ծառայությանը, բայց այս ամենը նշանակում է, որ մենք առաջիկայում պետք է գրավչության ավելի բարձր մակարդակ ապահովենք մեր սահմանապահ զորքերի համար, մյուս կողմից՝ սա նշանակում է, որ մենք գնալով պրոֆեսիոնալիզմի ավելի բարձր մակարդակ պետք է ակնկալենք մեր սահմանապահ զորքերից, որովհետև խաղաղությունը նաև պատասխանատվություն է, և չմոռանանք նաև, որ սահմանապահ զորքերը, ծառայողներն այն մարդիկ են, ովքեր առաջինը դիմավորում են Հայաստան եկած օտարերկրացիներին և, պակաս կարևոր չէ՝ դիմավորում արտերկրյա ճանապարհորդություններից ՀՀ վերադարձող քաղաքացիներին: Այս հանդիպման պահը մենք պետք է շատ լրջորեն վերլուծենք և գնահատենք: Այս կոնտակտը շատ կարևոր կոնտակտ է, որի տպավորությունները շատ բան կարող են փոխել և՛ օտարերկրացիների, և՛ ՀՀ քաղաքացիների ընկալումների մեջ սեփական պետության, սեփական անկախության և ինքնիշխանության և պաշտպանվածության վերաբերյալ:
Հիմա մենք, իհարկե, այդ խնդիրը առաջադրել ենք և հաջողությամբ իրականացնում ենք: Մեր սահմանապահ զորքերում լայնորեն իրականացվում են վերապատրաստման ծրագրեր, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման ծրագրեր, գործում է կամավոր ատեստավորման համակարգ, որը օգնում է նաև սոցիալական երաշխիքների ավելի բարձր մակարդակից օգտվել: Ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր սահմանապահ զորքերում ավելի ու ավելի շատ ժամկետային զինծառայողներ են ներգրավվում, և հնարավորություն ունենք՝ այդ թվում սահմանապահ զորքերում, որոշակի ծրագրեր իրականացնել, որպեսզի ժամկետային զինծառայողները ավելի երկար ժամանակահատվածում իրենց գործունեությունը և կյանքը կապեն սահմանապահ զորքերի հետ: Սա խողովակ կդառնա, որով մեր սահմանապահ զորքերը, այդ թվում՝ սպայական անձնակազմը, հետագայում և երկարաժամկետ ժամանակահատվածի համալրման առավել հուսալի մեխանիզմներ և եղանակներ կունենան:
Սահմանապահ զորքերի հարգելի ծառայողներ, կրկին ու կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանապահի օրվա առիթով, և կրկին շնորհակալություն հայտնում բոլորիդ ձեր ծառայության համար՝ ի շահ ՀՀ-ի, նրա անկախության, ինքնիշխանության, պետականության, անվտանգության և ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ովքեր պետք է հպարտանան իրենց պետությամբ, ովքեր պետք է սիրեն իրենց պետությունը, բայց շատ կարևոր է, որ պետությունը նույնքան սիրի քաղաքացուն, որքան քաղաքացին է սիրում պետությունը, այդ թվում՝ սահմանապահ զորքերի ծառայությունից ՀՀ քաղաքացիները պետք է զգան պետության հոգատարությունը և սերը իրենց նկատմամբ, և, իհարկե, այդ թվում՝ սահմանապահ զորքերի ծառայողները պիտի զգան իրենց պետության հոգատարությունը և սերը իրենց նկատմամբ, և ուրեմն՝ կեցցե՛ ՀՀ սահմանապահ զորքերը, փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է վարչապետը:

