Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ենթամշակույթը արագ կամ մեկ քայլով հնարավոր չէ վերացնել, բայց հնարավոր է նվազեցնել դրա ազդեցությունը, եթե աշխատեն մի քանի ուղղություններով։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով քրեական ենթամշակույթի խնդրին:
Ինչ վերաբերում է ուժի կիրառմամբ խնդիրներ լուծելու միտումին, նա ասաց, որ դրա պատճառները այն գաղափարներն են, որ«ուժեղը միշտ ճիշտ է» կամ «հարգանքը պետք է պահել ուժով», և դա շատերի համար նորմալացնում է բռնությունը։ «Իսկ մյուս գործոնը կարող է լինել ֆինանսական ու աշխատանքային դժվարությունները, որոնք մարդկանց մոտ նյարդային գրգռվածության ֆոնը բարձրացնում են և արձագանքում են ագրեսիայով»-նշեց նա։
Ըստ Լիլիթ Խաչատրյանի՝ հասարակության մեջ տիրող քաոսը, հետպատերազմյան հետևանքները, անորոշությունը, սոցիալական հարթակներում և հեռուստատեսությունում ամենաթողությունն ու դաժանությունը, պրոպագանդվող ինֆորմացիայի ազդեցությունը, հուզական լարվածությունը, ինչպես նաև արժեքների և բարոյական նորմերի փլուզումը լրջագույն պատճառներ են հակահասարակական վարքի և այս ամենի հետևանքով էլ առաջանում է ուժի կիրառման միտում:
Հոգեբանի կարծիքով, մյուս գործոններից է դաստիարակությունը և միջավայրը, եթե մարդը մեծացել է մի միջավայրում, որտեղ կոնֆլիկտները լուծվել են կռվով կամ ճնշմամբ, նա դա ընկալում է որպես «նորմալ մեխանիզմ»:
«Կարևոր պատճառ է նաև կոնֆլիկտ լուծելու հմտությունների պակասը, շատ մարդիկ չգիտեն, թե ինչպես բանակցեն, սահմաններ դնեն կամ սառնասրտորեն լուծեն խնդիրը»,- ասել է հոգեբանը:
Լիլիթ Խաչատրյանը կարևորեց նաև մեդիայի ազդեցությունը։ «Ֆիլմերում, սերիալներում, երբեմն նաև սոցցանցերում բռնությունը ներկայացվում է որպես արագ և «արդյունավետ» ձև՝ առանց իրական հետևանքների: Պետք է, օրինակ, դպրոցներում զարգացնել քննադատական մտածողությունը քրեական ենթամշակույթի նկատմամբ, բացատրելով, թե ինչ հետևանքներ ունի «գողական» ռոմանտիկան, ինչպես նաև ծնողները պետք է ուշադրություն դարձնեն երեխայի շրջապատին և արժեքներին»,-ասաց նա և նշեց, որ պետք է ամրացնել իրավական համակարգի դերը, քանի որ, երբ մարդիկ վստահում են պետությանը և արդարությանը, քրեական ենթամշակույթը կորցնում է իր ուժը:
«Երբ հանցավոր արարքը կամ բռնությունը ներկայացվում է որպես սովորական, մարդիկ նորմալիզացնում են այդ երևույթը և դարձնում ընդունելի։ Սակայն ճիշտ լուսաբանելը, երբ ցույց է տրվում իրական հետևանքները՝ քրեական պատասխանատվությունը, վնասվածքները, կոտրված կյանքերը, կարող է նվազեցնել հանցագործությունների թիվը»,- եզրափակեց Լիլիթ Խաչատրյան:


