Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքի երկրորդ քննարկումը, որին մասնակցել են հանրային սննդի օբյեկտների և առևտրային կենտրոնների (մոլերի) ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության սահմանափակումներին։ Քննարկվել են նաև շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն ունեցող այլընտրանքային լուծումները, ինչպես նաև տնտեսվարողների կողմից բարձրացված հարցերն ու դրանց կիրառման գործնական առանձնահատկությունները։
Նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների նպատակը, ակնկալվող արդյունքները և դրանց արդյունավետ կիրարկման համար պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը։
Իրազեկման հանդիպումների շարքը շարունակական է և միտված է ապահովելու, որ մինչև սահմանափակումների ուժի մեջ մտնելը բոլոր շահառուները լիարժեք տեղեկացված լինեն նոր կարգավորումների, դրանց կիրառման մեխանիզմների և հասանելի այլընտրանքների վերաբերյալ։


