Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի լիցենզավորման, ինչպես նաև ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման նոր կարգերը սահմանող որոշումների նախագծերը։
Նախագծերը մշակվել են 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում սահմանված համակարգային բարեփոխումների ընթացքն ապահովելու նպատակով և ուղղված են բարձրագույն կրթության որակի ապահովման միասնական, թափանցիկ և միջազգային մոտեցումներին համադրելի համակարգի ձևավորմանը։
Վերջինով հստակ կտարանջատվեն և միաժամանակ կփոխկապակցվեն բուհի ինստիտուցիոնալ կարողության ու յուրաքանչյուր կրթական ծրագրի ակադեմիական ամբողջականության գնահատումները՝ միաժամանակ տարանջատելով բարձրագույն կրթության որակի արտաքին ապահովման դրույթները մասնագիտական կրթության մյուս մակարդակների համար գործող կարգավորումներից։
Առաջարկվող կարգավորումներով լիցենզավորումն ու հավատարմագրումը գործելու են որպես որակյալ բարձրագույն կրթական ծառայությունների մատուցումը երաշխավորող, միմյանց հաջորդական և փոխլրացնող պետական գործիքներ, մասնավորապես․
Այսպիսով՝ լիցենզավորումը բուհական գործունեություն սկսելու և շարունակելու իրավական նախապայման է, իսկ հավատարմագրումը՝ բուհի կամ կրթական ծրագրի որակի արտաքին գնահատման և հավաստման պարբերական գործընթաց։ Միաժամանակ, հարկ է հիշեցնել, որ առաջարկվող կարգավորումներով կրթական ծրագրի լիցենզավորումը չի փոխարինում ծրագրային հավատարմագրմանը, իսկ լիցենզավորված նոր ծրագրերը Օրենքով նախատեսված ժամկետում ենթակա են ծրագրային հավատարմագրման։ Տրամադրվելիք լիցենզիաները և հավատարմագրերը կարտացոլվեն միասնական պետական գրանցամատյանում։
Բուհերի և կրթական ծրագրերի լիցենզավորում․ նոր դրույթներ և սկզբունքներ
Լիցենզավորման վերաբերյալ նախագծով առաջարկվում է հաստատել երկու փոխկապակցված կարգ՝
Միաժամանակ նախատեսվում է հաստատել դրանց կիրառման համար անհրաժեշտ միասնական ձևաթղթերի փաթեթները։
Լիցենզավորման ոլորտում ներկայումս գործող կարգավորումները ձևավորվել են բարձրագույն կրթության համակարգի զարգացման նախորդ փուլում և հիմնականում ուղղված են կրթական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ առանձին պայմանների ստուգմանը։
Մինչդեռ, առաջարկվող համակարգով նախատեսվում է փոխկապակցված կերպով գնահատել ինչպես բուհի՝ կայուն և որակյալ գործունեություն իրականացնելու ինստիտուցիոնալ կարողությունը, այնպես էլ յուրաքանչյուր կրթական ծրագրի ակադեմիական ամբողջականությունը։
Բուհերի լիցենզավորման շրջանակում գնահատվելու են բուհի առաքելությունն ու ռազմավարությունը, կառավարման և կազմակերպական կառուցվածքը, ակադեմիական կազմը, ֆինանսական կայունությունը, կենսունակ ու բազմագործառույթ կրթական և հետազոտական միջավայրը, ֆիզիկական ու թվային ենթակառուցվածքները, հասանելիությունն ու անվտանգությունը, որակի ներքին ապահովման համակարգը, ինչպես նաև ուսանողների աջակցության և իրավունքների պաշտպանության մեխանիզմները։ Ուսանողի ամբողջական ու համադրելի կրթական փորձառությունը երաշխավորելու նպատակով նախագծով սահմանվում է նաև բոլոր տարիների հաշվարկով առնվազն 4000 ուսանողի կրթություն կազմակերպելու կարողության պահանջ։
Կրթական ծրագրի լիցենզավորման շրջանակում գնահատվելու են ծրագրի անհրաժեշտությունն ու նպատակը, դրա համապատասխանությունը որակավորումների ազգային ու ոլորտային շրջանակներին, ուսումնառության վերջնարդյունքներն ու կրեդիտային կառուցվածքը, ուսուցման և գնահատման մեթոդները, ակադեմիական ու ուսումնաօժանդակ կազմը, ուսումնական, հետազոտական և թվային, պրակտիկայի կամ կլինիկական ռեսուրսները, ուսանողների աջակցությունը, ծրագրի դադարեցման դեպքում նրանց իրավունքների պաշտպանվածությունը և որակի ներքին ապահովումը։
Կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը տարածվելու է բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորում շնորհող ծրագրերի, ինչպես նաև ինտեգրված, համատեղ և կրկնակի որակավորման, օտար լեզվով իրականացվող, հեռավար կամ հիբրիդային բաղադրիչ ունեցող ծրագրերի վրա։
Միաժամանակ, նախագծով առաջարկվող փաստաթղթային և անկախ փորձագիտական գնահատման, միասնական ձևաթղթերի, հիմնավորված որոշումների, թվային հաշվառման, պետական գրանցամատյանի, տարեկան հաշվետվությունների և շարունակական մշտադիտարկման ներդրմամբ կբարձրանան լիցենզավորման գործընթացների թափանցիկությունը, օբյեկտիվությունը, կանխատեսելիությունը և հանրային հաշվետվողականությունը
Անցումային ժամանակահատվածում կպահպանվի գործող լիցենզիաների իրավական ուժը։ Միաժամանակ, գործող բուհերը մինչև 2028 թվականը պետք է դիմեն բուհի և կրթական ծրագրերի՝ նոր կարգով լիցենզավորման համար։
Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում
Հանրային քննարկման ներկայացված երկրորդ նախագծով առաջարկվում է բարձրագույն կրթության ոլորտում ներդնել պետական հավատարմագրման առանձին և ամբողջական կարգավորում՝ հաստատելով ՀՀ բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման և կրթական ծրագրերի ծրագրային հավատարմագրման կարգերը։
Կարգավորումները տարածվելու են ՀՀ-ում գործող պետական, ոչ պետական, միջպետական և միջազգային բուհերի, օտարերկրյա բուհերի մասնաճյուղերի, ինչպես նաև բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերի նկատմամբ՝ անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևից կամ գերատեսչական ենթակայությունից։
Հավատարմագրման գործընթացը ներկայումս համակարգվում է ՀՀ Կառավարության 2011թ․ հմ․ 959-Ն և հմ․ N 978-Ն որոշումներով, որոնցով սահմանվում էին թե՛ արհեստագործական, թե՛ միջին, թե՛ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների որակի գնահատման կանոնները՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից։
Մինչդեռ բարձրագույն կրթության և գիտության ոլորտները կարգավորող նոր Օրենքով սահմանվել են բուհերի հավատարմագրման մի շարք կարևոր հիմունքներ, որոնց կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառավարության լիազորությանն է վերապահվել համապատասխան նոր կարգերի հաստատումը՝ ներառելով հավատարմագրման համար պահանջվող նվազագույն շրջանակը և պայմանները, ինչպես նաև միջազգային հավատարմագրող հեղինակավոր կազմակերպությունների ընտրության չափանիշները։
Նախագծով ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումները սահմանվում են որպես պարտադիր և պարբերաբար կրկնվող գործընթացներ՝ համապատասխանաբար յոթամյա և հնգամյա ստանդարտ շրջափուլերով, իսկ ծրագրային հավատարմագրման համար նախատեսվում է նաև եռամյա պայմանական հավատարմագրման հնարավորություն։
Նախատեսվում են նաև հավատարմագրումից հետո պարտադիր բարելավման, շարունակական և ռիսկահեն մշտադիտարկման կառուցակարգեր, անհրաժեշտության դեպքում՝ նպատակային ու արտահերթ ուսումնասիրությունների իրականացմամբ։
Ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում գնահատվում են բուհի կառավարումը, անձնակազմի կարողությունները, ռեսուրսները, կրթական, գիտահետազոտական և նորարարական գործունեությունը, որակի ապահովման կառուցակարգերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում բուհական համակարգում ուսանողի համադրելի փորձառության ապահովմանը․ ցանկացած բուհ պետք է ուսանողների համար ապահովի անհրաժեշտ ոչ ֆորմալ միջավայր (սոցիալական, մշակութային, մարզական և ժամանցային), արտաուսումնական և հետազոտական ժամանակակից ենթակառուցվածքների հասանելիություն, ակադեմիական կազմի մասնագիտական համադրելի մակարդակ, ծրագրերի բովանդակության և կրեդիտների կշիռների համադրելիություն, այդ թվում՝ միջազգային շարժունության հնարավորությունների ապահովման երաշխիքներ։
Ծրագրային հավատարմագրումը կենտրոնանում է առանձին կրթական ծրագրի իրականացման փաստացի որակի և արդյունքների վրա։ Գնահատվում են ծրագրի նպատակներն ու ուսումնառության վերջնարդյունքները, ուսուցման և գնահատման կազմակերպումը, ակադեմիական կազմի կարողությունները, ծրագրին հատկացված ռեսուրսները, ուսանողների առաջընթացն ու աջակցությունը, շրջանավարտների զբաղունակությունը, հետազոտական բաղադրիչը և ծրագրի շարունակական բարելավումը։
Նախատեսվում է ակադեմիական կրեդիտ շնորհող միկրո-որակավորումների հավատարմագրում՝ կրեդիտների կուտակման ու համադրման հնարավորությամբ, ինչը կխթանի նաև ցկյանս կրթության համակարգը։
Հավատարմագրման նոր կարգերի անցումային դրույթներով ապահովվում են գործող կարգավիճակների իրավական շարունակականությունը (մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը), նոր համակարգին փուլային անցումը, կրթական գործընթացի անխափանությունը և սովորողների իրավունքների պաշտպանությունը։
Հանրային քննարկման ժամկետները
Նախագծերի վերաբերյալ հանրային լսումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 15:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների փողոց 22 հասցեում։
Առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2026 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ Օրբելի եղբայրների փողոց 22 հասցեով կամ info@hesc.am էլեկտրոնային փոստին։