«Կումայրիից մինչև Գյումրի»․ վիրտուալ պտույտ եռաչափ քաղաքում Zarkerak - «Կումայրիից մինչև Գյումրի»․ վիրտուալ պտույտ եռաչափ քաղաքում
Zarkerak Zarkerak - «Կումայրիից մինչև Գյումրի»․ վիրտուալ պտույտ եռաչափ քաղաքում
«Կումայրիից մինչև Գյումրի»․ վիրտուալ պտույտ եռաչափ քաղաքում

«Կումայրիից մինչև Գյումրի»․ վիրտուալ պտույտ եռաչափ քաղաքում

Որտեղ եք ուզում  լինել Գյումրիում․  Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Գյումրու տիկնիկային թատրոն, թե՞ Կումայրի եք ուզում գնալ՝ վերադառնալ անցյալ, օրինակ  նախկին «Լենինական» հյուրանոց կամ  «Հոկտեմբեր» կինոթատրոն։

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը  և Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան ծրագիրը՝  Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոնի հետ համագործակցությամբ թողարկել են «Կումայրիից մինչև Գյումրի» առաջին ինտերակտիվ մուլտիմեդիա էլեկտրոնային ուղեցույցը։

Գյումրի-Կումայրին երբեք այսքան եռաչափ և վիրտուալ չէր եղել։ Աշխարհի ցանկացած կետից ընդամենը հավաքելով https://www.avc-agbu.org/kumayri/index.php յուրաքանչյուրը կարող է մի ամբողջ օր պտտվել Գյումրի-Կումայրիում, բացահայտել մշակութային հարուստ ժառանգությունը․ կարդալ, լսել և տեսնել քաղաքը։

ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ, դոկտոր Երվանդ Զորյանը՝ խոսելով նախաձեռնության մասին ասում է․ «Մուլտիմեդիա էլեկտրոնային ուղեցույցը թողարկելիս մեզ համար 2 կարևորություն է եղել։ Նախ՝  Գյումրու պատմական-մշակութային ժառանգությունը հայերին և օտարազգիներին ներկայացնելը և  նաև այս շրջանների բարգավաճմանը նպաստելը՝  տուրիզմի միջոցով»։

ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը

Աշխարհի ցանկացած կետից հասանելի այս հարթակը ներկայացնում է Գյումրի-Կումայրիի  12 պատմական կառույցները, տեղեկատվությունը դեռ 2 լեզվով է, բայց նպատակ կա ավելացնել ևս 5 լեզու։ Այսպիսով՝ Գյումրի-Կումայրին հնարավոր կլինի բացահայտել հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արևմտահայերեն և թուրքերեն լեզուներով։

Իսկ ամեն ինչ սկսվեց, երբ  Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները  դիտեցին Հայկական վիրտուալ համալսարանի վիրտուալ ուղեցույցը  մայրաքաղաք Երևանի մասին։  Ապա խորհրդակցեցին միասնական ուժերով ևս երկու ուղեցույց ստեղծել․  «Երբ մեզ մոտեցան  Սմիթսոնյան հաստատությունից, ասացին, որ տեսնելով Երևանի մասին ինտերակտիվ գիրքը ցանկություն ունեն  հրատարակել հաջորդ նման ինտերակտիվ մուլտիմեդիա  էլեկտրոնային գիրքը։ Միասին խորհրդակցեցինք և համաձայնվեցինք»։  

Գյումրի-Կումայրի էլեկտոնային ուղեցույցը միակը չէ։ Հայկական վիրտուալ համալսարանը ստեղծել էր պատմական Հայաստանի մասին ուղեցույց․  «Հայկական բարձրավանդակ անունով էր,  հրատարակել էինք  տարբեր լեզուներով, ուղեցուցը հնարավոր էր բեռնել և համակարգչով և հեռախոսով»,- պատմում է Երվանդ Զորյանը։ 

Իսկ  երկու կենտրոնների համագործակցությամբ թողարկվել է նաև էլեկտրոնային ուղեցույց Վայոց Ձորի մարզի մասին․« 30․000 մարդ ներբեռնել է ուղեցույցը, ավելացել են զբոսաշրջային այցելությունները Վայոց Ձոր»,- շեշտում է  Զորյանը։

Գյումրին վիրտուալ դարձնելիս՝ նախագծի հեղինակները  աշխատել են  նաև տեղական ընկերությունների հետ,  օգտագործել Գյումրու  և հայաստանյան ընկերությունների ներքին  ռեսուրսները․ «Ուղեցույցը շատ հետաքրքիր է, քանի որ թույլ է տալիս վիրտուալ իրականությամբ պտտվել շենքերի միջով, դիտել դրանք՝  3 տարբեր չափերով՝ այդ թվում ռեստորաններում, հյուրանոցներում, տրանսպորտի կենտրոններում, դպրոցներում, համալսարաններում։ Կարող եք ընտրել օրվա ժամեր, անգամ հետևել քաղաքի շուրջ արևի պտույտներին և ստվերներին»,- ուղեցույցի առավելություններն է թվարկում Զորյանը։

Էլեկտրոնային ուղեցույցի կարևորությունը Զորյանի խոսքով, նաև Գյումրու ճարտարապետական դիմագիծն աշխարհին ներկայացնելն է․ «Ուղեցույցում Կումայրիի տեսարժան և կարևոր կառույցներն են՝ բավական մանրամասն նկարներով և տեքստերով։ Դրանք ներկայացվում են նաև որպես մշակույթի և ճարտարապետության կոթողներ»։

Այսօր  հայ ժողովուրդը սփռված  է աշխարհով մեկ և նրանց միավորելուն ուղղված ծրագրերը առանձնահատուկ կարևորություն ունեն, համագործակցության, փոխճանաչելիության համար։ Այս վերջին նախաձեռնությունը Կումայրիից մինչև Գյումրի, փաստորեն, մի կրթական ծրագիր է, որի միջոցով  աշխարհով սփռված հայությունը կարողանում է  ծանոթանալ և ճանաչել Գյումրին։   

Մուլտիմեդիա էլեկտրոնային ուղեցույցներ թողարկելու նախաձեռնությունը շարունակվելու է, քանի որ Հայկական վիրտուալ համալսարանը նպատակ ունի բացահայտել հայաստանյան այլ տարածաշրջանների մշակութային  ժառանգությունը։  

Երևան, Վայոց Ձոր, Գյումրի․ իսկ թե  հաջորդ ո՞ր քաղաքում կամ տարածաշրջանում կկարողանանք վիրտուալ զբոսնել, նախագծի հեղինակները դեռ իրենք էլ չգիտեն։ Բայց, հույս ունեն հաջորդ եռաչափ հասցեն՝ շատ չի ուշանա։  

 

Մարիամ Մկրտչյան

 

 

10 Հունվար, 2022 14:20
Վեր