Արևմտյան և եվրոպական երկրների հետ աշխատելը մեզ համար կլինի միակ ուղին, որը հետագայում հնարավորություն կտա պահպանել ՀՀ-ի ինքնիշխանությունը. Բարդուղ Գալստյան Zarkerak - Արևմտյան և եվրոպական երկրների հետ աշխատելը մեզ համար կլինի միակ ուղին, որը հետագայում հնարավորություն կտա պահպանել ՀՀ-ի ինքնիշխանությունը. Բարդուղ Գալստյան
Zarkerak Zarkerak - Արևմտյան և եվրոպական երկրների հետ աշխատելը մեզ համար կլինի միակ ուղին, որը հետագայում հնարավորություն կտա պահպանել ՀՀ-ի ինքնիշխանությունը. Բարդուղ Գալստյան
Արևմտյան և եվրոպական երկրների հետ աշխատելը մեզ համար կլինի միակ ուղին, որը հետագայում հնարավորություն կտա պահպանել ՀՀ-ի ինքնիշխանությունը. Բարդուղ Գալստյան

Արևմտյան և եվրոպական երկրների հետ աշխատելը մեզ համար կլինի միակ ուղին, որը հետագայում հնարավորություն կտա պահպանել ՀՀ-ի ինքնիշխանությունը. Բարդուղ Գալստյան

«Այն, որ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, այլ ոչ Ռուսաստանում,արդեն ինքնըստինքյան ավելի մեծ հեռանկարներ է խոստանում, որովհետև մենք տեսել ենք, թե ինչ է տալիս Ռուսաստանի միջնորդությամբ որևէ հանդիպում և որևէ բանակցություն, հետևաբար՝ ամերիկյան հարթակում հանդիպում ունենալը շատ ավելի հուսադրող է և շատ ավելի կառուցողական է, քան ռուսական քաղաքականության ծիրում իրականացվող հանդիպումներն ու բանակցությունները»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպմանը՝ ասաց քաղաքագետ Բարդուղ Գալստյանը:

Գալստյանի խոսքով՝ ԱՄՆ-ն կիսապարտադրանքի մեթոդով կարողացավ Ադրբեջանին բերել արևմտյան բանակցային հարթակ, որը դրական է. «Հանդիպումից հետո տարածվեց հայտարարություն, որից ինչ-որ լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ, որովհետև Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանը դեռ տարածաշրջանում է՝ չնայած բավականին թուլացած, հետևաբար` չեմ կարծում, որ Ալիևը միանգամից կմտնի Արևմուտք և Արևմուտքի կամ ԱՄՆ-ի պահանջներով և պարտադրանքով կառաջնորդվի, որովհետև դա իր համար ոչ այնքան շահեկան է: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ Ադրբեջանը ևս հասկանում է, որ Ռուսաստանի դիրքերը թուլանում են, հետևաբար` չի կարող նաև մերժել Արևմուտքի պահանջները: ԱՄՆ-ի առաջին պայմանը՝ տարածաշրջանում կայուն խաղաղությունն է և դա բխում է նախ և առաջ ԱՄՆ-ի և Արևմուտքի շահերից, որովհետև, եթե տարածաշրջանում չկա կոնֆլիկտ, ուրեմն չկա Ռուսաստան, մենք տեսել ենք, որ Ռուսաստանը գոյություն ունի այն տարածաշրջաններում, որտեղ կան կոնֆլիկտային իրավիճակներ, ռազմական բախումներ, չլուծված խնդիրներ: ԱՄՆ-ի քաղաքական ինստիտուտները դա շատ լավ վերլուծել են և հասկացել, հետևաբար` այս տարածաշրջանում կոնֆլիկտի վերացման կամ բախումների նվազման գործընթացը բերելու է տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալուն»:

Հանդիպումից հետո կողմերի տարածած հայտարարությունների մեջ նշվում է, որ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցվել է առաջընթաց և կողմերը համաձայնել են շարունակել աշխատանքները: Խոսելով այս հայտարարության մասին՝ Բարդուղ Գալստյանը նշեց. «Արևմուտքում տեղի ունեցող բանակցային գործընթացների առավելությունը կայանում է նրանում, որ հանդիպումներից հետո Ադրբեջանը շատ ավելի կառուցողական հայտարարություններ է անում, նույնը եղավ ՆԱՏՕ-ի շրջանակում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, սակայն դրանից շատ մեծ բան ակնկալել չի կարելի, որովհետև Ադրբեջանն այս պահին հաղթողի դերում է, ռազմական բալանսի հնարավորությունների տեսանկյունից կշեռքի նժարն իր կողմն է, հետևաբար՝ մեծ ակնկալիքներ այդ հայտարարություններից պետք չէ ունենալ»:

Չնայած Բլինքենի այն հայտարարությանը, որ կողմերը մոտ են խաղաղության հասնելուն՝ քաղաքագետը նշեց, որ դեռևս շատ խնդիրներ կան. «Ճիշտ է սահմանազատման գործընթացը սկսվել է, սակայն այն պետք է ունենա շարունակություն: Բնականաբար, մենք ականատես ենք լինելու նաև Ադրբեջանի կողմից տարբեր խնդիրների առաջացմանը, ագրեսիվ հռետորաբանությանը, սակայն, կարծում եմ՝ գործընթացները կգնան այս տարածաշրջանում խաղաղության ձևավորման ուղղությամբ, սակայն` դա ևս վերջնական խաղաղության հասնելու լիարժեք երաշխիք չէ: Պետք է երկրների միջև ռազմական բալանսը կարգավորվի, հետևաբար` մենք բացի արտաքին հարթակում աշխատանք կատարելուց, մեծ և ոչ պակաս կարևոր աշխատանք ունենք կատարելու նաև տանը՝ տնտեսության, ռազմական արդյունաբերության, ռազմական նոր համագործակցությունների ձևավորման առումով և բանակի արմատական բարեփոխման գործընթաց պետք է լինի»:

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ ՀՀ-ն խաղաղության պայմանագիրը ստորագրելու քաղաքական կամք ունի, սրան զուգահեռ Ադրբեջանից շարունակում են պայմանագիրը կնքելու հետ կապված նախապայմաններ առաջ քաշել. «Ադրբեջանական դիվանագիտությունը բավականին մոտ է թուրքական դիվանագիտությանը, իսկ թուրքական դիվանագիտությունը հայտնի է իր ճկունությամբ, հետևաբար` Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Արևմուտքի հետ առճակատման գնալ պետք չէ, Արևմուտքի հետ խնդիրներ առաջացնել պետք չէ: Եթե փորձենք հռետորաբանության տեսանկյունից նայել, այո, Ադրբեջանը դեռ խոսում է հաղթողի դիրքերից և լուրջ ակնկալիքներ ունի, այս պարագայում խոսել այն մասին, որ շատ արագ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, ես փոքր-ինչ թերահավատ եմ: Ինչ վերաբերում է Միրզոյանի հայտարարությանը, իհարկե, Հայաստանը միանշանակ պատրաստ է և խիստ կարևորում է խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունն ու գործընթացների վերջնական իրականացումը, սակայն հարցը միակողմանի լուծում ունենալ չի կարող, այստեղ գոյություն ունի երկու կողմ, իսկ Ադրբեջանն այս պահին դեռ այնքան էլ ցանկություն և նպատակ չունի վերջնական խաղաղության գնալու: Ադրբեջանն ունի տարածքային լայն նկրտումներ և՛ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված, և՛ Ջերմուկում, Վարդենիսում վերցրած տարածքների հետ կապված, հետևաբար` փորձելու է հաղթողի դիրքերից անընդհատ ճնշում գործադրելով ապակայունացնել իրավիճակը և հնարավորինս ձգձգել պայմանագրի կնքման գործընթացը»:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Էրդողանը կրկին անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ նշելով, որ ցանկանում են խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում, ինչպես նաև կրկին անդրադարձավ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցին. «Տալ «Զանգեզուրի միջանցք»-ը, նշանակում է կորցնել Զանգեզուրը՝ խաղաղության դիմաց, որն անընդունելի է և դա կլինի Հայաստանի պետականության վերջնական կորուստը, հետևաբար՝ Էրդողանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի և «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված հայտարարությունները, հակասում են իրար: Այստեղ կարևոր է Արևմուտքի դիրքորոշումը, թե ինչքանով նրանք կկարողանան զսպել թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին՝ այս տարածաշրջանում առանց նախապայմանների խաղաղության պայմանագիր կնքելու տեսանկյունից:

«Զանգեզուրի միջանցք»-ի հարցում շատ կարևոր դեր ունի նաև Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանի համար ևս այս տարբերակը խիստ կարևոր է, ՌԴ-ն է այս տարածաշրջանում վերջնական խաղաղությանը խանգարող համար մեկ ուժը: Այս ամենին զուգահեռ, կարծում եմ՝ Արևմուտքը կկարողանա այս տարածաշրջանում իր դերակատարումն ունենալ և վերահսկողություն իրականանցել՝ զսպելով թե՛ ՌԴ-ին, թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին: Արևմուտքի հետ ճիշտ հարաբերությունների կառուցումը բերելու է այնպիսի գործընթացների իրականացման, որոնք ի նպաստ մեզ կլինեն»:

Բարդուղ Գալստյանն անդրադարձավ նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան վերջին այցերին. «ԱՄՆ-ի բարձր պաշտոնյաների այցելությունները միտված են այս տարածաշրջանում իրենց ազդեցության դերի մեծացմանը, հետևաբար` Ռուսաստանի  մեր տարածաշրջանից գնալուն, որը միանշանակ ձեռնտու է մեր պետությանը՝ հասկանալով, որ մենք ՌԴ-ի նման դաշնակից ունենալով ունեցել ենք կորուստներ և ամենացավալին՝ վերջնականապես հայաթափվել է Արցախը և Ռուսաստանի ձեռամբ նվիրվել է Ադրբեջանին: Նոր անվտանգային երաշխիքների ձևավորումը գերխնդիր է մեզ համար, Արևմուտքի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ աշխատելը մեզ համար կլինի միակ ուղին, որը հետագայում հնարավորություն կտա պահպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը»:

 

Աննա Բզնունի

15 Հուլիս, 2024 16:08
Վեր