Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կարապի լճի հարևանությամբ այսօր տեղի է ունեցել «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի խորհրդանիշի՝ եղնիկի ներկայացման հանդիսավոր արարողությունը, որով ազդարարվել է պատմական այս մրցաշարի մուտքը Հայաստան։
Հայաստանի լեռներում հաճախ հանդիպող եղնիկն առանձնանում է այն հատկանիշներով, որոնք կարևոր են նաև հեծանվասպորտում՝ արագություն, ուժ, դիմացկունություն, դժվարանցանելի ճանապարհներին արագ կողմնորոշվելու կարողություն։ Սա էլ առիթ է հանդիսացել եղնիկն ընտրելու որպես մրցաշարի խորհրդանիշ:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, RCS Sports and Events DMCC ընկերության գործադիր տնօրեն Միկելե Նապոլին, մարզասերներ և հյուրեր։ Միջոցառմանը մասնակցել են նաև մրցաշարում Հայաստանը ներկայացնող թիմի անդամները։
Մրցաշարի պաշտոնական դեսպանը հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսն է:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ «Tour of Armenia»-ի անցկացումը կարևոր իրադարձություն է Հայաստանի մարզական կյանքում։
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան»,- ասել է նախարարը՝ նշելով, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Հեծանվային սպորտի միջազգային միության (UCI) միջազգային օրացույցում ընդգրկված 2.2 դասի մրցաշար։
Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել հայ մարզիկներին՝ հույս հայտնելով, որ մրցաշարի օրերին նրանց հաջողություններով ուրախանալու բազմաթիվ առիթներ կլինեն։
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ Կառավարությունը հետևողական աշխատանք է իրականացնում Հայաստանում միջազգային խոշոր մարզական մրցաշարեր հյուրընկալելու ուղղությամբ։ Նա հիշեցրել է, որ այս տարի Հայաստանում արդեն անցկացվել են հրաձգության Եվրոպայի առաջնությունը, սամբոյի աշխարհի գավաթը, ինչպես նաև բասկետբոլի և մեծ թենիսի միջազգային մրցաշարեր։ Այժմ միջազգային խոշոր մրցաշարերի շարքը համալրվում է հեծանվային սպորտով։
«Վստահաբար, սա ոչ միայն մարզաձևի զարգացման համար շատ լուրջ խթան կլինի, այլև կնպաստի մեր երկրի միջազգային տեսանելիության բարձրացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարն ընդգծել է, որ հեծանվային խոշոր մրցաշարերն ամբողջ աշխարհում մեծ լսարան ունեն և հեռարձակվում են միջազգային տարբեր սպորտային հարթակներով։ Նրա խոսքով՝ այնպիսի հեղինակավոր մրցաշարեր, ինչպիսիք են «Tour de France»-ը և «Giro d’Italia»-ն, վաղուց արդեն դուրս են զուտ մարզական իրադարձության շրջանակից՝ դառնալով նաև իրենց երկրների տնտեսական զարգացման, զբոսաշրջային առաջխաղացման և միջազգային ճանաչելիության կարևոր գործոն։ Անդրադառնալով «Tour of Armenia»-ի միջազգային լուսաբանմանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ միջազգային տարբեր հարթակների հետ՝ մրցաշարի հեռարձակումն ապահովելու ուղղությամբ։ Ըստ նախարարի՝ պայմանավորվածություններն ընդգրկում են գրեթե բոլոր մայրցամաքները, ինչը հնարավորություն կտա մրցաշարի չորս օրերի ընթացքում Հայաստանն ու նրա զբոսաշրջային ներուժը ներկայացնելու միջազգային լայն լսարանին։
«Չորս օր շարունակ աշխարհի տարբեր անկյուններում «Tour of Armenia»-ն կհեռարձակվի, և սա լավագույն հնարավորությունն է ցույց տալու մեր երկիրը, ներկայացնելու այն բոլոր ուղղությունները, որոնց միջոցով կարող ենք մեծացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մեր երկրի նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև նոր հնարավորություններ ստեղծել տնտեսության զարգացման համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ փաստելով, որ Eurosport-ի ուղիղ եթերում արդեն անդրադարձ կա «Tour of Armenia»-ին:
«Tour of Armenia»-ի վերաբերյալ հեռարձակումներ կլինեն այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Eurosport-ը, CNN-ը, անդրադարձեր են նախատեսված Sky Sport-ում, Sportitalia-ում, L’Équipe-ում և մի շարք այլ միջազգային լրատվամիջոցներում։
«Մեկնարկելով «Tour of Armenia»-ն՝ վստահ ենք, որ տարիների ընթացքում այս մրցաշարը ևս դառնալու է մեր երկրի տնտեսական զարգացման, միջազգային տեսանելիության և վարկանիշի ամրապնդման կարևոր բաղադրիչ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։
Նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև մրցաշարի զբոսաշրջային բաղադրիչը։
«Ավելի քան 500 կիլոմետր, չորս մրցումային օր․ սա մեծ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու մեր երկրի տարբեր բնակավայրերը, բնությունը, պատմամշակութային ժառանգությունը և, իհարկե, մարդկանց»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ մրցաշարը կարող է էական խթան հանդիսանալ նաև Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծացման համար։
Անդրադառնալով մրցաշարի եզրափակիչ փուլին՝ նախարարը նշել է, որ այն կանցկացվի Երևանում։ Սեպտեմբերի 13-ին մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան հետևելու վերջին փուլին և իրենց ներկայությամբ ոգևորելու ինչպես Հայաստանի թիմին, այնպես էլ մյուս մասնակիցներին։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մրցաշարի մասին տեղեկատվության լայն տարածումը՝ ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվող այս իրադարձությունը, առանց չափազանցության, կարելի է պատմական համարել։
Նախարարը շնորհակալություն է հայտնել մրցաշարի կազմակերպմանն աջակցած բոլոր գործընկերներին՝ Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիային, Սպորտի կառավարման կենտրոնին և միջազգային խորհրդատվական գործընկեր RCS-ին՝ ընդգծելով, որ վերջինիս աջակցությունը հատկապես կարևոր է եղել կազմակերպչական այս փուլում։ Նրա խոսքով՝ նման մասշտաբի հեծանվային մրցաշարի կազմակերպումը Հայաստանի համար նոր փորձառություն է, որը միաժամանակ հնարավորություն է տալիս ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ և զարգացնելու միջազգային մարզական խոշոր միջոցառումներ կազմակերպելու կարողությունները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է նաև «Tour of Armenia»-ի ազդեցությունը հեծանվային սպորտի մասսայականացման, առողջ ապրելակերպի խրախուսման և երեխաների շրջանում հեծանվավազքի նկատմամբ հետաքրքրության մեծացման տեսանկյունից։
Նախարարը հիշեցրել է, որ հանրակրթական դպրոցներին տրամադրվել են հեծանիվներ, իսկ արդեն մի քանի տարի անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքի մրցաշարը։ Նրա խոսքով՝ այս տարի դպրոցականների մրցաշարը նախատեսվել է «Tour of Armenia»-ի անցկացման օրերին, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան անմիջականորեն շփվելու պրոֆեսիոնալ հեծանվորդների հետ, հետևելու միջազգային մրցաշարին և ոգեշնչվելու նրանց օրինակով։
Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ քաղաքացիներն ու հյուրերը ակտիվ մասնակցություն կունենան մարզական տոնին և սեպտեմբերի 13-ին ներկա կլինեն նաև լավագույնների ու հաղթողների պարգևատրման արարողությանը Հանրապետության հրապարակում։
«Մեզ բոլորիս մաղթում եմ հաջող ընթացք, բարի երթ, նորանոր հաղթանակներ և հաջող մրցաշար»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը։
Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է «Tour of Armenia»-ի անցկացումը Հայաստանում՝ այն նշանակալի քայլ համարելով հայկական հեծանվային սպորտի զարգացման, մասսայականացման և նոր սերնդի շրջանում մարզաձևի նկատմամբ հետաքրքրության մեծացման ճանապարհին։ Նրա խոսքով՝ հատկապես կարևոր է, որ «Tour of Armenia»-ն ընդգրկվել է միջազգային օրացույցում, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում ինչպես հայկական հեծանվային սպորտի զարգացման, այնպես էլ միջազգային հարթակում Հայաստանի ճանաչելիության բարձրացման համար։
RCS Sports and Events DMCC ընկերության գործադիր տնօրեն Միկելե Նապոլին ընդգծել է «Tour of Armenia»-ի առաջին մրցաշարի պատմական նշանակությունը և նշել, որ իրենց համար մեծ պատիվ է աջակցել այս նախագծի իրականացմանը։ Միկելե Նապոլին, ներկայացնելով միջազգային խոշոր հեծանվային մրցաշարերի կազմակերպման փորձը, կարևորել է Հայաստանի ներուժը՝ ընդգծելով, որ նման իրադարձությունները հնարավորություն են տալիս միաժամանակ զարգացնելու մարզաձևը և միջազգային լսարանին ներկայացնելու հյուրընկալող երկիրը։
Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը նշել է, որ «Tour of Armenia 2026»-ի խորհրդանիշի ներկայացման արարողությունը ոչ միայն մրցաշարին նախորդող հերթական միջոցառումն է, այլև ևս մեկ կարևոր քայլ դեպի Հայաստանի համար աննախադեպ միջազգային մարզական իրադարձության մեկնարկը։
Սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքն ընդգրկում է 4 մրցափուլ, 587 կմ ընդհանուր հեռավորություն և 5,300 մետր վերելք՝ անցնելով Հայաստանի չորս մարզերով (Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Արագածոտն) և եզրափակվելով մայրաքաղաք Երևանում (սեպտեմբերի 10՝ Գավառ – Մեծ Մասրիկ, սեպտեմբերի 11՝ Կիրանց – Ստեփանավան, սեպտեմբերի 12՝ Մարտունի – Դիլիջան/Պարզ լիճ, սեպտեմբերի 13՝ Երևան)։
Միջոցառումը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի դիրքերը՝ որպես միջազգային սպորտային իրադարձությունների անցկացման հուսալի ու գրավիչ հարթակ, ինչպես նաև խթանելու պրոֆեսիոնալ սպորտի և մարզական զբոսաշրջության զարգացումը երկրում։
Միջազգային խոշոր ստուգատեսին նախատեսվում է 16 պրոֆեսիոնալ թիմերի մասնակցություն (յուրաքանչյուր թիմում՝ 6 հեծանվորդ)։ Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Ղազախստանից, Ճապոնիայից, Չինաստանից, Թայլանդից, ինչպես նաև Հայաստանից։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և միջազգային մասնագետներ։