Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել Zarkerak - Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել
Zarkerak Zarkerak - Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել
Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել

Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

 

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ հաստատվել է, որ Երևան քաղաքի բնակչուհի Ս.Դ.-ն մարմնավաճառությամբ զբաղվող երկու կանանց համար ծուղակ և ֆինանսական կախվածություն ստեղծելով՝ սեռական շահագործման է ենթարկել նրանց։ 

 

Մասնավորապես՝ Ս.Դ.-ն 2 տուժողներին շուկայականից մոտ 5 անգամ ավելի թանկ արժեքով կենցաղային ապրանքներ ու հագուստ վաճառելով, որպես նոր պարտք հաշվարկելով նաև ցուրտ եղանակից իբր պատսպարվելու միջոց ծառայող ավտոմեքենայի օրավարձի, ինչպես նաև ձեռք բերված նոր ավտոմեքենայի գումարները՝ խորացրել է նրանց ֆինանսական կախվածությունը։

 

Արդյունքում, մինչև 2026 թվականի մայիսը, չնայած վերջիններիս կողմից Ս.Դ-ին օրական տված գումարներին՝ նրանց պարտքերը ավելացել են` մի դեպքում 9 մլն դրամից հասնելով ավելի քան 12 մլն դրամի, մյուս դեպքում` 3 մլն-ից հասնելով ավելի քան 15 մլն դրամի։ 

 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ս.Դ.-ն, օգտագործելով տուժողների մոտ առաջացած ֆինանսական խոցելի վիճակն ու կախվածությունը, նրանց պահելով մշտական հսկողության տակ՝ բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, պարտադրել է նրանց մինչև ուշ գիշեր կամ հաջորդ օրվա առավոտ մնալ դրսում՝ իր սահմանած գումարները վաստակելու և իրեն փոխանցելու նպատակով։

 

Տուժողներին հաջողվել է շահագործումից դուրս գալ միայն իրավապահ մարմիններին դիմելուց հետո:

 

Նախաքննության ընթացքում Ս.Դ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը) (2 դրվագ):

 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

07 Սեպտեմբեր, 2026 10:22
Վեր