Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։m
Հայաստանում անցկացվող «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի երրորդ՝ Մարտունի-Դիլիջան/Պարզ լիճ մրցափուլում այսօր հաղթել է «Netcompany Ineos Racing Academy» թիմի ներկայացուցիչ Մաքս Հայնդսը՝ 162 կմ մրցատարածությունը հաղթահարելով 3 ժամ 40 րոպե 24 վայրկյանում՝ 44.101 կմ/ժ միջին արագությամբ և վաստակելով 12 վայրկյան բոնուսային ժամանակ:
Ընդհանուր հաշվարկի նոր առաջատար է դարձել «Team Ukyo»-ի հեծանվորդ Սիմոնե Ռականին: UCI Europe Tour-ի օրացույցում ընդգրկված «Tour of Armenia» հեծանվավազքի երրորդ մրցափուլի ընդհանուր վերելքը կազմել է 1700 մետր: Մրցափուլի մեկնարկը տրվել է Մարտունիում: Հեծանվորդներն անցել են Գեղարքունիքի, ապա Կոտայքի և Տավուշի մարզերով։
Երրորդ մրցափուլի հաղթող Մաքս Հայնդսը նշել է, որ դեռևս մրցաշարի մեկնարկից առաջ առանձնացրել էր հենց այս մրցափուլը՝ հաշվի առնելով իր՝ լեռնային մրցուղիներում հանդես գալու առանձնահատկությունները: Ընդհանուր հաշվարկի նոր առաջատար Սիմոնե Ռականին կարևորել է թիմային աշխատանքը և նշել, որ Երևանի եզրափակիչ մրցափուլում նպատակն է պահպանել առաջատարի կարմիր շապիկը:
«Այսօր մեկնարկել էինք մեկ նպատակով՝ նվաճել ընդհանուր հաշվարկի առաջատարի շապիկը: Շատ ուրախ եմ, որ հաջողվեց: Շնորհակալ եմ թիմակիցներիս կատարած աշխատանքի համար և հույս ունեմ՝ կկարողանանք պահպանել առաջատարի դիրքը: Երեկ Ֆեդերիկոյի հաղթանակը և այսօր իմ արդյունքը լավագույնս արտացոլում են մեր թիմային աշխատանքը»,- ասել է Սիմոնե Ռականին:
Մրցավազքի ընթացքում Մաքս Հայնդսը և «Swatt Club»-ի ներկայացուցիչ Լորենցո Ջինեստրան կարողացել են զգալի առավելություն ստանալ հիմնական խմբի նկատմամբ՝ որոշ հատվածներում առաջ անցնելով ավելի քան 7 րոպեով: Վերջնական վերելքին նրանք մոտեցել են հիմնական խմբից շուրջ 5 րոպե առաջ: Եզրագծից 1 կմ 700 մետր առաջ Մաքս Հայնդսը վճռորոշ գրոհ է ձեռնարկել և կարողացել է առաջ անցնել մրցակցից՝ հաղթելով մրցափուլում: Լորենցո Ջինեստրան զբաղեցրել է երկրորդ տեղը:
Ընդհանուր հաշվարկի համար պայքարում հաջող է հանդես եկել «Team Ukyo»-ի ներկայացուցիչ Սիմոնե Ռականին: Նա երրորդն է հատել եզրագիծը և բոնուսային ժամանակի շնորհիվ Երևանի եզրափակիչ մրցափուլից առաջ դարձել մրցաշարի ընդհանուր հաշվարկի առաջատար:
Մրցափուլի հաղթողին, ինչպես նաև տարբեր դասակարգումների առաջատարներին մրցանակները հանձնել է Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Սամուել Սանչեսը, որը Հայաստանում առաջին անգամ անցկացվող մրցաշարի պաշտոնական դեսպանն է:
Միավորների հաշվարկում առաջատարն է «Team Ukyo»-ի ներկայացուցիչ Ֆեդերիկո Իակոմոնին, լեռնային հաշվարկը գլխավորում է «Biesse-Carrera-Premac»-ի հեծանվորդ Լեոնարդո Վեսկոն, իսկ լավագույն երիտասարդ հեծանվորդի դասակարգման առաջատարը «General Store-Essegibi-F.lli Curia»-ի ներկայացուցիչ Կևին Բիլն է:
Երրորդ մրցափուլի արդյունքները
Մարտունի–Դիլիջան/Պարզ լիճ, 162 կմ
1. Մաքս Հայնդս («Netcompany Ineos Racing Academy») – 3 ժամ 40 րոպե 24 վայրկյան, միջին արագությունը՝ 44.101 կմ/ժ, 12 վայրկյան բոնուսային ժամանակ,
2. Լորենցո Ջինեստրա («Swatt Club») – +36 վայրկյան, 9 վայրկյան բոնուսային ժամանակ,
3. Սիմոնե Ռականի («Team Ukyo») – +3 րոպե 28 վայրկյան:
Ընդհանուր հաշվարկ
1. Սիմոնե Ռականի («Team Ukyo») – 10 ժամ 39 րոպե 11 վայրկյան,
2. Կևին Բիլ («General Store-Essegibi-F.lli Curia») – +9 վայրկյան,
3. Լուկա Կովիլի («Bardiani CSF 7 Saber») – +12 վայրկյան:
«Tour of Armenia»-ի դասակարգումների առաջատարները կրում են «Alé Cycling»-ի կողմից պատրաստված պաշտոնական շապիկները: Երրորդ մրցափուլից հետո պատկերն այսպիսին է՝
• կարմիր շապիկ՝ ընդհանուր հաշվարկի առաջատար – Սիմոնե Ռականի («Team Ukyo»),
• նարնջագույն շապիկ՝ միավորների հաշվարկի առաջատար – Ֆեդերիկո Իակոմոնի («Team Ukyo»),
• կապույտ շապիկ՝ լեռնային հաշվարկի առաջատար – Լեոնարդո Վեսկո («Biesse-Carrera-Premac»),
• սպիտակ շապիկ՝ լավագույն երիտասարդ հեծանվորդ – Կևին Բիլ («General Store-Essegibi-F.lli Curia»):
«Tour of Armenia»-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը սեպտեմբերի 13-ին կանցկացվի Երևանում։
Հեծանվորդները կմրցեն 9.4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտում՝ անցնելով 10 շրջան: Մրցափուլի ընդհանուր երկարությունը կկազմի 94 կմ: Եզրափակիչ մրցափուլում կորոշվի «Tour of Armenia»-ի առաջին հաղթողը: Ընդհանուր հաշվարկում առաջատար Սիմոնե Ռականիին Կևին Բիլից բաժանում է 9, իսկ Լուկա Կովիլիից՝ 12 վայրկյան:o

