Հայաստանի գյուղատնտեսության մեծ մասը ավանդական և հնացած է,  իսկ ԵՄ-ում մեր ապրանքներն ունեն ցածր մրցունակություն․ Մակարյան Zarkerak - Հայաստանի գյուղատնտեսության մեծ մասը ավանդական և հնացած է, իսկ ԵՄ-ում մեր ապրանքներն ունեն ցածր մրցունակություն․ Մակարյան
Zarkerak Zarkerak - Հայաստանի գյուղատնտեսության մեծ մասը ավանդական և հնացած է, իսկ ԵՄ-ում մեր ապրանքներն ունեն ցածր մրցունակություն․ Մակարյան
Հայաստանի գյուղատնտեսության մեծ մասը ավանդական և հնացած է,  իսկ ԵՄ-ում մեր ապրանքներն ունեն ցածր մրցունակություն․ Մակարյան

Հայաստանի գյուղատնտեսության մեծ մասը ավանդական և հնացած է, իսկ ԵՄ-ում մեր ապրանքներն ունեն ցածր մրցունակություն․ Մակարյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի գյուղատնտեսության 97-ից 98 տոկոսը ավանդական և իր ձևով արդեն հնացած գյուղատնտեսությունն է, որը ենթադրում է բաց դաշտավարություն կամ այգիներ, որոնք ենթարկվում են տարբեր կլիմայական ազդեցությունների՝ կարկուտի, անձրևի, չոր եղանակի և այլն։ Դրանք էլ իրենց հերթին կարող են բերքը փչացնել կամ չորացնել։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

«Հայաստանում գյուղատնտեսությունը գտնվում է հետադիմական, ոչ արդյունավետ մշակման վիճակում։ Նաև մշակման եղանակները, տեխնիկայի ու գործիքների առումով, հնացած են ու հիմնված են ձեռքի աշխատանքի վրա, այսինքն՝ շատ ցածր արդյունավետություն ունեցող գյուղատնտեսական մեթոդներ են, որոնք մի սերնդից մյուսին են փոխանցվել պապենական եղանակով»,- ասաց տնտեսագետը։

Ըստ նրա՝ նույն պատկերն առկա է նաև մշակուբույսերի բուժման մեթոդներում։

«Դրանք հաճախ սխալ կամ թերի են իրականացվում, որովհետև պատկերացում չկա, թե ինչպիսի հիվանդություններ են։ Երբեմն լինում է, որ դեղորայքն էլ օգտագործվում է չափից ավելի, կամ դրա համար անհրաժեշտ գումար չի լինում, ինչը նշանակում է բուժման համար անհրաժեշտ ժամանակի կորուստ»,- ասաց Մակարյանը։

Նրա խոսքով՝ հաճախ են դեպքերը, երբ այգեգործներից մեկը կատարում է համապատասխան բուժումը, սակայն հարակից այգիների տերերը նույնը չեն անում, ինչի արդյունքում հիվանդությունները կրկին տարածվում են։ 

Ըստ տնտեսագետի՝ այս ամենը հանգեցնում է ընդհանուր գյուղատնտեսական արդյունավետության նվազեցման։

«Ստացվում է, որ տարիների ընթացքում գյուղացիները, ունենալով այս խնդիրները, աստիճանաբար հրաժարվել են հողերը մշակելուց, որովհետև դժվարություններ են ունեցել՝ կապված դեղորայքի, տրակտորի կամ նույնիսկ ջրի համար վճարելու հետ։ Մյուս խնդիրը ստացված բերքի մթերման խնդիրներն են, երբ որոշակի ներդրում կատարելուց և չարչարվելուց հետո գյուղացիները տեսել են, որ նման հնարավորություն ուղղակի չունեն կամ դրանք սահմանափակ են։ Այսինքն՝ կարող է այնպես ստացվել, որ բերքը մնա դաշտում։ Արդյունքում հողերը մնում են անմշակ ու աղակալվում են»,- ասաց Մակարյանը։

Նա նշեց, որ նույնատիպ խնդիրներ առկա են նաև անասնաբուժության ոլորտում, քանի որ կենդանիները չեն բուժվում ժամանակին, քիչ են անասնաբույժները, ժամանակին չեն կատարվում պատվաստումները, կերի ծագումն է անհայտ, գոմերում քիչ են կամ չկան անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաները, իսկ առկա գոմերը հին, խորհրդային գոմեր են։

Համեմատելով Գերմանիայի օրինակի հետ՝ տնտեսագետը նշեց, որ այնտեղ առկա լաբորատորիաները ստուգումներ են անցկացնում ամիսը մեկ անգամ,։ Հայաստանի պարագայում նման մոտեցումները բացակայում են, տարածված են կովերի հիվանդությունները և համաճարակները։ «Այսինքն՝ մեր մոտ այգեգործությունը, դաշտավարությունը և անասնապահությունը հիմնված են հնացած մեթոդների վրա»,- նշեց Մակարյանը։

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում նվազման միտումներին՝ Մակարյանը նշեց. «Ռուսաստանի կողմից գյուղմթերքի վրա դրված արգելքից զատ, գյուղատնտեսության ոլորտում նվազումը նկատվեց նաև այն պատճառով, որ այն տեղեկությունները, թե իբր մեր այգիները սերտիֆիկացված են եղել, չեն համապատասխանել իրականությանը և եղել են չափազանցված։ Նման սերտիֆիկատներ չունեն մեծ մասը։ Չունեն սա անասնապահների ու ձկնաբուծարանների մեծ մասը, ինչը նշանակում է, որ չէին համապատասխանում արտահանման համար անհրաժեշտ պահանջներին»։

Բացի այս, ըստ տնտեսագետի՝ գյուղացիների մեծ մասը կախված էր արտահանող ընկերություններից, և ոչ թե մթերողներից, ինչը Ռուսաստանի կիրառած սահմանափակումներից հետո զգալի վնաս հասցրեց գյուղատնտեսությանը։

Անդրադառնալով Եվրոպական խորհրդի վերջերս ընդունած որոշմանը, որի համաձայն Հայաստանին թույլատրվել էր կազմակերպել 6000-ից ավելի ապրանքատեսակների արտահանումը, որի 80 տոկոսը պետք է լինի մաքսային արտոնություններով, Մակարյանը բացատրեց, որ նման գյուղատնտեսությամբ մենք չենք կարող դեպի ԵՄ ապահովել մեծ ծավալների արտահանում։

«Չենք կարող սա ապահովել, որովհետև այդպիսի ապրանքներ չունենք։ Գյուղմթերքի ոլորտում մեր ապրանքներն ունեն ցածր մրցունակություն»,- ասաց նա։

Նա բացատրեց, որ արտահանվող ապրանքների ստուգման համար ԵՄ-ի սահմանած չափանիշների ցուցակը կազմում է ավելի քան 80 էջ։ Սրանք, Մակարյանի փոխանցմամբ, պահանջում են հստակ ցույց տալ այգու հողի պատմությունը մինչև հինգ տարի առաջ, հստակ ստուգումների հիման վրա մատնանշել հողի որակը, պահանջվում է հստակ քարտեզագրել ծառերի տեղադրությունները, թե որ հատվածներում ինչպիսի ծառեր են տնկված, մատնանշել դրանց բուժման ընթացքը, ներկայացնել օգտագործված ջրի որակի մասին տեղեկատվություն, բերքը հավաքելու գործընթացը՝ հստակեցնելով, թե որտեղ է այն հավաքվել (օրինակ՝ հողի վրա, թե որևէ այլ պահեստում), ներկայացնել պահեստը, պահեստավորման եղանակը, այգում աշխատող անձնակազմի հիգիենան, անձնակազմի առողջական վիճակը, անվտանգությունը և այլն։

«Ամենակարևորն այն է, որ սա տրվում է մեկ տարի ժամկետով, որովհետև հնարավոր է մշակողը այգին փոխի, ծառերը փոխի, բուժման մեթոդները փոխի։ Սրա համար ամեն տարի անհրաժեշտ է անցնել այդ սերտիֆիկացումը»,- ասաց Մակարյանը։

Մակարյանն ընդգծեց, որ այս ամենը հստակ ցույց է տալիս, որ հասարակ հայ գյուղացին չի կարող օգտվել ԵՄ արտոնություններից, սակայն սրա փոխարեն ԵՄ-ն առաջարկում է խմբային մոդելի աջակցության նոր ծրագիր, որը ենթադրում է մի քանի ֆերմերների կողմից սեփական արտադրանքը արտահանողին տալու և այդ ամենի արդյունքում սերտիֆիկացման ու շուկաներ հասնելու համար կատարվող ծախսերի պատասխանատվությունը արտահանողի վրա դնելու մոդել։

Պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր պետք է կիրառել գյուղատնտեսությունը վերականգնելու ու արտահանումը խթանելու ուղղությամբ, Մակարյանն ասաց. «Սրա համար պետությունը պետք է փորձի լավացնել մթերման երաշխիքները, ինչպես օրինակ ամեն տարի անում էր խաղողի, և այս տարի լոլիկի մթերման հարցում, որպեսզի բերքը դաշտում չմնա։ Պետք է զարկ տալ պահածոյագործությանը, քանի որ եթե չգիտենք, թե ում ու ինչպես վաճառենք բերքը, ապա այն պահածոյի վերածելուց հետո առնվազն երկու տարի ժամանակ կունենանք համապատասխան սպառման շուկան գտնելու համար։ Կարևոր է նաև, որպեսզի պետությունն օգնի պահածոյական գործարաններին շուկան գտնելու հարցում։ Սրա համար է, որ Արտաքին գործերի նախարարությանը, երբ առևտրի բլոկ ավելացրին, նաև ներառեցին, որպեսզի դեսպանատներն ավելի ակտիվ աշխատեն այս ուղղությամբ՝ հայկական արտադրանքների համար շուկաներ գտնելու ուղղությամբ։ Բացի այս՝ անհրաժեշտ է նաև գյուղատնտեսական ակադեմիաներում ուսուցանել գյուղատնտեսական նորարարությունները և շահագրգռել, որպեսզի ուսանողները ավարտելուց հետո զբաղվեն իրենց ստացած մասնագիտությամբ»։

Մակարյանը նաև նկատեց, որ արդեն տասը տարի է՝ Էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է օգնել և վարկեր սուբսիդավորել, որպեսզի գյուղացիները նոր այգիներ հիմնադրեն։

Տնտեսագետը նշեց, որ այդ նոր այգիներն արդեն պետք է համապատասխանեն վարչապետ Փաշինյանի հիշատակած ինտենսիվ գյուղատնտեսությանը։

«Հիմա այդ նոր այգիները պետք է լինեն սերտիֆիկացված, այսինքն՝ լինեն առողջ ծառեր՝ իրենց բերքատվությամբ, ինչպես նաև ոռոգումն այդ այգիներում պետք է կատարվի կաթիլային եղանակով, որը, ըստ ժամերի, ապահովում է շարունակական ոռոգումը։ Նաև, որպեսզի բերքը չփչանա, խոսվում է այգին ցանցապատելու մասին, որի նպատակը այն կարկուտից ու թռչուններից պաշտպանելն է։ Սրանց զուգահեռ կան նաև ջերմոցները, որոնցում էլ, բացի ոռոգման նման համակարգից ու պաշտպանվածությունից, արդեն ջերմաստիճանի կարգավորմամբ է կատարվում պտուղ-բանջարեղենի աճեցումը։ Սակայն այս դեպքում արտադրությունն ավելի թանկ է»,- ասաց նա։

Ըստ Մակարյանի՝ վարչապետը «ինտենսիվ այգիներ» ասելով ցանկացել էր նաև ընդգծել, որ պետք է վերանայվեն ու թարմացվեն այգեգործության մշակման տեխնոլոգիաները։

«Այգիների մշակման համար օգտագործվող փոքր տեխնիկան դժվարությամբ են մեր գյուղացիները գնում, որի համար պետությունը մեկ այլ՝ լիզինգային ծրագիր ունի, որպեսզի հեշտությամբ դրանք ձեռք բերվեն, ու սեփականատերն ինքը իր այգում գործողությունները կատարի, և ոչ թե այլ մարդկանցից կախված լինի, որպեսզի վճարի հողը վարելու, բերքահավաքի կամ ներկրարկումներ կատարելու համար»,- բացատրեց նա։

Ըստ նրա՝ գյուղատնտեսությունը կարևոր է ոչ միայն պարենային անվտանգության տեսանկյունից, որպեսզի Հայաստանը համապատասխան մրգերով ու բանջարեղեններով ապահովվի, այլ նաև այն պատճառով, որ զբաղվածության լավ հնարավորություն է ստեղծվում։

 

22 Սեպտեմբեր, 2026 13:39
Վեր