ՀՀ-ում օգտագործվող թմրամիջոցների տեսակները, մարզերը, անչափահասների ներգրավվածությունը և համացանցով տարածումը․ ՆԳՆ Zarkerak - ՀՀ-ում օգտագործվող թմրամիջոցների տեսակները, մարզերը, անչափահասների ներգրավվածությունը և համացանցով տարածումը․ ՆԳՆ
Zarkerak Zarkerak - ՀՀ-ում օգտագործվող թմրամիջոցների տեսակները, մարզերը, անչափահասների ներգրավվածությունը և համացանցով տարածումը․ ՆԳՆ
ՀՀ-ում օգտագործվող թմրամիջոցների տեսակները, մարզերը, անչափահասների ներգրավվածությունը և համացանցով տարածումը․ ՆԳՆ

ՀՀ-ում օգտագործվող թմրամիջոցների տեսակները, մարզերը, անչափահասների ներգրավվածությունը և համացանցով տարածումը․ ՆԳՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի 7 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12%-ով կամ 230-ով՝ 1923 դեպքից հասնելով 1693 դեպքի: Այս մասին Zarkerak.am-ին հայտնեցին ՀՀ Ներքին գործերի նախարարությունից:

Գերատեսչության փոխանցմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թվի աճ նկատվել է նախորդ տարում: 2025 թվականի ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3631 դեպք, մինչդեռ 2024 թվականին արձանագրված դեպքերի թիվը կազմել է 3017։ Ընդհանուր առմամբ 2025 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը նախորդող տարվա համեմատ աճել են  20,4%-ի կամ աճել 614 դեպքով:   

Միևնույն ժամանակ նախարարությունից հայտնում են, որ չնայած թմրամիջոցների շրջանառության դեպքերի նման աճին 2025 թվականին բարելավվել է բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 52,6%, 2024 թվականի 45,3%-ի դիմաց։ 2026 թվականի 7 ամիսների դրությամբ բացահայտումների թիվը կազմում է 51%:

Թմրամիջոցների շրջանառության արձանագրված դեպքերը ընթացիկ տարում մեծ են եղել Արմավիրի (31) և Վայոց Ձորի (12) մարզերում: 2024-2025 թվականներին առավել մեծ թվով դեպքեր են արձանագրվել Արարատի (65), Լոռու (51), Արագածոտնի (49), մարզերում։

Ընդգծելով, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը լատենտային բնույթ ունեն, ՀՀ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ դրանց հայտնաբերման և բացահայտման ցուցանիշների աճը պայմանավորված է նաև իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ։  Նաև նշվում է, որ հայտնաբերված և բացահայտված դեպքերի թվի աճը հիմք չէ թմրամիջոցների ապօրինի շրջանառության փաստացի ծավալների վերաբերյալ եզրակացություն կատարելու համար։

Անդրադառնալով, հարցին, թե ընդհանուր առմամբ որքան է կազմում հայտնաբերված թմրամիջոցների ծավալը, և թե որ տեսակներն են առավել շատ շրջանառվել, գերատեսչությունը նշել է. «2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 320 կգ 575 գր տարբեր տեսակի թմրամիջոցներ (մարիխուանա՝ 251 կգ 525 գր, հաշիշ՝ 27 կգ 293 գր, մեթամֆետամին՝ 16 կգ 76 գր, կանեփ՝ 14 կգ 814 գր և այլն), իսկ 2025թ. նույն ժամանակահատվածի ընթացքում 301 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ (մարիխուանա՝ 130 կգ 895 գր, հաշիշ՝ 77 կգ 966 գր, կանեփ՝ 53 կգ 323.805 գր, մեթամֆետամին՝ 21 կգ 104 գր և այլն)»:

Ներկայացված ցուցանիշների համաձայն նվազում է նկատվում նաև թմրամիջոցների յուրացման թվերում: Եթե 2026 թվականի 7 ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների իրացման 1054 դեպք, ապա նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 1153 դեպք։ Բարձր է նաև բացահայտման ցուցանիշը, որը կազմում է 21,5%, նախորդ տարվա 21,1%-ի դիմաց։

Ըստ ՀՀ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի հաշվառումների 2025 թվականին անչափահասների մասնակցությամբ արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 8 դեպք, որոնցից 5-ը՝ իրացնելու նպատակով, 3-ը՝ առանց իրացնելու նպատակի: Արդեն 2026 թվականի 7 ամիսների ընթացքում՝ 3 հանցագործության դեպք, որից 1-ը իրացնելու նպատակով, 2-ը՝ առանց իրացնելու նպատակի։

Գերատեսչության փոխանցմամբ ընթացիկ տարում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 249 դեպք, որոնցից 69-ը իրացման, իսկ 180-ը՝ ձեռքբերման դեպքեր են եղել։ Հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող շուրջ 480 համացանցային հարթակ, որոնցից 20-ը արգելափակվել է։

Նվազում է նկատվում նաև թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի հետ կապված: Այսպես, 2026 թվականի 7 ամիսների ընթացքում արձանագրված դեպքերի թիվը կազմել է 65՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 127 դեպքի դիմաց: Բացահայտման ցուցանիշը ընթացիկ տարվա համար կազմել է 83,1%, 2025 թվականի 89%-ի դիմաց:

Ընթացիկ տարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանրային քրեական հետապնդում է հարուցվել 43 օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության՝ 15, Ռուսաստանի Դաշնության՝ 13, Հնդկաստանի՝ 6:

Նախարարության ներկայացրած ցուցանիշների համաձայն 2025 թվականին 2024 թվականի համեմատ բարձր է եղել օտարերկրացիների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը, եթե 2025-ին դրանք կազմել են 102 դեպք, ապա նախորդ տարում դրանց թիվը կազմել է 62: Բոլոր դեպքերում մեծ է եղել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների ներգրավածությունը, նրանց հաջորդում են Ռուսաստանի Դաշնության և Հնդկաստանի քաղաքացիները:

28 Սեպտեմբեր, 2026 13:56
Վեր