Պայքար, նվիրում, բայց ոչ թիմային խաղ. Արթուր Ոսկանյանը՝ հավաքականի խաղերի, նախկին առաջատարների և երիտասարդներին շանս տալու մասին Zarkerak - Պայքար, նվիրում, բայց ոչ թիմային խաղ. Արթուր Ոսկանյանը՝ հավաքականի խաղերի, նախկին առաջատարների և երիտասարդներին շանս տալու մասին
Zarkerak Zarkerak - Պայքար, նվիրում, բայց ոչ թիմային խաղ. Արթուր Ոսկանյանը՝ հավաքականի խաղերի, նախկին առաջատարների և երիտասարդներին շանս տալու մասին
Պայքար, նվիրում, բայց ոչ թիմային խաղ. Արթուր Ոսկանյանը՝ հավաքականի խաղերի, նախկին առաջատարների և երիտասարդներին շանս տալու մասին

Պայքար, նվիրում, բայց ոչ թիմային խաղ. Արթուր Ոսկանյանը՝ հավաքականի խաղերի, նախկին առաջատարների և երիտասարդներին շանս տալու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ավելի մեծ էին սպասելիքները, իմ կարծիքով մենք ավելի լավ ֆուտբոլիստներ ունենք և հավաքականն ավելիին է արժանի»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի Չեռնոգորիայի ընտրանու հետ խաղում 2:3 հաշվով պարտությանը՝ ասաց «Օլիմպիա» ակումբի զարգացման ղեկավար, սպորտային տնօրեն, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Ոսկանյանը:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի 2026-27 խաղարկությունը մեկնարկել էր Լատվիայի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակով:

Ըստ Ոսկանյանի՝ մեր հավաքականն այս պահին ավելի թարմ է, սակայն բացակայում էր թիմային խաղը. «Պայքար, նվիրվածություն կար, բայց միայն դա բավարար չէ, շատ կարևոր է, որ լինի թիմային խաղ, դեռ անհատների հաշվին ենք խաղում, թիմային խաղի դեպքում արդյունքներն ավելի գոհացուցիչ կլինեն: Լատվիային էլ ավելի հեշտ պետք է հաղթեինք, ճիշտ է՝ լավ էր պաշտպանվում, բայց մենք որակապես ավելի լավ ֆուտբոլիստներ ունենք: Չեռնոգորիայի հավաքականն էլ տարբերվում էր Լատվիայից, կարգապահ թիմ էր ու կարողանում էր հարձակողական ֆուտբոլ խաղալ»:

Անդրադառնալով ծավալված քննարկումներին՝ կապված մի շարք ֆուտբոլիստների հավաքական չգալու որոշման հետ՝  Արթուր Ոսկանյանն ասաց. «Ցանկացած ֆուտբոլիստի համար մեծ պատիվ է խաղալ ազգային հավաքականում, մենք պետք է հասկանանք՝ որտեղ ինչն ենք սխալ արել, ինչն ենք բաց թողել, որ այսօր այդ ֆուտբոլիստները չկան հավաքականում: Հեշտ է միայն մի կողմից հարցին նայել՝ ասել ֆուտբոլիստը հրաժարվեց, արդեն քանի տարի է այս խնդիրը կա»:

Մասնագետը մեկ շատ կարևոր խնդիր առանձնացրեց. «Երբ ֆուտբոլիստը շատ լավ է խաղում՝ աստվածացնում ենք, իսկ եթե մի խաղում սխալ է անում ու խաղը չի ստացվում՝ նրա անունը գցում ենք, շատ վատ է, որ մեզ մոտ նման կուլտուրա կա: Շատ վատ է, որ մենք չենք կարողանում ճիշտ գնահատել մեր ֆուտբոլիստներին»:

Հարցին, թե արդյոք կան ֆուտբոլիստներ, ում կցանկանար Ոսկանյանը տեսնել ազգային հավաքականում՝ նա նշեց. «Տիգրան Բարսեղյանին, Հենրիխ Մխիթարյանին, Վարազդատ Հարոյանին կուզեի տեսնել հավաքականում, որովհետև փորձառու ֆուտբոլիստներ են, նրանք կարող են ինչ-որ չափով իրենց փորձը փոխանցել: Բայց պետք է հարգել նրանց որոշումը, պետք է հարգենք այդ մարդկանց տվածը հավաքականին, չէ որ նրանք երկար տարիներ խաղացել են, գոլեր են խփել, ուրախ պահեր են պարգևել, ինչպես կարելի է դա չհարգել: Գուցե ֆուտբոլիստը զգում է, որ չի կարող տալ այն, ինչ իրենից սպասում են, ցանկացած ֆուտբոլիստ հասկանում է, որ այդ դեպքում ավելի լավ է երտասարդները խաղան ու նրանց պետք է շանս տալ զարգանալու: Մենք արդեն քանի տարի է ուզում ենք երիտասարդ թիմ ստեղծել, երիտասարդ ֆուտբոլիստների շատ մեծ ցուցակ ունենք, որոնք այսօր կարող են լավ ներկայանալ մեր հավաքականում ու փոխարինել նրանց»:

C2 խմբի իր երրորդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով Կիպրոսին: Ոսկանյանի խոսքով՝ պետք է հաղթանակի սպասել և թիմային խաղը բարելավել. «Այս խաղում անպայման պետք է հաղթենք, որ պայքարենք առաջին հորիզոնականի համար»:

 

Աննա Բզնունի

29 Սեպտեմբեր, 2026 14:54
Վեր