Կրկնապատկված աշխատավարձ, մասնագիտության գրավչության բարձրացում և նոր սերնդի հետ աշխատանք. այսօր ուսուցչի օրն է Zarkerak - Կրկնապատկված աշխատավարձ, մասնագիտության գրավչության բարձրացում և նոր սերնդի հետ աշխատանք. այսօր ուսուցչի օրն է
Zarkerak Zarkerak - Կրկնապատկված աշխատավարձ, մասնագիտության գրավչության բարձրացում և նոր սերնդի հետ աշխատանք. այսօր ուսուցչի օրն է
Կրկնապատկված աշխատավարձ, մասնագիտության գրավչության բարձրացում և նոր սերնդի հետ աշխատանք. այսօր ուսուցչի օրն է

Կրկնապատկված աշխատավարձ, մասնագիտության գրավչության բարձրացում և նոր սերնդի հետ աշխատանք. այսօր ուսուցչի օրն է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Վերջին տարիներին իրականացվող քաղաքականությունները շատ հստակ ցույց են տալիս, թե ինչքան է ուսուցիչն արժևորված: Կառավարության ծրագրով առաջիկա 5 տարիների համար նախատեսված է, որ նոր օրենսդրական նախաձեռնություն պետք է լինի, որը նաև պետք է սահմանի ուսուցչի համար տարատեսակ սոցիալական և այլ բնույթի երաշխիքներ և արտոնություններ»,-այս մասին Zarkerak.am‑ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:

Թամարա Սարգսյան

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ-ում նշվում է ուսուցչի օրը: Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին շուրջ 4000 նոր մարդ է եկել համակարգ. «Հետաքրքիր է, որ հիմնականում մինչև 40 տարեկանների մասին է խոսքը, այսինքն՝ մարդիկ են, որոնք ունեցել են ուսուցչի մասնագիտություն, բայց չեն աշխատել, հիմա որոշել են, որ պիտի աշխատեն, նաև կարևոր է, որ տղամարդ ուսուցիչների տեսակարար կշիռն իրենց մեջ ավելացել է: Սա մեզ թույլ է տալիս մտածել, որ  քաղաքականությունները, որ հենց ուսուցչի մասնագիտության գրավչությանն են ուղղված՝ արդեն հասարակական արձագանք ստանում են, բայց ազդակ է, որ պետք է շարունակել դրանք, որպեսզի մրցունակ մասնագիտություն դառնա»:

Սարգսյանի խոսքով՝ կան մի քանի գործոններ, որոնք ազդել են ուսուցչի վարձատրության բարձրացման վրա. «Նախկինում, եթե ուսուցիչը դասավանդում էր շաբաթական 22 ժամ, դա էր համարվում 1 դրույքը, չափորոշչի ներդրման տրամաբանությամբ տարրական դպրոցում 18 ժամ դասավանդումն արդեն համարվում է 1 դրույք և 20 ժամ դասավանդումն էլ համարվում է 1 դրույք 5-րդ դասարանից բարձր դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: Եթե ուսուցիչը շարունակում է դպրոցում աշխատել նույն ծանրաբեռնվածությամբ, ինքնաբերաբար նշանակում է աշխատավարձի վերանայում, փոփոխություն: Մեզ մոտ նախկինում ֆինանսավորումն աշակերտների թվով էր, այս առումով շատ կարևոր փոփոխություն է եղել՝ ուսուցիչների վարձատրության նվազագույն շեմ է սահմանվել և ավելի արդարացի մոտեցում ունենք: Մյուս ավելի խոշոր փոփոխությունը, որ կապված է վարձատրության բարձրացման հետ՝ կամավոր ատեստավորման համակարգի ներդրումն է»:

Թամարա Սարգսյանը նշեց, որ ուսուցչական համակարգի 30 տոկոսն ունի առնվազն 200 հազար դրամ դրույքաչափ. «Սա նշանակում է, որ նույնիսկ միայն մեկ դրույքով ապահովված լինելու դեպքում արդեն իսկ ուսուցչի մաքուր աշխատավարձն էականորեն փոխվել է՝ կրկնապատկվել է: 650 հազար և ավելի բարձր ախատավարձ ստանում է 45 ուսուցիչ: 300 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվն անցյալ տարի մոտ 2000 էր, հիմա թարմացնում ենք տվյալները, կարծում եմ՝ փոփոխված կլինեն»:

Ըստ Սարգսյանի՝ երբ կրթության ոլորտում ինչ-որ փոփոխություն ու ռեֆորմ է տեղի ունենում, դա չի կարող թեկուզ մեկ տարվա ընթացքում արդյունքներում երևալ. «Չափորոշիչների, դասագրքերի փոփոխությունները, ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերը, տնօրենների նշանակման մեխանիզմների վերանայումն էականորեն կապված է կրթության որակի հետ: Օրինակ՝ այն երեխաները, որոնք 2023 թվականին 5-րդ դասարան են եղել, 7-րդ դասարան են եղել և արդեն մի քանի տարի նոր տրամաբանությամբ սովորել են, իրենց արդյունքներում մենք արդեն դա պետք է նկատենք: Պետք է խնդիրներն արձանագրենք, որ ճիշտ որոշենք մեր առաջնահերթությունները»:

Անդադառնալով տարիներ առաջվա ցուցանիշին՝ ըստ որի մինչև 10 տարեկանները ֆունկցիոնալ անգրագետ են՝ պաշտոնյան ասաց. «Այս ցուցանիշները 2015 թվականի  են, դրանից հետո ունեցել ենք երկու անգամ միջազգային ստուգատես՝ 2019-ին ու 2023-ին ու այստեղ ակնհայտ որակի իմաստով թրենդը դեպի աճ է գնում, հաջորդը կլինի 2027-ին, դրա արդյուքնները պետք է որ ցույց տան շատ ավելի բարձր ցուցանիշներ»:

Թամարա Սարգսյանը խոսեց նաև նորագույն տեխնոլոգիաների, հատկապես՝ ԱԲ-ի ազդեցության մասին. «Եթե նորագույն տեխնոլոգիաները գրագետ ձևով օգտագործվեն, շատ կօգնեն ուսուցիչներին: Հիմա գործընկերների հետ համագործակցությամբ նախարարությունը դպրոցներին  տրամադրում է ChatGTB Edu գործիքը, որով ուսուցիչները կարող են իրենց թեմատիկ պլանները գրել, տարբեր աշակերտների համար անհատականացված առաջադրանքներ մշակել, տարբեր ուսումնական նյութեր վերցնել, այսինքն՝ սրանք գործիքներ են, որոնք հեշտացնում են ուսուցչի աշխատանքը: Շատ կարևոր, որ ուսուցիչները տիրապետեն  գործիքներին, որովհետև դա կարող է հնարավորություն տալ ստուգել՝ ինչքանով են երեխաներն ինքնուրույն աշխատել, ինչքանով են տարբեր գործիքներ օգտագործել»:

Խոսելով նաև որոշ դեպքերում ուսուցիչների կաշկանդվածության մասին՝ Սարգսյանն ասաց. «Ինչու պետք է ուսուցիչը դասարանում անի մի բան, որը հանրայնացնելը  պետք է առաջացնի կաշկանդվածություն: Մենք խոսում ենք դասապրոցեսի մասին, որտեղ  ուսուցիչն աշխատում է 20-30 աշակերտի հետ, այսպես թե այնպես  այդ գործունեությունը հանրային է, եթե մենք խոսում ենք նրա մասին, որ ուսուցիչն ուզում է ձայնը բարձրացնել, բայց մտահոգվում է, որ երեխաները կարող են իրեն նկարել, ուզում է վիրավորական ինչ-որ բան ասել, էլ չեմ ասում ֆիզիկական բռնության անցնել, բայց հեռախոսները կաշկանդում են իրեն, ապա լավ է, որ կաշկանդում են: Այն ամենը, ինչ դպրոցում տեղի է ունենում, երեխաները վերցնում են որպես վարքականոն և կյանքում կիրառում են: Մյուս կողմից շատ մեծ ուշադրություն ենք դարձնում նրան, որ երեխաները պատշաճ վարքագիծ  ցուցաբերեն և իրենց իրավունքներն ու պարտականությունները պատշաճ ձևով կատարեն»:

Սարգսյանի խոսքով՝ ուսուցչի կերպարը պետք է օրինակելի լինի աշակերտի համար. «Եթե մենք խոսում ենք ուսուցչի այն կարծիքի պատկերացման մասին, որ ունեին նախորդ սերունդները, որ ուսուցիչները հաց չեն ուտում, ինչ-որ վայրեր չեն հաճախում, այսինքն՝ շատ ավելի փակ էր այդ պատկերացումը, ուսուցչի մասին կարծիքն իդեալականացված էր, հիմա այդ ընկալումը չկա, կարծում եմ՝ լավ է, որ չկա: Ուսուցիչը պետք է լինի ոչ թե  վերանձնային կերպար, այլ պետք է լինի օրինակելի, որովհետև երեխաների համար ուսուցչի կերպարն ամենաառաջնայինն է»:

Ինչ վերաբերում է ներկայիս սերնդին՝ Թամարա Սարգսյանն ասաց. «Երեխաներն այնպիսինն են, ինչպիսն պետք է լինեն և ինչպիսին աշխարհի բոլոր երեխաներն են: Միշտ ժամանակաշրջանը, տեխնոլոգիական զարգացումը ու տարբեր գործոններ ձավորում են  որոշակի մտածողություն, սերնդին բնորոշ առանձնահատկություններ, որը չի կարելի որակել ո՛չ որպես լավ, ո՛չ էլ որպես վատ: Պետք է ընդունենք, որ մեր սերունդն այնպիսինն է, ինչպիսին ձևավորվել է և պահանջում է ժամանակը: Պետք է կարողանանք ոչ միայն իրենց համապատասխանեցնել կրթությունը, այլ կանխատեսել, թե ինչպիսին պետք է լինի կյանքը օրինակ՝ 10 տարի հետո, երբ այսօրվա դպրոցականները պետք է դառնան մեծահասակներ, հասուն կյանք մտնեն և մեր կրթությունը պետք է համապատասխանեցնենք դրան»:

 

Աննա Բզնունի

05 Հոկտեմբեր, 2026 10:45
Վեր