Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պաշտոնապես ներկայացվեց COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը։ Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Արտաքին գործերի նախարարության մեր գործընկերները, հյուրեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
«COP17-ին ընդառաջ սա համաժողովի նշանավորման և դրա խորհրդանշական ժառանգության ձևավորման հերթական կարևոր դրսևորումն է։ Հատկանշական է, որ այն Կենտրոնական բանկի՝ վերամշակված արծաթից պատրաստված առաջին հուշադրամն է։ Ինձ համար կարևոր է, որ Երևանում կայանալիք համաժողովը թողնի ոչ միայն քաղաքական և մասնագիտական արդյունքներ, այլև տեսանելի ու մնայուն ժառանգություն։
Այս հուշադրամը ևս այդ ժառանգության մի մասն է՝ իր խորհրդով և ստեղծման եղանակով արտահայտելով մեր համաժողովի ուղերձը՝ «Գործելով հանուն բնության»։ Միջոցառման շրջանակում ցուցադրվել են նաև նախորդ տարիներին Կենտրոնական բանկի կողմից թողարկված՝ բնապահպանական թեմատիկայով հուշադրամները՝ ներկայացնելով բնության և կենսաբազմազանության պահպանության թեմայի շարունակական արտացոլումը դրամագիտական նախաձեռնություններում։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին այս կարևոր նախաձեռնության համար»,- գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։

