Ազգային ժողովի երեկվա տեսարանները վաղուց արդեն չեն զարմացնում։ Եվ հենց դա է ամենամտահոգիչը։ Պատգամավորները հերթական անգամ կարողացան խորհրդարանի աշխատանքը վերածել անձնական վիրավորանքների, գոռգոռոցի ու ֆիզիկական բախման։ Վեճը դուրս եկավ բանավեճի սահմաններից և շարունակվեց անգամ նիստերի դահլիճից դուրս։
Բայց այս պատմության մեջ հետաքրքիրն անգամ այն չէ, թե ով առաջինը սկսեց, ով ում պատասխանեց կամ ով ումից ավելի բարձր գոռաց։ Հարցն այն է՝ ի՞նչ քաղաքական արդյունք ստացավ ընդդիմությունն այս ամենից։
Ոչ մի։
Հանրությանը երեկվա կրկեսային տեսարանից հետո դարձյալ մնաց նույն հարցը՝ իսկ քաղաքական ասելիքը ո՞րն էր։
Ընդդիմությունը կարող է իշխանության հետ չհամաձայնել, կարող է կոշտ քննադատել, կարող է նույնիսկ ամենասուր ձևով վիճարկել կառավարության յուրաքանչյուր որոշում։ Դա խորհրդարանի բնական գործառույթն է։ Բայց դրա համար գոյություն ունի ամբիոն, օրակարգ, հարցադրումներ, առաջարկներ, օրենքների նախագծեր և քաղաքական ծրագիր։ Բռունցքը դրանցից ոչ մեկը չի փոխարինում։
Ավելին, երբ ընդդիմադիր պատգամավորն իրեն թույլ է տալիս խորհրդարանում մտնել ֆիզիկական բախման մեջ, նա առաջին հերթին կորցնում է այն առավելությունը, որը պետք է ունենա ընդդիմությունը՝ քաղաքական ու բարոյական հակադրության առավելությունը։
Իշխանությանը քննադատելու համար պետք է ցույց տալ, որ դու կարող ես կառավարել ավելի լավ, խոսել ավելի համոզիչ և լուծումներ առաջարկել ավելի արդյունավետ։ Իսկ եթե քո գլխավոր քաղաքական արտադրանքը հերթական սկանդալն է, ապա ընտրողին փաստացի ասում ես՝ «մենք իշխանության հետ չենք համաձայնում, որովհետև չենք համաձայնում»։ Սա քաղաքականություն չէ։
Երեկվա ԱԺ նիստը հատկապես լավ ցույց տվեց մեկ այլ խնդիր՝ ընդդիմության մի հատված կարծես այլևս չի փորձում փոխել հանրային տրամադրությունը գաղափարներով։ Փորձում է փոխել այն տեսարաններով։
Տեսախցիկների առաջ լարված դեմք, բարձր ձայն, կոշտ ռեպլիկ, սեղանին հարված, վիճաբանություն, հետո՝ լրագրողների մոտ հայտարարություն այն մասին, թե ով է մեղավոր։
Այս ամբողջ շղթայի մեջ միայն մի բան է բացակայում՝ այն, ինչի համար ընդհանրապես գոյություն ունի խորհրդարանը։ Քաղաքական բովանդակությունը։
Եվ այստեղ ընդդիմությունը պետք է ոչ թե իշխանությանը, այլ առաջին հերթին ինքն իրեն հարց տա՝ եթե վաղը ընտրողը ձեզ ասի՝ «լավ, իշխանությունից դժգոհ եմ, իսկ դուք ի՞նչ եք առաջարկում», ի՞նչ եք պատասխանելու։
Որ ավելի բարձր եք գոռալու՞։
Որ ավելի կոշտ եք հրմշտելո՞ւ։
Որ հաջորդ անգամ ավելի մեծ սկանդալ եք կազմակերպելո՞ւ։
Եթե սա է քաղաքական պայքարի ամբողջ զինանոցը, ապա խնդիրն արդեն իշխանության հետ մրցակցության մեջ չէ։ Խնդիրը հենց ընդդիմության քաղաքական դատարկությունն է։
Եվ ամենավատն այն է, որ այս ամենը ներկայացվում է որպես հերոսություն։
Մինչդեռ պետության համար սա հերոսություն չէ։ Սա խորհրդարանի հեղինակության հերթական կորուստն է։
Հայաստանին պետք է ընդդիմություն, որը իշխանությանը կարող է պարտության մատնել ոչ թե միջանցքում, այլ գաղափարների դաշտում։
Որովհետև իշխանությունը փոխելու համար բավական չէ իշխանությունից դժգոհ լինել։
Պետք է կարողանալ ապացուցել, որ դու ունես ավելի լավ պետության նախագիծ։
Երեկվա տեսարանները այդ նախագծի մասին ոչինչ չասացին։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


