Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոր Սահմանադրության ընդունման գաղափարին անգամ համաձայնություն տալը ընդդիմության համար կնշանակի կրակել սեփական ոտքին ու ընդունել, որ իրենց շուրջ 30 տարիների կառավարման շրջանը եղել է մեղմ ասած անարդյունավետ և խոտաններով լի, որի առաջնային դրսևորումը եղել հենց գործող Սահմանադրությունը: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ հիշեցնելով, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը ոչ այլ ինչ են, քան գործող Սահմանադրության հայրերը համարվող առաջին, երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական թիմերը:
Իրավագետի գնահատմամբ ընդդիմադիր ուժերն ու իրենց առաջնորդները բանականաբար պատասխանատվության ենթարկվելու ու պատմության առաջ մեղանչելու որևէ ցանկություն չունեն, մինչդեռ նոր Սահմանադրության շուրջ համաձայնության գալը կնշանակի, որ պետք է նաև ընդունեն 1995, 2005 և 2015 թվականների սահմանադրական հանրաքվեների կեղծված լինելու հանգամանքը:
«Ելնելով այս ամենից և ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների տարածվող հայտարարությունների բովանդակությունից կարծում եմ, որ որպես ինստիտուցիոնալ միավորումներ սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար վեց ձայն տրամադրելուն չեն համաձայնվելու: Նոր Սահմանադրության ընդունման ողջ գործընթացը վիժեցնելու նպատակ ունենալով, նրանք անտեսում են ցանկացած հետևանք: Հետևաբար գործ ունենք ամեն գնով «ոչ» ասելու վարքագծի դրսևորման հետ, ինչը նշանակում է, որ իշխանությունների կողմից նախանշած հետևանքները իրենց չեն անհանգստացնում ու որևէ ձևով դեմ չեն»,-ասաց Խալաթյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը ինչ-որ պահի չի կարող ներկայացնել Սահմանադրության իր այլընտրանքային նախագիծը Խալաթյանը նշեց. «Այստեղ կարևորը այն է, թե իրենց հյուսիսային հովանավոր Ռուսաստանը ինչ դիրքորոշում կունենա այդ գործընթացի հետ կապված: Ես ոչինչ չեմ բացառում, բայց բոլոր դեպքերում իրենց դիրքավորմամբ կարծում եմ փորձում են ձեռնպահ մնալ և չընկղմվել նոր Սահմանադրություն ունենալու օրակարգում, և դա կապ չունի ում օրակարգը կլինի՝ իրենց, թե իշխանության: Կարծում եմ իրենց քաղաքական «բագաժը», կամ եթե կարելի է ասել քաղաքական կապիտալը թույլ չի տալիս այդ օրակարգը ընկալել որպես ընդունելի և հետագա քաղաքական գործունեության համար օգտակար: Խնդիրը նաև այն է, որ իրենց գնահատմամբ գործող Սահմանադրությունը ոչ իրավական, ոչ էլ քաղաքական խնդիրներ չունի»:
Ըստ Խալաթյանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը նախնական է և ունի որոշակի խնդրահարույց կողմեր, սակայն դրա հետ մեկտեղ բավականին ներառական է:
«Փորձ է արվել հնարավորինս կարգավորված տեքստ հրամցնել ժողովրդի դատին: Կարծում եմ հետագա հղկումների պարագայում մենք իրոք շանս ունենք ունենալու ժողովրդի «հագով կարված» Սահմանադրություն: Կարծում եմ գրված է ժողովրդի պահանջներին համահունչ և հակաժողովրդավարական կետեր որպես այդպիսին չկան: Գաղափարական առումով նույնպես խնդիր չեմ տեսնում»,-ասաց իրավագետը:
Ըստ նրա նոր Սահմանադրության՝ տեքստում խաղաղության ձգտման մասին ամրագրումները ավելի շուտ ուղղված են Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությանը: Ըստ էության ընդգծվում է, որ Հայաստանը հարևաններին քաղաքական երաշխիքներ է տրամադրում ու դադարում է ուղղակի կամ անուղղակի տարածքային պահանջներ ներկայացնելուց:
Պատասխանելով հարցին, թե որոնք են այն կարևոր փոփոխությունները, որոնք նկատելի են, Խալաթյանը նշեց. «Առաջնայինը վեթինգի ինստիտուտի ներդրումն է: Սա նշանակում է, որ բացի Սահմանադրական դատարանի դատավորներից մնացած բոլորը անցնելու են գույքային, բարեվարքության և մասնագիտական ստուգման գործընթացի միջով: Երկրորդը դա օտարերկրյա անձանց համար ՀՀ տարածքում հողի սեփականության իրավունք ձեռք բերելու արգելքի սահմանումն է: Երրորդը՝ ընդդիմության դերակատարման ուժեղացումն է Ազգային ժողովում: Չորրորդը և թերևս ամենակարևորներից մեկը այն ընդգծումն է, որ վարչապետի թեկնածուն այնպայման պետք է լինի խորհրդարանի պատգամավոր, ինչը նշանակում է, որ արգելք է սահմանվում երբևէ հանրության ներգրավմամբ վարչապետի թեկնածուներ առաջադրելու կամ նշանակելու դեմ»:
Իրավագետի գնահատմամբ Սահմանադրության նախագծի տեքստում նաև երկար սպասված գործիքի ներդրում էր այն ձևակերպումը, որ կուսակցությունների կողմից հակաանկախական քարոզչությունը կարող է հիմք դառնալ այդ կուսակցությունների արգելման համար: Ըստ նրա սա հակապետական ու գործակալական ուժերին քաղաքական դաշտից քշելու հիմնական մեխանիզմն է, որի կարիքը վաղուց կար:
Անդրադառնալով հարցին, թե քաղաքացիությունից զրկելու կետի ներառումը և դրա պահպանումը Սահմանադրության տեքստում կարո՞ղ է խնդիրներ ստեղծել և թե նման դեպքում քաղաքացին ինչպիսի՞ իրավական կարգավիճակ կունենա, Խալաթյանը նշեց. «Ընդհարապես նման դրույթ ունենալը միջազգային իրավունքի տեսանկյունից խնդրահարույց է: Կարծում եմ այն ընթացքում կհեռացվի, որովհետև մարդուն քաղաքացիությունից զրկելը միջազգային փաստաթղթերով թույլատրելի ակտ չի հանդիսանում»:
Խալաթյանը նաև անդրադարձավ մի քանի խնդրահարույց կետերի: Նրա գնահատմամբ դրանցից է առաջին և երկրորդ գլխով հիմնական իրավունքները միմյանց հետևից շարադրված լինելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ չեն նշվում ընդգծված իրավունքերի սահմանադրական նշանակությունները և դրանցից յուրաքանչյուրի սահմանափակման առանձնահատուկ հիմքերը:
Նա նաև խնդրահարույց է համարում այն, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամները ընտրվելու են ԱԺ-ի կողմից: «Ըստ էության դատական իշխանության բարձրագույն ներկայացուցչությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը միակողմանի կախման մեջ է ընկնում օրենսդրից, այն պարագայում երբ, որ գործող կարգավորումներով նախատեսված է որոշակի բալանս»,-ասաց Խալաթյանը:
Որոշակի խնդիրներ Խալաթյանը նաև տեսնում է նախագահի լիազորությունների ընդլայնման մասով, մասնավորապես այն հոդվածով, որ նախագահն ունի բարձրագույն դատական խորհուրդի նիստեր հրավիրելու իրավունք և դա այն դեպքում, երբ դատական խորհրդում նրա համար որևէ կարգավիճակ չկա սահմանված, հետևաբար չի էլ կարողանալու որևէ հարցի շուրջ քվեարկել:
«Անհասկանալի է, թե սա ինչ է, լիազորություն է, թե որևէ լիազորության իրականացման համար իրականացվող գործողություն է, ինչ իրավական հետևանքներ է առաջացնելու: Սրանով մի կողմից գործառույթ է սահմանվել, որ հետևելու է դատավորների իշխանությանը, մյուս կողմից այլ լիազորություններ այս ուղղությամբ չեն սահմանել: Ընդհանրապես այսօր էլ, նախագահը իր կարգավիճակից ելնելով կարող է և՛ ԲԴԽ նախագահին և ՍԴ նախագահին հրավիրել իր մոտ և զրուցել տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ»,-ասաց իրավագետը:
Խալաթյանը նաև նկատեց, որ նախագծով, եթե ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն չձևավորվի ապա այն ենթակա կլինի լուծարման: Ըստ նրա պետք է նաև ներդնել այնպիսի դրույթ, որը հնարավորություն կտա կառավարություն ձևավորել նաև խորհրդարանական փոքրամասնությանը, քանի որ ժողովուրդը ընտրել է որոշակի քաղաքական խճանկար և դա պետք է իրացվի:
«Միայն բոլոր հնարավորությունները սպառելուց հետո նոր պետք է գնալ լուծարման ու արտահերթ ընտրությունների: Պետք է, որպեսզի նախագահը բոլոր խորհրդարանական խմբակցություններին պատվիրակի կառավարություն կազմելու լիազորությունը հերթականությամբ, և եթե որևէ մեկը չկարողանա այն կատարել, ապա նոր ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, և եթե սա էլ չաշխատի նոր գնալ լուծարման: Այլ կերպ ասած կայուն մեծամասնական համակարգից, որը գործում է այսօր, պետք է հրաժարվել, որը իմ կարծիքով խնդրահարույց է»,-ասաց իրավագետը:


