ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին: ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում նախնական կտեղակայվի երկու տարի ժամկետով, կառավարման շտաբը կգործի Հայաստանում:
Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս առաքելության տեղակայումը Հայաստանում, Zarkerak.am-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը. «Առաջին հերթին սա ազդում է Հայաստանի անվտանգային իրավիճակի բարելավման վրա, իհարկե հասկանալի է, որ այն ռազմական ներկայություն չէ, այլ քաղաքացիական է, այդուամենայնիվ, նույնիսկ քաղաքացիական ներկայությունը որոշակի առումով զսպում է տարածաշրջանային պետություններին ազատ ձեռքերով գործելու և անելու այն, ինչ ցանկանում են՝ միջազգային հանրությանն այլ բան ցույց տալով: Հայաստանի արտաքին քաղաքականությունում տեղի է ունենում դիվերսիֆիկացիա, եթե նախկինում Հայաստանն ամբողջապես կախված էր մեկ պետությունից՝ Ռուսաստանից, ապա այսօր այդ բալանսը հավասարակշռվում է, ավելին՝ հաշվի առնելով Ռուսաստանի դիրքավորումը թե՛ արցախյան հարցում, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում, Հայաստանը փորձում է այլ գործընկերներ փնտրել, որովհետև Հայաստանի շահերն այս փուլում ավելի շատ համընկնում են այլ գործընկերների հետ»:
Թե ինչու է Եվրամիությունը շահագրգռված մեր տարածաշրջան առաքելություն ուղարկելու հարցով, քաղաքագետն ասաց. «Հայաստանն արևելյան գործընկերության ծրագրի անդամ է, Եվրամիության սահմանային պետություն է և ԵՄ-ի համար շատ կարևոր է իր սահմաններին ունենալ անվտանգային առումով կայուն իրավիճակ, այստեղ Եվրամիության հետաքրքրությունը կա: Երկրորդն այն է, որ Եվրամիության գլխավոր պետություններից մեկը Ֆրանսիան է և Ֆրանսիան փորձ է անում ԵՄ-ի ձևաչափով տարածաշրջանում հաստատվել և իր աշխարհաքաղաքական հետագա պլաններն իրագործել: Իհարկե, հաստատվելու համար լավագույն տարբերակը Հայաստանն է, որը մշտապես բարեկամական հարաբերություններ է ունեցել Ֆրանսիայի հետ»:
Մեր այն հարցին, թե արդյոք այս ամենն իր մեջ բացի արդյունքից նաև ռիսկեր չի պարունակում և որքանով է հնարավոր, որ այս առաքելությունը զսպի Ադրբեջանի նկրտումները Հայաստանի նկատմամբ՝ Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ԵՄ քաղաքացիական-դիտորդական առաքելությունը ՀՀ-ի համար ռիսկեր է պարունակում, թերևս կարելի է միայն նշել Ռուսաստանի դժգոհությունը: Սահմանին լարվածություններ կամ սադրանքներ չլինելու զսպող միակ գործիքը կարող է լինել Հայաստանի վերականգնված ռազմական բալանսն Ադրբեջանի հետ, ինչը ներկայում չկա: Ամբողջապես որևէ բան զսպել հնարավոր չէ, այդ թվում դա չի կարող անել ԵՄ առաքելությունը: Բայց, այնուամենայնիվ, այդ առաքելությունը շատ կարևոր է անվտանգության որոշակի հատված ծածկելու համար, ինչը կարելի է իրականացնել թե՛ տեղեկատվության օպերատիվ փոխանակման միջոցով, թե՛ միջազգային հանրությանն ավելի բարձր ձայնով դիմելու և ավելի սերտ շփումներ իրականացնելու համար»:
Ըստ Ղևոնդյանի՝ ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանի կողմից դժգոհություններ կան ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված, քանի որ այստեղ կա աշխարհաքաղաքական գործոն: Իսկ թե այս ամենի արդյունքում հնարավոր է արդյոք ռազմական բախումը, քաղաքագետը նշեց. «Սադրանք կամ ռազմական գործողություններ իրականացնելու համար Ադրբեջանը շատ փոքր է, որպեսզի ինքը որոշի և իրականացնի: Իհարկե, հնարավոր է, որ նա համաձայնություն ստանա այդ գործողություններն իրականացնելու համար, բայց, այդուամենայնիվ, պետք է հաշվի առնենք միջազգային իրավիճակն այստեղ: ԱՄՆ պետաքարտուղար Էնթոնի Բլինքենի զանգն Ալիևին և պահանջը, ինչի մասին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը գրել է, ընդ որում գրել է առանց նշելու, թե Ադրբեջանի նախագահն ինչ է խոսել, սա՝ ակնհայտորեն ցույց է տալիս, որ ԱՄՆ-ին չի հետաքրքրում, թե ինչպիսի արդարացումներ է գտել Ալիևը: Այսպիսի միջազգային իրավիճակում դեռևս կարծում եմ՝ Ադրբեջանին նման թույլտվություն չի տրվի, որպեսզի ռազմական էսկալացիա լինի: Բայց սա չի նշանակում, որ ինչ որ փոփոխություններից հետո դա չի կարող լինել, դա կարող է լինել ամեն պահի, Հայաստանը պետք է պատրաստ լինի»:
Աննա Բզնունի


