Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը Թուրքիայի կողմից ինչպե՞ս կազդի հայկական շուկայի վրա․ կան արդյոք ռիսկեր. փորձագետների դիտարկումները Zarkerak - Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը Թուրքիայի կողմից ինչպե՞ս կազդի հայկական շուկայի վրա․ կան արդյոք ռիսկեր. փորձագետների դիտարկումները
Zarkerak Zarkerak - Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը Թուրքիայի կողմից ինչպե՞ս կազդի հայկական շուկայի վրա․ կան արդյոք ռիսկեր. փորձագետների դիտարկումները
Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը Թուրքիայի կողմից ինչպե՞ս կազդի հայկական շուկայի վրա․ կան արդյոք ռիսկեր. փորձագետների դիտարկումները

Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը Թուրքիայի կողմից ինչպե՞ս կազդի հայկական շուկայի վրա․ կան արդյոք ռիսկեր. փորձագետների դիտարկումները

Հունվարի 6-ին տեղեկատվություն տարածվեց, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը: Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ.-ի հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին հրավիրված ասուլիսում այս իրողությունը կարևոր քայլ համարեց՝ նշելով. «Կարծում եմ, որ այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում, և միջազգային մեծ կարևորություն է ձեռք բերում: Այս իմաստով, իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը, և հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում: Ես հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շարժվել այս ճանապարհով»:

Zarkerak.am-ը թեմայի շուրջ զրուցեց  «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ. «Օդային փոխադրումներից օգտվելը կախված է նրա արժեքից: Բացի այն, որ օդային փոխադրումն արագ է, իհարկե լավ է 1.5-2 ժամում կարելի է ապրանքը հասցնել Թուրքիա օդային ճանապարհով, բայց նաև պետք է հաշվի առնել, թե ինչ գին կունենա և ինչպիսի ապրանքներ կարող են գնալ: Հայաստանի էժան ապրանքներ արտադրողները չեն կարողանա օգտվել այդ հնարավորությունից, որովհետև դա կարող է թանկ ստացվել, մանավանդ, եթե այն Թուրքիայում պետք է վաճառվի, որովհետև այսօր աշխարհում Թուրքիան էժան ապրանքներ արտադրող երկիր է՝ կենցաղային սարքեր, հագուստներ, տեխնոլոգիական հոսքագծեր և այլն, նույնիսկ Չինաստանի հետ կարողանում է բավականին հաջող մրցակցել: Այսինքն, Թուրքիայի հզոր տնտեսությունը, հզոր էկոնոմիկան չի կարող կլանել ապրանքներ, որոնք էականորեն կարող են թանկ լինել իր երկրի շուկայում»:

Գագիկ Մակարյան

Գագիկ Մակարյանն այս ամենի կողքին շեշտեց մի կարևոր հանգամանք. «Եթե տվյալ ապրանքները Թուրքիայից շարունակվեն արտահանվել այլ երկրներ, այսինքն, օդային ճանապարհով ապրանքը տարվի Թուրքիա, հետո այնտեղից օրինակ ավտոտրանսպորտով մի քանի ժամում հասցվի Եվրոպա, այ սա կարող է հետաքրքիր լինել: Ինչ վերաբերում է թանկ ապրանքներին՝ ոսկերչական իրեր և այլն, սրանք կարող են արդեն ինքնաթիռով տեղափոխվել: Միջինից թանկ ապրանքների համար օդային ճանապարհը հետաքրքիր կլինի՝ Հայաստանից դեպի Թուրքիա: Ինչ վերաբերում է հետդարձին, ապա այստեղ էլ իհարկե՝ այս նույն հանգամանքը կա, բայց այստեղ կա մի նրբություն, թե բեռնափոխադրումներն ում ավիաընկերությամբ պետք է տեղի ունենան: Կարծում եմ, որ դա թուրքական կլինի, իսկ Թուրքիան դա կարող է օգտագործել խորամանկ ձևով: Նա կարող է օրինակ, իր կողմից թռիչքները սուբսիդավորել դեպի Հայաստան, այսինքն, դրանով էքսպանսիայի հնարավորություններ ստեղծել հայկական ապրանքների նկատմամբ Հայաստանի շուկայում: Այսինքն, եթե իր կառավարությունը սուբսիդավորի բեռնափոխադրումները Թուրքիայից դեպի Երևան, այլ ոչ թե Երևանից Թուրքիա գնացողները, ապա այս դեպքում մենք կհայտնվենք անհավասար մրցակցության մեջ: Մենք չենք կարողանա այստեղից արտահանել, կամ քիչ բան կարտահանենք, իսկ ինքը շատ բան կբերի, սա շատ լուրջ կփոխի բալանսը ներքին շուկայում և տեղական արտադրողները կհայտնվեն բավականին խիստ անհավասար մրցակցության մեջ»:

Թե ինչ պետք է անեն տեղական արտադրողները, որպեսզի չտուժեն այս իրավիճակում, Գագիկ Մակարյանն ասաց. «Տեղական արտադրողները չեն տուժի այն դեպքում, երբ մեր տեղական արտադրության որակը, ընկերություններում արտադրողականությունը, արդյունաբերական ձեռնարկությունների մոդեռնիզացիան, պետական աջակցության ծրագրերը կամ լիզինգային հնարավորություններն ավելի արագ սկսեն արդյունք տալ, քան թուրքական ապրանքները կսկսեն ներմուծվել: Դա պետք է ավելի արագ անենք, որը քիչ հավանական է, որովհետև դա միայն պետությունից կամ ընկերություններից կախված չի, դա գործընթաց է, որը որոշակի ժամանակ է խլում: Ուրիշ բան է, որ մենք այս հնարավորության լավագույն կողմերն օգտագործենք, ուսումնասիրենք շատ ապրանքներ և փորձենք արտադրել սեփական ուժերով, այսինքն մենք փորձենք ծանոթանալ առանձնահատկություններին, մրցակցային կողմերին և այլն: Պետք է իմանանք, որ Թուրքիան այսօր աշխարհում առաջին հնգյակի մեջ է մի քանի ոլորտներում»:

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանն էլ անդրադառնալով թեմային՝ նշեց, որ եթե այն որպես առանձին վերցրած իրողություն դիտարկենք, ապա դրա ազդեցությունը այդքան էլ շոշափելի չի լինի. «Օդային բեռնափոխադրումների ասպեկտը կոնկրետ հայաստանյան տնտեսության համար չի լուծում այն գլխավոր խնդիրը, որը պայմանավորված է տրանսպորտային հաղորդակցության ուղիների շրջափակմամբ: Առավել կարևոր է ավտոտրանսպորտով կատարվող բեռնափոխադրումների երկկողմ հնարավորության ստեղծումը, որոնք անհամեմատ ավելի մեծ ծավալներ կարող են ապահովել և կարող են շուկաների վրա էական ազդեցություն ունենալ: Օդային բեռնափոխադրումներն ուղղակի ընդհանուր ապաշրջափակման կամ հաղորդակցության ուղիները բացելու համակարգային կամ շղթայական քայլերի օղակներից մեկն են»:

Արմեն Քթոյան

Քթոյանն ասում է՝ օդային բեռնափոխադրումներով դժվար է մեր շուկան այնպես հագեցնել, որ ազդեցությունը տեսանելի լինի։

«Ի սկզբանե իհարկե հաշվի առնելով Թուրքիայում լիրայի արժեզրկման բավականին բարձր մակարդակը՝ այստեղ մենք ոչ շահեկան վիճակում կարող ենք հայտնվել, բայց մյուս կողմից էլ Թուրքիայում գնաճի բավականին բարձր մակարդակ կա, 5-6 անգամ ավելի բարձր, քան Հայաստանում, և այս տեսանկյունից գնաճի այս տեմպը կարող է հակակշռել այն, որ լիրայի արժեզրկմամբ պայմանավորված դրամով արտահայտված թուրքական ապրանքները որակապես կարող էին ավելի էժան լինել: Սրանք պոտենցիալ մրցակցային տարբերություններ են, որոնք ավիափոխադրումների պարագայում, ըստ էության, չեն կարող դրսևորվել: Ավիաբեռնափոխադրումներով արդարացված է այնպիսի ապրանքների լոգիստիկայի կազմակերպումը, որոնք բարձր ավելացված արժեք ունեն, ավելի շատ տեխնոլոգիական ապրանքներ են: Հայաստանյան շուկայի համար թուրքական ծագման առավել հետաքրքրություն ներկայացնող ապրանքներն ավելի շատ լայն սպառման ապրանքներն են, որոնք տվյալ կապուղով փոխադրվելու պարագայում խնդրահարույց կլինեն: Այո, այսօր թուրքական ապրանքները մրցակցային առավելություն ունեն հայկական շուկայում, բայց օդային փոխադրումներով այդ մրցակցային առավելությունն իրացնելը դժվար թե ստացվի»:

Ինչ վերաբերում է հայ արտադրողներին, ապա Արմեն Քթոյանի կարծիքով, քիչ կլինի հայ արտադրող, որն օդային ճանապարհով կփորձի ապրանք արտահանել Թուրքիա. «Մինչև այդ փոխադրմանը հասնելը, պետք է լուրջ աշխատանք ծավալվի, մարքեթինգային, հետազոտական աշխատանք իրականացվի: Պետք է այդ համալիր աշխատանքը կատարվի, հետո հասկանան, թե ինչ կարող են նրանց առաջարկել»:

Մյուս կողմից էլ տնտեսագետը շեշտեց, որ հայ արտադրողները կբախվեն նաև Հայաստանում իրենց ապրանքներն իրացնելու խնդրին. «Հայկական շուկայում մեր ապրանք արտադրողները կբախվեն ավելի խիստ մրցակցության: Բայց նաև ասեմ, որ սա ավիափոխադրումների պարագայում այդ սրությամբ չի ընդգծվի, որովհետև այն գնային տարբերությունը, որը կա, կարող է դրսևորվել միայն ցամաքային բեռնափոխադրումների պարագայում: Օդայինի պարագայում ինքնարժեքը բարձր է ստացվում և այդ գնային տարբերությունները չեզոքացվում են: Այստեղ խնդիրը Թուրքիան չի, մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեր հարևանները խոշոր շուկաներ են, իրենք մեծ ծավալով ապրանք արտադրելու նախ կարողություններ, և երկրորդը՝ փորձ ունեն, մեր շուկայում իրենց ընկերությունների հետ մրցակցելը բավականին բարդ է լինելու»:

Աննա Բզնունի

25 Հունվար, 2023 14:21
Վեր