Մասնագիտություններ ‹‹հատուկ›› կանանց համար՝ դիահերձարանից մինչև օդանավակայան ու երևանյան տաքսոպարկ․ կանանց նվիրված ևս մեկ օր Zarkerak - Մասնագիտություններ ‹‹հատուկ›› կանանց համար՝ դիահերձարանից մինչև օդանավակայան ու երևանյան տաքսոպարկ․ կանանց նվիրված ևս մեկ օր
Zarkerak Zarkerak - Մասնագիտություններ ‹‹հատուկ›› կանանց համար՝ դիահերձարանից մինչև օդանավակայան ու երևանյան տաքսոպարկ․ կանանց նվիրված ևս մեկ օր
Մասնագիտություններ ‹‹հատուկ›› կանանց համար՝ դիահերձարանից մինչև օդանավակայան ու երևանյան տաքսոպարկ․ կանանց նվիրված ևս մեկ օր

Մասնագիտություններ ‹‹հատուկ›› կանանց համար՝ դիահերձարանից մինչև օդանավակայան ու երևանյան տաքսոպարկ․ կանանց նվիրված ևս մեկ օր

Հունվարի 25-ը ՅՈՒՆԿԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է որպես Կանանց բազմակողմանի ներգրավվածության օր։ Այո', կանայք այսօր ամենուր են ու, անկախ հասարակական կարծրատիպերից ու կասկածամիտ հայացքներից, կանանց նրբագույն ձեռքերը ամեն տեղ հասնում են, անգամ այնտեղ, որտեղ թվում է՝ սովորույթի ուժով չպետք է լինեն։ Նրանք այսօր աշխարհի ամենասառնասիրտ աշխատանքն էլ են անում, մի քանի տոննայանոց ինքնաթիռ  էլ կառավարում ու խցանված ճանապարհներին հաճախորդին արագ ու անվտանգ տեղ հասցնող տաքսիստ էլ դառնում։ Zarkerak.am-ը գնացել  է արտասովոր ու անսովոր, դեռ մեզանում զարմանքով ընկալվող  մասնագիտության տեր կանանց պատմությունների հետևից՝ զրուցել նրանց հետ օդում, ցամաքում  ու․․․․ շատ չվախենաք՝ դիահերձարանում։

Տաքսու վարորդ Լուսինեն կամ դպրոցում  ընկեր Մարտիրոսյանը

‹‹Հիմա պատվերի մեջ չեք, չէ՞››,- կեսկատակ հարցնում ենք Լուսինե Մարտիրոսյանին։ Լուսինեի դեպքում այս հարցը տեղին է, տաքսու վարորդ է, ոչ ավելի, ոչ պակաս 7 տարի․ ‹‹Մեքենաս  8 տարի առաջ ձեռք բերելիս էլ մտածում էի, որ պիտի անպայման տաքսի վարեմ››,- այս որոշումը Լուսինեի համար մանկության երազանք չէր, ոչ էլ խաղալիք մեքենաներով հիանալու արդյունք, սա հասուն կնոջ գիտակցված ընտրություն էր, հոբբի, որ պետք է զուգակցվեր աշխատանքի հետ։ Իսկ Լուսինեն մի այլ աշխատանք արդեն իսկ ուներ։

Լուսինե Մարտիրոսյանը

‹‹Երգ-երաժշտության ուսուցչուհի եմ, դպրոցում  ընկեր Մարտիրոսյան եմ››,- ժպիտով ասում է Լուսինեն, որ դպրոցից դուրս գալիս ընկեր Մարտիրոսյանից սահուն անցում է կատարում տաքսու վարորդ Լուսինեին։

Եթե անկեղծ, թե իրեն էր ժամանակ պետք  ինքն իրեն իբրև տաքսիստ ընդունելու, թե  հանրությանը՝ կնոջը որպես  տաքսիստ վստահելու, երկուսն էլ, կարծես, տարիների ընթացքում հաղթահարել են փորձությունը․ ‹‹Երբ նոր էի տաքսի վարում ամեն անգամ  մեքենան նստելիս, հաճախ էի լսում՝ ‹‹վայ-վայ՝ կին է››։ Եղել է, որ դուռը բացել են տեսել են կին է, փակել են, պտտվել են մեքենայի կողքերը, էլի եկել նստել են։ Սկզբում ինձ համար էլ այդ արձագանքը  հաճելի չէր։ Բայց  հիմա, երբ նստում են  ու նորից՝ ‹‹վայ են›› անում, ուշադրություն չեմ  դարձնում։ Ընդհանրապես, կողքի կարծիքներին ու կին տաքսու վարորդների մասին կարծրատիպերին երբեք ուշադրություն չեմ դարձրել››։

Լուսինեին տաքսի վարել որոշելիս 2 մարդու կարծիք է հետաքրքրել՝ ամուսնու և դստեր․ ‹‹Ամուսինս  սկզբից էլ շատ նորմալ է նայել։ Ինքն էլ աշխատում նույն բնագավառում, շատ է եղել, որ անգամ պատահաբար իրար հանդիպենք  ճանապարհին՝ պատվերների մեջ››,- քաղաքի աղմկոտ  փողոցներով Լուսինեն երբեմն անցնում է նաև աղջկա հետ, գուցե  փոքրիկն էլ  նայելով կարգապահ մայրիկին ցանկանա տաքսի վարել, դեռ փոքր է, դժվար է ասել․ ‹‹Աղջիկս շատ նորմալ է ընդունում, գիտի՝ մաման տաքսիստ է››։

Աշխատանքը ժամանակի ընթացքում  հարազատ է դարձել․ ‹‹Երբեմն  հաճախորդները  ասում են՝ չեք նյարդայնանում երթևեկությունից, բայց ես  վարելով լիցքաթափվում ու  հանգստանում եմ››,- Լուսինեի հանդարտությունն ուղևորին էլ է փոխանցվում, թե սկզբում երբեմն  կասկածանքով ու վախվխելով են նստում, վերջում  կին թե տղամարդ ասում են՝ ‹‹հազար տղայից լավ ես քշում››։  

Թե ժամանակին Լուսինեն լսում էր, ‹‹վայ  վարորդը կին է››  կիսավախեցած-կիսազարմացած բառերը, հիմա հատկապես կանացից հաճախ է լսում՝ ‹‹վայ, ինչ լավ է՝ կին է››․ ‹‹Կանայք թե դիմահարդարվում են, թե  անգամ երեխային են կերակրում մեքենայում, ավելի ազատ են։ Ճանապարհն էլ զրուցելով ենք անցնում››,- տղամարդկանց հետ Լուսինեն զրույցի բռնվել չի սիրում՝ միայն բարև Ձեզ, ցտեսություն։

Եթե ամբողջ ճանապարհին պատվիրատուն Լուսինեի հետ բառ էլ չփոխանակի, միայն շուրջ նայելով էլ կհասկանա՝ Լուսինեն հարգում է հաճախորդին՝ մեքենան աչք շոյող մաքուր է․ ‹‹Ինքս էլ փորձում եմ միշտ կոկիկ ու զուսպ տեսքով լինել։ Մեքենայի հանդեպ էլ եմ ուշադիր, պիտի մաքուր, հարմարավետ լինի, նաև մեքենայում չեն ծխում››։

‹‹Հիմա կինն վարորդները բավական շատ են››,-ասում է Լուսինեն․ ‹‹Մեր հանդեպ վերաբերմունքն էլ փոխվել է,առանջընթաց ունենք, բայց կան  կարծրատիպեր, ժամանակի ընթացքում, կարծում եմ՝ կհղկվի››,- Լուսինեն էլ քանի-քանիսի կարծիք- վերաբերմունք է հղկել կին վարորդների մասին,  հիմա էլ հպարտությամբ է նկատում․ ‹‹Ժամանակին, երբ տաքսի էի վարում, դեռ ոչ մի  կին չէր  վարում››։

Անշնչացած մարմնի դիմաց․ դիահերձող տիկին Լաուրայի մտորումները

«Ընդունվել եմ Դիլիջանի բժշկական քոլեջ՝ 1978-ին, որոշել էի ավարտելուց հետո դառնալ «խիրուրգ»։ Սովորելու ընթացքում ամուսնացա ու «խիրուրգ» դառնալու նպատակներս չիրականացան, փոխարենը՝ մի քանի տարի բուժքույր աշխատեցի։ Բայց ինձ միշտ էլ հետաքրքրել է մարդու անատոմիան, նայել եմ շատ դիահերձումներ, հետո հանգամանքների բերումով ընդունվեցի դիահերձարան աշխատանքի՝ 1986 թ-ից մինչև օրս»,- Իջևանի դատաբժշկական կենտրոնի 63-ամյա դիահերձող Լաուրա Նազինյանն այսօր տանն է․ սպիտակ խալաթից  ու ծանր աշխատանքի ճնշող մտքերից գոնե տանն է փորձում ազատվել։ Բայց այսօր չենք թողնում, տիկին Լաուրայի հետ իր մասնագիտությունից ենք խոսում ու մի խիստ կանացի հարց էլ տալիս․ կնոջ՝  ի բնե նուրբ հոգին այս գործում ո՞նց է դիմանում։

Լաուրա Նազինյանը

Լաուրա Նազինյանը 26 տարեկանում  ձեռքը վերցրեց բժշկական գործիքները, երիտասարդ էր այս ծանր գործի համար, բայց․ «Ես սկզբից էլ ոչ մի վախ  չեմ ունեցել, մտածել եմ ՝ ոնց որ  «խիրուրգն» է աշխատում  կենդանի մարդու հետ, ես էլ աշխատել եմ անշունչ մարդկանց հետ։ Բայց, սկզբում հոգեբանորեն հեշտ չի եղել, մինչև այսօր էլ սթրեսների մեջ եմ, բայց դե աշխատել եմ»,- տարիների ընթացքում Լաուրայի ձեռքերն աշխատանքում այլևս չեն դողում, բայց սիրտը հուզմունքից հաճախ է թրթռում․ ինչ դեպք ասես չի տեսել ու տեսնում։

Իսկ անշունչ մարմինների հետ աշխատող Լաուրայի մասնագիտական ընտրությունն ընտանիքն ու իջևանյան հանրությունը ինչպե՞ս ընդունեց․«Այդ ժամանակ ամուսնացած էի, ամուսինս հեշտությամբ ընդունեց, գիտեր՝ աշխատանք է, անում եմ, ոչ մի բան չի ասել, դեմ չի եղել։ Ժողովուրդն արդեն ինձ սովորել է, ոչ մեկի համար արտասովոր չէր, հենց սկզբից էլ ընդունել են ինձ, հարգել, սիրել»,-այս հարգել-սիրելու մեջ տիկին Լաուրան տեսնում է իր՝ որպես մասնագետի ամենակարևոր հատկանիշը՝ պետք  է հասկանալ ու հարմարվել վշտի տիրոջը, խնդիրը հարթեցնել, խոսելու ձև իմանալ ամեն տեսակ մարդու հետ։

 

Իսկ հնարավո՞ր է սիրել այս սիրտ մաշող մասնագիտությունը, եթե վիրաբույժ դառնար, կյանք կփրկեր, իսկ դիահերձարանում ամեն ինչ այլ է․«Տանջալի աշխատանք է։ Սթրեսներն անպակաս են, առանց դրանց չի լինում, հատկապես երիտասարդ մահերից շատ եմ ազդվում։ Առանց էմոցիաների չես կարող,  ցավդ տանեմ, ես շատ վատ եմ տանում ամեն մի պահը։ Տարիներ են պահանջվել, որ հարմարվեմ ու քիչ ազդվեմ իմ աշխատանքից, փորձեմ  այստեղից դուրս գալ ու չհիշել՝ ինչ եմ արել։  Բայց և մտածում ես՝ մյուս բժիշները պատասխանատու են կենդանի մարդկանց համար, ես էլ իմ գործի մեջ եմ պատասխանատու»։

Իսկ անգամ անշնչացած մարդկանց օգնելու հարցում էլ հոգատարություն է  պետք, նրանց գեղեցկացնել ու ներկայանալի դարձնել է պետք, սրա համար Լաուրայի ձեռքի տակ միշտ դիմահարդարման աշխատանքային պարագաներ կան․ «Եթե անհրաժեշտ է դեմքի հարդարում, անպայման անում եմ։ Դե, կապտուկներ է պետք փակել, վերքեր։ Կանանց դիմահարդարելն էլ մի քիչ ուրիշ ձև է ստացվում։  Որ ասեմ գնացել եմ, պրոֆեսիոնալ սովորել եմ՝ ոչ, բայց  աշխատում եմ գեղեցկացնել, վերացնել թերությունները»,- Իջևանում գիտեն, որ տիկին Լաուրան նույնքան սրտացավ էլ այս պարագաներն է ընտրում․«Գնում եմ, համ մուգ մաշկի, համ բաց մաշկի համար պուդրաներ եմ ընտրում, խանութում էլ գիտեն՝ ով եմ, ինչի համար եմ գնում, գաղտնիք պահելու բան էլ չկա»։

Գաղտնիք պահելու բան չկա նաև այն հարցում, որ տիկին Լաուրան որքան էլ ուժեղ կին լինի, հաճախ է մտածել  հանել սպիտակ խալաթն ու անվերադարձ դուրս գալ սենյակից, բայց փոխարինող չի եղել։ Հիմա էլ հետահայացք գցելով  դժվարությամբ է մտաբերում կին դիահերձողների․ «Ինքս ծանոթներ չունեմ, բայց հատուկենտ կլինեն։ Լսել եմ, որ այս վերջերս արդեն դիահերձարաններում աշխատում են ջահել աղջիկներ»։

Տիկին Լաուրային չի զարմացնում, որ այստեղ կանայք շատ չեն, բնական է, ու նույնքան էլ բնական է, որ ինքն էլ իր դստերը, աղջիկ թոռանը կամ ցանկացած կնոջ խորհուրդ կտա երկար մտածել՝ դիահերձարան մտնելուց առաջ․ «Տանջալից աշխատանք է՝ հա՛մ հոգեպես ես տանջվում, հա՛մ ֆիզիկապես։ Այս մասնագիտությունը  ներքուստ ուժեղ կնոջ համար է,  ամեն կին չի կարող, այստեղ պետք է ամեն ինչ տեսնելու պատրաստ լինես, այնպիսի դեպքեր կան»։

Լաուրա Նազինյանն անփոխարինելի աշխատավայրում վաղն էլի սպիտակ խալաթն է հագնելու․ այստեղ նրան արդեն 35 տարուց ավելի ոչ մի կին չի փոխարինում։

1000 թռիչքային ժամ երկնքում․ Դիանա Խաչատրյանի օդային կյանքը

«Երբ 2,5 տարեկան աղջիկս  նոր էր գնում  մանկապարտեզ՝ ասել էր իմ մաման օդանավով է աշխատանքի գնում»,- ժպիտով պատմում է 27-ամյա օդաչու Դիանա Խաչատրյանը։ Եթե Դիանայի դուստրը մի քանի բան ավել էր պատմեր, բոլորը կիմանային, որ մայրիկը դեռ ՀՀ-ում կարծես թե միակ կինն է, որ հերիք չէ «օդանավով է գնում» աշխատանքի, այլ նաև  որպես երկրորդ օդաչու արդեն մեկուկես տարի ուղևորներ է փոխադրում Երևանից Մոսկա, Թբիլիսի և հակառակը։

Կպատկերացնե՞ր տարիներ առաջ ռեժիսոր դառնալ ցանկացող Դիանան, որ օդապարիկով թռչելը տարերքից կվերածվի օդում մշտապես լինելու կոնկրետ ցանկության․ «Օդապարիկով թռիչքները ստիպեցին մասնագիտական կողմնորոշումն էլ փոխել, սկսեցի մտածել օդաչու դառնալու մասին, սրան գումարվեց նաև օդանավերի հանդեպ մեծ  սերը։ Նպատակի հետևից գնալով ընդունվեցի ավիաուսումնական կենտրոն, մի քանի տարի սովորեցի ու անցա ավիաըներությունում աշխատանքի»։

Դիանա Խաչատրյանը

Փոքրամարմին աղջիկ, մի քանի տոննայանոց ինքնաթիռ, իրեն մի քանի ժամով վստահվող մարդկային կյանքեր՝ Դիանան պատրաստ էր այս փորձությանը, բայց այ իր շուրջը կասկածամիտ փսփսոցներ շատ է լսել․ «Իհարկե, լսել եմ կարծրատիպային տեսակետներ։ Ընտանիքս էլ  շատ թեթև փորձել է ինձ մտափոխել, բայց  իմ բնավորության դեպքում անհնար էր, հիմա արդեն ընտանիքս ինձնով հպարտանում է։ Կողքից էլ  սկզբում շատ կարծիքներ կային, իհարկե երևում է, որ որոշ մարդիկ այդքան էլ լավ չեն վերաբերվում, ինչ-որ մարդիկ կան, որ ասում են՝ դա կնոջ մասնագիտություն չէ»,- Դիանան էլ կարծում է՝ մեզ մոտ այս ոլորտում կանայք գրեթե չկան, քանի որ ոլորտն ինքնին զարգացած չէ, բայց ինքը ճանաչում է դրսում աշխատող հայ կին օդաչուների․ «Այս գործում սեռը դեր չի խաղում, էլի նույն պատասխանատվությունն է, նույն աշխատանքն ենք անում, բայց վերաբերմունքի ու վստահության հարցում  կին ու տղամարդ օդաչուների մեջ տարբերություն դեռ դրվում է»։

Դիանան լավ է հիշում իր առաջին թռիչքը, երբ թիկունքում տասնյակ մարդիկ էին, իսկ գլխում մի միտք՝ արդարացնել տարիների սովորածն ու աշխատանքը, կառավարել ինքնաթիռն ու իրենց ենթարկեցնել երկինքը․ «Իմ  թռիչքային ժամերը մոտավորպես 1000-ն են։ Բայց չեմ մոռանա առաջին թռիչքային ժամերը, երբ արդեն ուղևորներ էի փոխադրում։ Վախ չկար, բայց կար լարվածություն, երբ հասնում ես մեծ նպատակիդ իրագործմանը, լարվածությունն էլ բնական է»։

Դիանային հանդիպող ուղևորների լարվածությունն էլ երբեմն բնական է, քանի որ ամեն քայլափոխի կին օդաչու չես տեսնի․ «Դեպքեր լինում են, որ զարմանում են, երբ օրինակ համազգեստով տեսնում են օդանավակայանում։ Եղել են նաև դեպքեր,երբ հիանում են, ասում են՝ կեցցես։ Մարդիկ կան՝ ասում են՝ ես իր հետ չեմ թռչի։ Բայց դեռ նման դեպքեր չեն եղել, որ իրոք չթռչեն»,-ժպիտով մտաբերում է Դիանան։

Իսկ երբ վայրէջքի ընթացքում լսում է ուղևորների ոգևորված ծափերը, ինքն իրենից գո՞հ է մնում․ «Ծափահարությունները մեզ մոտ չեն լսվում (ծիծաղում է)։ Երևի թե՝ հաճելի է լսել կամ զգալ այդ շնորհակալությունը, բայց մյուս կողմից էլ գիտակցում ես, որ դա աշխատանք է, և ես հաճույքով եմ գնում աշխատանքի՝ փորձելով գործս  լավ անել»։  

Խորհուրդ կտա՞ Դիանան հայ աղջիկներին ընտրել մասնագիտական այս օդային ճանապարհը․ «Կախված է  նրանից, թե ինչքան է աշխատելու ցանկությունը մեծ։ Ես իրականում ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս։ Պատճառները շատ են՝ չես կարողանում կառավարել ժամանակը, հստակ չեն աշխատանքային ժամերը, բայց միևնույն է ինձ այլ մասնագիտության մեջ չեմ պատկերացնում», -ասում է Դիանան ու նշում՝ դուստրը որքան էլ գերված է մայրիկի մասնագիտությամբ, երբեմն սրտնեղում է ՝ «ասում է՝ չեմ ուզում իմ մաման օդաչու լինի, ուզում եմ իմ մաման մամա լինի»։ Ինքը գիտի՝ ինչով եմ զբաղվում, հետաքրքրվում է, բայց ես էլ փորձում եմ օդաչուի մասնագիտության մեջ շատ հետաքրքրություն չմտցնել, որ իր մոտ էլ օդաչու դառնալու ցանկություն հանկարծ չառաջանա․ հեշտ գործ ու կենսակերպ չէ»։

«Առօրյա կյանքին մեկ-մեկ երկնքից եմ նայում»,-ժպիտով ասում է օդաչու Դիանան։

 

Մարիամ Մկրտչյան

25 Հունվար, 2023 18:57
Վեր