Բանակը, զինվորը, ազատամարտիկ պապիկը, արիության պսպղուն մեդալներն ու հայրենիքը․ փոքրիկ(ների) զրույցներ մեծական թեմաներով կամ շնորհավոր Հունվարի 28 Zarkerak - Բանակը, զինվորը, ազատամարտիկ պապիկը, արիության պսպղուն մեդալներն ու հայրենիքը․ փոքրիկ(ների) զրույցներ մեծական թեմաներով կամ շնորհավոր Հունվարի 28
Zarkerak Zarkerak - Բանակը, զինվորը, ազատամարտիկ պապիկը, արիության պսպղուն մեդալներն ու հայրենիքը․ փոքրիկ(ների) զրույցներ մեծական թեմաներով կամ շնորհավոր Հունվարի 28
Բանակը, զինվորը, ազատամարտիկ պապիկը, արիության պսպղուն մեդալներն ու հայրենիքը․ փոքրիկ(ների) զրույցներ մեծական թեմաներով կամ շնորհավոր Հունվարի 28

Բանակը, զինվորը, ազատամարտիկ պապիկը, արիության պսպղուն մեդալներն ու հայրենիքը․ փոքրիկ(ների) զրույցներ մեծական թեմաներով կամ շնորհավոր Հունվարի 28

«Երազ իմ երկիր հայրենի․․․»․ 31 տարիների ընթացքում քանի հայ տղա է զինվորական համազգեստի տակ թրթռացող սրտով երգել «հոգսերը շատ, հույսը՝ մեծ» երկրի մասին, երգել հիմնը՝ Հայոց բանակի։ Իսկ այսօր հունվարի 28-ն է, այսօր հանուն հայրենիքի կռվածների, կռվողների, սահմանին կանգնածների ու կյանքը չխնայածների օրն է․ տոն՝ բոլորի մասին։  

«Բալե՛ս, դե լսի պատմեմ կռվի տարիներից»,- քա՜նի պապիկ  այսօր գիրկը կնստեցնի թոռանը ու հիշողության անիվը հետ կտա՝ պատմելով պայքարի, հայրենիքի ու բանակի մասին։ Թոռները պապիկներից շատ բան են սովորել՝ թոռները բանակի արժեքը գիտեն, նրանց մանկուց է ներարկվել՝ մի զինվոր էլ իրենք  են։ Zarkerak.am-ը զրուցել է բանակի ապագա զինվորների և բանակի ապագա «զինվորական վերնախավի» հետ,  սրանք փոքրիկ զրույցներ են՝  մեծական թեմաներով ու մեծ արժեքների մասին։   

N զորամասի վաշտի ապագա հրամանատար Էրիկ Սաղաթելյան

12 տարեկան  Էրիկ Սաղաթելյանն է։ Նրան ճանաչելու համար պարտադիր է իմանալ, որ․ «7 տարի սովորում եմ, 7 տարում էլ գերազանցիկ եմ, դառնալու եմ իրավաբան ու դատավոր, որ ոչ մի կաշառք չլինի», մեկ էլ,  որ արդարության, ուժի ու խիզախության մասին բոլոր պատմությունները պապիկից է լսել՝ ազատամարտիկ, Արցախյան երեք պատերազմների մասնակից Վոլոդյա Սաղաթելյանից։ 

Էրիկը

«Իմ համար կարևոր օր է հունվարի 28-ը, քանի որ դա բանակի օրն  է և մեր զինվորները տանջվել են մեզ համար, որպեսզի մեր սրտի ուզածի պես ապրենք»,- Էրիկը երկմտում է, գուցե արժե՞ր «տանջվելու» փոխարեն ուրիշ բառ ասել, բայց, ախր, պապիկն է այդպես պատմել, ուրեմն տանջվել են ու վերջ․ «Հա պապիկն է  պատմել, որ տանջվել են, պապիկը երեք անգամ կռիվ  է արել թուրքերի դեմ և այդպես էլ պատմել է ինձ, ես էլ իմ մեջ եզրակացություն եմ կազմել, որ զինվորի համար հեշտ չի եղել»։

«Այսօր պետք է հիշենք զոհված զինվորներին»,- ասում է Էրիկը, որը պապիկից է լսել Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի մասին ու, անկեղծ ասած, Էրիկը պապիկից այնքան բան է լսել, որ պատմի-պատմի չի վերջանա․«Պապիկն իմ ծնված օրվանից էլ ինձ պատմել է իր կռիվներից, ցույց է տվել իր զինվորական նկարները, զինվորներին ու զենքերը»։

Վոլոդյա Սաղաթելյանը

Հետո տղան անթաքույց հպարտությամբ ասում է ՝ պապիկն այնպես է կռվել, որ իր ջոկատում զոհեր չլինեն, բա հպարտանալու բան չէ՞․«Պապիկով շատ եմ հպարտանում, քանի որ դպրոցում, շրջապատում, որ  հարցնում են ով  ես՝ ասում եմ պապիկս ազատամարտիկ է։ Իմ պապիկը պատմել է, թե ոնց է կռվի ժամանակ կյանքը մի քանի անգամ փրկվել ու իր բոլոր քաջությունների  համար էլ պապիկը շատ մեդալներ է ստացել»։

«Այդ  մեդալներով նկարվել եմ՝ «Մարտական ծառայության», «Մարտական Խաչի», հատկապես դրանք շատ եմ հավանում»,-Էրիկին համառորեն խնդրում ենք ուղարկել պապիկի մեդալներով իր լուսանկարը․«Բա որ ծանոթներից տեսնե՞ն,գիտեն, որ պապիկի մեդալներն են, ախր ես դեռ արժանի չեմ այդ մեդալներին», - ասում է Էրիկը, բայց մեր փաստերը հզոր են՝ ինքն ուժեղ տղա է՝ ապագայում հաստատ արժանի կլինի։

«Ես կուզեմ զինվոր դառնամ։ Կռվելուց էլ չեմ վախենում։ Բայց այս դարում միայն համարձակությունն ու «դուխը» հերիք չի, պետք է  զինտեխնիկա ունենաս։Մենք ունենք բանակ, քաջ զինվորներ, բայց չունենք շատ զինտեխնիկա, իմ պապիկն է ասել՝ այս վերջին պատերազմից հետո՝ 44-օրյայից։ Ես այդ ժամանակ 10 տարեկան էի, ամեն պահի սպասում էի՝ պապիկը զանգի, լավ լուր հայտնի»,- ազատամարտիկ պապիկը շատ հարցերում է խնայել Էրիկի լավատես մտքերը, միայն լավն էլ պատմել է։

Մի խոսքով, 6 տարուց ճանապարհում ենք բանա՞կ․ «Դե հիմա էլ եմ պատրաստ, եթե ինչ-որ բանով կարողանամ օգնել՝ պատրոն լցնեմ օրինակ։ Հա,12 տարեկան եմ, բայց  կապ չունի, իմ պապիկի արյունն իմ մեջ է հոսում, ես իր տղայի տղան եմ, դրա համար ես ենթադրում եմ, որ այն ինչ ինքն է արել, ես էլ կկարողանամ անել, տեր կկանգնեմ հայրենիքին»,- իսկ ի՞նչ է հայրենիքը․ «Հայրենիքն իմ հայրական ու մայրական տունն է, որը պետք է պաշտպանել»,- բայց դեռ Էրիկի բանակ գնալուն շատ կա, փոխարենը որոշում է իր հայրենիքը հենց այս պահին  պաշտպանող զինվորներին մի երկու ջերմ խոսք ասել․ «Ես կմաղթեի քաջ առողջություն, երբեք իրենց դիրքերը չթողնեն ու հետ չգան ու առանց պատերազմի խաղաղ երկիր ունենանք, պապիկն ասում է՝  աշխարհում դրանից կարևոր բան չկա»։

N զորամասի ապագա հրամանատար Գոռ Գրիգորյան

Գրիգորյան Գոռն է՝ Արցախյան առաջին պատերազմի, Քառօրյա, 44-օրյա պատերազմի մասնակից, ազատամարտիկ, կոչումով փոխգնդապետ, Նվեր Հարությունյանի  9-ամյա թոռնիկը։ Սկզբի համար նշենք, որ Գոռը լուրջ տղա է, ժպտում է հազվադեպ, նկարներում մեզ համար հատուկ ժպտում է․ հաճելի է։ Դե գիտեք՝ նա հավանում է հայրենիքի մասին ցանկացած զրույցի թեմա․ «4-րդ դասարանում եմ սովորում, չեմ որոշել ինչ եմ դառնալու։ Բայց հաստատ զինվոր եմ դառնալու, հատկապես, որ մամայի պապան ազատամարտիկ է, ես իմ պապիկով շատ եմ հպարտանում»։

Գոռն ու Նվեր Հարությունյանը

Իսկ պապիկով հերթական անգամ հպարտանալու ամենասիրելի օրերից մեկն էլ հունվարի 28-ն է․ «Հունվարի 28-ի մասին ծնողներս ու պապիկն են պատմել, զինվորների տոնի օրն է։ Պապիկն էլ է շատ լավ  զինվոր։ Պապիկը շատ բան է պատմել, կռվել է թուրքերի դեմ։ Ինձ մի 10-20 նկար ցույց է տվել կռվից։ Դպրոցում էլ գիտեն, մանկապարտեզում էլ, որ պապիկս ազատամարտիկ է։ Նկարը մեր մանկապարտեզի պատին էլ կա»։

Գոռը բանակի մասին ի՞նչ գիտի․«Բանակում ծառայում են տարբեր զինվորներ։ Բայց կանայք բանակ չեն գնում, իրենք ավելի թույլ են, քան տղամարդիկ․ տղամարդիկ էլ գնում են բանակ, որ պաշպանեն հայրենիքը։ Ես մտածում եմ, որ գնում են բանակ, որովհետև կարող  է պատերազմ լինի։ Նվեր պապիկն ասել է՝  պատերազմները լավ բան չեն»,- Գոռը մանկական միամտությամբ հարցնում է․ «Բայց որ պատերազմ չլինի, էլ իմաստը ո՞րը կլինի գնան բանակ, թող պատերազմ չլինի, որ տղաները մնան իրենց  հարազատների կողքին։ Բայց դե, մեր հարևաններն են պատերազմ անում»,- Գոռի հետ համաձայնում ենք՝ թող էլ ոչ մի պատերազմ չլինի ու բոլոր տղաները հանգիստ ծառայեն։

«Զինվորը պետք է լինի առողջ ու պինդ կազմվածքով, թիկնեղ։ Իսկ բնավորությամբ մարտական։ Ես էլ պետք է հասցնեմ այդպես լինեմ, որ գնամ բանակ»,- հետո ավելի քան անկեղծ․ «Ուզում եմ զինվոր դառնալ՝ բայց 50-50 հա՛մ հա, հա՛մ չէ, «սիրտս խփում է », որ  բանակից վատ բան եմ լսում։ Եթե ամեն ինչ լավ լինի, այ էդ ժամանակ կուզեմ ծառայեմ։ Պատերազմ թող չլինի, որ զինվորներ էլ պետք չլինեն։Բայց դե հասկանում եմ, առանց զինվորների չենք կարող»։

«Բայց պապիկը ինձ ու երկու եղբայրներիս ասել է , որ տղան պետք է պաշտպանի հայրենիքը։ Որ ասում են հայրենիք՝ գիտեք ինչ եմ հիշում՝ մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում։ Ինձ համար հայրենիքը մեծ հպարտություն է, ոնց որ իմ  երջանկությունը լինի, մաման ու պապան էլ են հայրենիքի մեջ»,- հայրենիքի մեջ են նաև պապիկի մեդալները, որոնք ստացել է հենց այդ նույն սրտաչափ հողը պաշտպանելու համար․ «Վերջին շքանշանն եմ շատ սիրում, ոնց որ փոխգնդապետի շքանշան է, առաջին պատերազմից էլ շատ շքանշաններ ունի։ Ես էլ շքանշան կուզեի ու մեկ էլ կուզեի պապիկին նմանվեի իր քաջությամբ, զինվորական մարտնչությամբ»( Էրիկի հորինած «մարտնչություն» բառի փոխարեն դրեք խիզախ բառի ցանկացած հոմանիշ,իմաստը չի փոխվի)։

Գոռն այնքա՜ն շատ է սիրում զինվորական համազգեստը․ «Պապիկին, որ տեսնում եմ այդ հագուստով մի տեսակ զգաստանում եմ, ես էլ կուզեի։ Համ էլ պապիկն էնքան մարտական բաներ ունի, իր զինվորական շիշն ու վրանը նվիրել է մեզ»,-ազատամարտիկ պապի նվերներից մեկն էլ թոռներին արժեքներ փոխանցելն է՝ բանակ, հայրենիքի գինն իմանալ, խաղաղությունը գնահատել․ «Եթե ծնունդ, կնունք կամ առիթներ են լինում  պապիկն առաջինը  զինվորների մասին է կենաց ասում, հետո խաղաղություն ցանկանում»,- իսկ թե հիմա մի կենաց էլ Գոռը մեր զինվորներին նվիրեր, ի՞նչ կասեր․ «Ձեզ խաղաղություն ու առողջություն, հեսա շուտով, ես էլ կգամ»։

N զորամասի թիկունքի ապագա պետ Սոկրատ Հակոբյան

«Ես էլ եմ Սոկրատ Հակոբյան, բարև Ձեզ»,-հենց այսպես էլ սկսում ենք ազատամարտիկ, Արցախյան առաջին, Քառօրյա և 44-օրյա պատերազմի մասնակից Սոկրատ Հակոբյանի թոռան՝ 10-ամյա Սոկրատի հետ զրույցը։ 4-րդ դասարանում սովորող  տղայի համար պապիկի անվանակից լինելը  իսկական հպարտություն է ու  մի մեծ պատասխանատվություն։ 

Ավագ և կրտսեր Սոկրատ Հակոբյանները

Սոկրատը գիտի՝ մեր զրույցն էլ պատահական օր չի ընտրված․ «Ես գիտեմ հունվարի 28-ը բանակի օրն է։ Բանակի օրը զինվորների համար է, ես էլ եմ ուզում զինվոր դառնամ, ինձ իմ պապիկն է պատմել զինվորների մասին»,- ասում է Սոկրատը և սահուն անցում կատարում պապիկի անցած մարտական ուղուն․ «Պապիկը պատմել է, որ կռվելը շատ դժվար է եղել, ինքը  Ղարաբաղում է կռվել։ Ընկերների  հետ են գնացել։ Բոլորը զինվորներ են եղել»,- իսկ իր կարծիքով ո՞վ է զինվորը․ «Զինվորը պաշտպանում է հայրենիքը, զոհվում է նաև հանուն հայրենիքի։ Բայց ավելի լավ կլինի, որ պատերազմ չլինի, որ ոչ մեկը չզոհվի։ Պապիկն ասել է, որ պատերազմն աշխարհի ամենավատ բանն է»։

Իսկ ինչ է  հայրենիքը, որ բոլորը փորձում են պաշտպանել ու ինքն էլ ուզում է պաշտպանել․ «Հայրենիքն իմ համար իմ տունն է, իմ սրբությունը։ Մաման, պապան, տատիկներն ու պապիկներն են հայրենիքը»։

Սոկրատը թույլ է տալիս իր գաղտնիքը ձեզ էլ պատմենք․ ինքը մի բանի համար էլ է շատ ուզում զինվոր դառնալ՝  կանաչ համազգեստի․ «Պապիկի համազգեստը տանն է, մի երկու անգամ փորձել եմ հագնել, բայց վրայովս մեծ է»,- այո,պապիկի համազգեստը մի քիչ անհարմար է, բայց շատ է սազում։ Իսկ այ պապիկի սիրուն, փայլփլուն մեդալները Սոկրատի դեռ փոքրիկ մարմնին շատ հարմար են, կրծքին այնպես լավ են նայվում․ «Պապիկը մեդալներ ունի, ստացել է պատերազմին մասնակցելու ու լավ կռվելու  համար։ Իմ համար իմ պապիկն ամենաուժեղ մարդն է»,- ազատամարտիկ պապիկը հեռվից միանում է զրույցին․ «Նաև «Արիության» մեդալ եմ ստացել՝ «շան որդիքին» սատկացնելու համար»։

Այ քեզ հպարտանալու պապիկ։ Սոկրատ՝ եղե՞լ է, որ ընկերներիդ մոտ պապիկից պատմես, գլուխ գովես․ «Չէ, ես ընկերներիս մոտ գլուխ չեմ գովում, իմ պապիկի  նկարը մեր դպրոցում  էլ կա՝ որպես ազատամարտիկ։ Ինձ բոլորն էլ ճանաչում են, համ էլ պապիկը գալիս է ինձ դպրոցից տուն է տանում»։

Իսկ ի՞նչ է խաղաղությունը, Սոկրա՛տ․ «Որ պատերազմ չլինի, ոչ մի մայրիկ չլացի, ու որ պապիկն էլ ընկերների  հետ չգնա կռիվ։ Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի, ու ուզում եմ զինվորներին ասեմ, որ  իրենք միշտ ուժեղ լինեն և գան իրենց սիրելի տուն»։

Ով իմանա, կրտսեր ու ավագ Սոկրատ Հակոբյանները քա՜նի անգամ  են պապիկի անցած մարտական ուղուց խոսել, գուցե Սոկրատն ամենասիրելի պատմությունները պապիկին ստիպել է  տասնյակ անգամներ պատմե՞լ։ Իսկ խաղաղության գինն իմացող պապիկի ու պսպղուն մեդալներ ունեցող բոլոր պապիկների բոլոր պատմությունները մի կետի են հանգում՝  բալես, թող կռիվ էլ չլինի։

 

Մարիամ Մկրտչյան

28 Հունվար, 2023 15:47
Վեր