Առաքելությունը՝ պատերազմի դաշտում կյանք փրկելը․ ռազմական բժշկի աշխատանքը նախքան պատերազմը և դրանից հետո Zarkerak - Առաքելությունը՝ պատերազմի դաշտում կյանք փրկելը․ ռազմական բժշկի աշխատանքը նախքան պատերազմը և դրանից հետո
Zarkerak Zarkerak - Առաքելությունը՝ պատերազմի դաշտում կյանք փրկելը․ ռազմական բժշկի աշխատանքը նախքան պատերազմը և դրանից հետո
Առաքելությունը՝ պատերազմի դաշտում կյանք փրկելը․ ռազմական բժշկի աշխատանքը նախքան պատերազմը և դրանից հետո

Առաքելությունը՝ պատերազմի դաշտում կյանք փրկելը․ ռազմական բժշկի աշխատանքը նախքան պատերազմը և դրանից հետո

Այսօր Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարին է լրանում։ 1992 թվականի այս օրը ընդուվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը, իսկ 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահը ստորագրեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքը, որով հունվարի 28-ը սահմանվեց Հայաստանի զինված ուժերի օր։

Հայոց բանակը 31 տարիների ընթացքում դիմակայել ու դիմակայում է բազում փորձությունների։ Ամեն օղակում կարևորում են պատասխանատվությունն ու պատրաստակամությունը։

Zarkerak.am-ը զրուցել է զինված ուժերի կարևոր օղակներից մեկի՝ ռազմական բժիշկների ներկայացուցիչների հետ մասնագիտական որակների, դրանց կարևորության, պատերազմում ձեռք բերած փորձի ու մասնագիտական ուղին շարունակելու մասին։

Մեր զրուցակիցներն են ռազմական բժիշկներ Աղասին և Վահեն։ Ըստ Աղասիի, ռազմական բժիշկը նախևառաջ պետք է համապատասխան գիտելիքներ ունենա, իսկ ռազմական կյանքում կայանալու ու  ճիշտ առաջնորդվելու համար՝ արագ մտածելու ունակություն, ամենադժվար ու անսպասելի պահերին՝ ճիշտ որոշում կայացնելու ունակություն ունենա։

Վահեն էլ ասում է՝  երբ պատերազը չէր սկսվել ամենակարևորը զորամասում հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելն ու բուժկետի առօրյան կազմակերպելն էր։ Իսկ պատերազմից հետո՝  ավելի շատ անձնակազմի պատրաստվածությունը։ Կարևոր են նաև մասնագիտական որակներն ու «իրար չխառնվելը»։ Այն, որ տեղում հստակ կարողանան պատկերացնել ո՞ր փուլում ի՞նչ պետք է անել, ի՞նչ բուժծառայություն իրականացնել, ինչպես կազմակերպել վիրավոր զինծառայողների տարհանումն ու առաջին բուժօգնությունը։

Ամենակարևոր բաներից, որոնք միշտ պետք է ունենա ռազմական բժիշկն իր ձեռք տակ՝ լարանն է (ժգուտ), անհատական վիրակապական փաթեթն ու ցավազրկողը։

Աղասի Պապիկյան՝ ռազմական բժիշկ

«Ակամայից ստացվեց։ Մտածեցի,  որ կարիք կա, կարելի է ինչ-որ բանով պիտանի լինել բանակին։ 2020-ին ավարտեցի ուսումն ու նշանակվեցի ծառայության։ Արդեն 3 տարի է»։

Աղասին 2020 թվականի սեպտեմբերի 1-ին անցել է ծառայության, օրեր անց պատերազմն սկսվեց։

Հարցնում եմ՝ սպասելի՞ էր պատերազմը։

Մի պահ լռում է ու պատասխանում՝

«Ճիշտն ասած չէի էլ պատկերացնի։

Պլանավորել էի ամսի 25-ին տուն գալ, բայց հենց այդ օրվանից տագնապը տրվեց ու ոչ մեկ այլևս զորամասից բացակայելու իրավունք չուներ։ Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 6-ից ես ընդգրկվեցի մարտական գործողությունների մեջ։

Երբ դեռևս նորեկ ես, դեռևս չես հասցրել լիարժեք ինտեգրվես ծառայողական կյանքին, մի տեսակ  անսովոր էր, մտահոգություն կար՝ թե ինչ կարելի է անել, ոնց կարելի է անել, բայց դրանից զատ էն միտքն էր ավելի շատ օգնում, որ ինչ էլ ուզում է լինի՝ մեր գործն է առաջնահերթ լինելու։ Վիրավորներին պետք է օգնենք, մարտի դաշտից շուտ հանենք, որ կամ շուտ վերադարձնենք շարք, կամ հասցնենք համապատասխան բուժմիավորում, որպեսզի կարողանան իրենց կյանքը փրկել»։ 

2020-ին 25 տարեկան է եղել Աղասին։ Տան անդամները կասկածել, բայց այդպես էլ չեն իմացել, որ հոկտեմբերի 6-ից պատերազմական գործողությունների կիզակետում իր մասնագիտական պարտականություններն է կատարել Աղասին։ Ասում է, չեն իմացել, որովհետև միշտ առավոտյան հարմար պահ է գտել զանգելու համար։  

«Հոկտեմբերի 6-ին հրամանատարական կազմից հայտնեցին, որ պատրաստվեմ գնալուն։ Մի պահ անակնկալի եկա, պատկերացրեցի ուր եմ գնում, հետո սթափվեցի ու կես ժամ հետո պատրաստ էի։ Իմ վերադասի հետ ուղևորվեցինք Ջրականի կողմ։ Այն ինչ կարդում ու տեսնում էինք՝ համեմատելու չէր այն ամենի հետ՝ ինչը տեսնում էինք տեղում»։

Թե ինչն էր անհամեմատելի, Աղասին պատմում է՝ «Մինչև պատերազմի մեջ լինելը՝ կողքդ արկի պայթյուն պատկերացնելն ու պատերազմի դաշտում՝ իրապես դրանք   համեմատելի չեն, մանավանդ, երբ դու հրաշքով ես փրկվում, քեզ ոչինչ չի լինում, կամ մի փոքր բեկոր է ընդամենը քեզ կպնում, այ դա ևս համեմատելի չէ»։

Ասում է, եթե նույն բանը նորից կրկնվի, ինքը պատրաստ է լինել իր տեղում։ Ճիշտ է, խոստովանում է միակ ու առաջին վախի մասին, որն զգացել է պատերազմի ժամանակ, բայց դա միակն էր․

«Առաջին անգամ հրետակոծության տակ էի։ Դա երևի տևել է մի քանի րոպե։ Առաջինից, երկրորդից, երրորդից հետո խոսում ես, սիրտդ շատ արագա աշխատում, էնպես որ ամբողջ մարմնովդ ես սրտիդ աշխատանքը զգում։ Մեկ, երկու, երեք ու դրանից հետո դարձավ սովորական բան։ Դրանից հետո,  երևի կամ վախի հանդեպ զգացումը բթացավ, կամ էլ՝ իրոք չկար էդ վախը, չեմ կարող հստակ ասել, բայց որ արդեն դրանք չէին խանգարում բուն գործողություններն անելուն, դա փաստ է»։

Հոկտեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 9-ը Աղասին մոտավորապես 100 կյանք է փրկել։ Միայն մի վիրավոր չի հասել հոսպիտալ՝ ժամանակի սղության ու հեռավորության պատճառով։

100 պատմություններից մեկն է հիշում․

«Վիրավորի հետևից էինք գնացել։ Այտից էր վիրավորվել, բեկորն այտը ծակել էր, արնահոսում էր , բայց այդ պահին  որ իրեն տեսա զգացի՝ ռեալ իր կյանքին վտանգ չի սպառնում։ Ասել էին, որ ավելի ծանր վիրավորներ կան, ես այդ պահին իրեն թողնում եմ ու գնում ծանր վիրավորների հետևից։ Բայց, այդ  վիրավորին էլ թվում է, թե ես իրեն թողում եմ ու գնամ, ու շտապում ա մեր մեքենայի հետևից։ Ստիպված կանգնում եմ ու իրեն էլ եմ հետս վերցնում, որ հանկարծ չմտածի իրեն թողում եմ։ Էդ 5-7 վայրկյան է տևում։ Եթե այդ դադարի  ընթացքը չլիներ, արկը կընկներ մեր մեքենայի վրա»։

Պատերազմն ավարտվել է։ Աղասին պատմությունները հիշում է, պատերազմի ավարտը նույնպես, բայց անկախ ամեն ինչից, ասում է՝ « ոչ միայն բժշկի, այլև՝ զինվորականի աշխատանքը նրանում է կայանում, որ ցանկացած իրավիճակում, ինչ էլ ուզում է լինի՝ բնականոն ծառայությունը, գործունեությունը պետք է շարունակվի ու ամեն մարդ պետք է իր աշխատանքը լիարժեք անի։ Իսկ բանակի կայացման ու ամրության համար անասելի կարևոր է ռազմական բժշկի դերը։ Զորամասում չկա այնպիսի ստորաբաժանում ու ծառայություն, որի հետ ռազմական բժիշկը որևէ առնչություն չունենա»։

Ձախից Վահե Գրիգորյանն է՝ ռազմական բժիշկ

«Երազում էի բժիշկ դառնալ։ Ընկերս ասաց, որ նման ֆակուլտետ կա, հետո ասացին, որ զորքերում հետաքրքիր կլինի, բանակում ծառայությունը լավ կլինի։ Ու այդպես որոշեցինք երկու ընկեր, որ պետք է դիմենք ֆակուլտետ։ Միասին դիմել ենք, ընդունվել, սովորել ենք ու զորակոչվել ենք, ես Վարդենիսի N զորամաս, ինքը՝ Ջաբրաիլ»։

Վահեն ընկերոջ հետ սովորելով ռազմական բժշկի մասնագիտությունը 2020 թվականի սեպտեմբերի 1-ին ռազմական բժշկի որակավորմամբ նշանակվում է բանակում ծառայության։ Ասում է, ուսման տարիներին ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը վերլուծելիս հասկանում էին, որ մի օր լինելու է պատերազմը, բայց ոչ մեկի մոտ չկար այն գիտակցումը, որ պատերազմը լինելու է հենց իրենց ծառայության ընթացքում, ու առավել ևս՝  ծառայության առաջին օրերին։

«Շատ դժվար էր։ Պատերազմի հենց սկզբում իմ զորամասը դուրս եկավ ու գնաց Քարվաճառի ուղղությամբ։ Տարածքին ընդհանրապես ծանոթ չէի, զորամասի անձնակազմի հետ էլ առանձնապես ծանոթ չէի, դժվար էր կազմակերպել ծառայությունը՝ երկու բժիշկ էինք մնացել, երկուսս էլ նույն կուրսից՝ իրար հետ զորակոչվել էինք։ Մեծ փորձ չունենալը դժվարացնում էր աշխատանքը, երբ զորամասը կռվի մեջ է, շատ դժվար է կազմակերպել էդ ամեն ինչը, որովհետև մենք պետք է միաժամանակ հա՛մ վիրավորներին տարհանեինք, հա՛մ թիկունքում գտնվող անձնակազմին բուժօգնություն ցուցաբերեինք, հիվանդներով զգաղվեինք, պլանային բուժզննում անցկացնեինք»։

Վահեն պատերազմի անցուդարձի մեջ երկու կտոր ունի մտքում միշտ պահած՝ մեկը կրծքավանդակի շրջանում բեկորային վնասվածք ստացած ու կիսագիտակից վիճակում գտնվող զինվորի ձայնն է, որը մահացած ընկերոջ անունն է միայն տվել, մյուսը՝ իր՝ ռազմական բժշկի մասնագիտությունն ընտրած ընկերոջ մահվան լուրը։ Վահեն հիմա ուզում է շարունակել մասնագիտությունը։

«Դեռևս մտքեր չունեմ զորամասից դուրս գալու վերաբերյալ, քանի որ պատասխանատվություն ունենք մեր զոհված ընկերների գործը շարունակելու»։

Նրա խոսքով՝ հոգեբանական առումով շատ դժվար է լինել ռազմական բժիշկ, որովհետև դու գիտես, որ զորամասի անձակազմի առողջության պատասխանատուն ես դու։  Իսկ պատերազմի ժամանակ, երբ ընդհանուր վիճակը հասկանում ես, թե  ինչ իրականությունում ես դու, դա սարսափելի ծանր է, շատ բարդ ու ծանր հետևանքներ է ունենում։

16 վիրավորի կյանք է փրկել Վահեն։ 10 մահ է ունեցել, բոլոր դեպքերում հասել են այն ժամանակ, երբ արդեն զինծառայողը մահացած է եղել։

Խորհուրդ է տալիս մի քանի անգամ մտածել  ռազմական բժշկի մասնագիտությունն ընտրելիս, որովհետև այն իրականում շատ պատասխանատու մասնագիտություն է։

«Քաղաքացիական բժշկի մասնագիտությունն ուրիշ է, տարբերվում է, այդ հոգեբանական լարվածությունը չկա քաղաքացիական բժշկի կյանքում․ Ճիշտ է իրենք էլ գալիս մասնակցում են պատերազմի ժամանակ, բայց այն սթրեսը, որը տանում է ռազմական բժիշկը՝ դա այլ է։ Ես շատ երկար եմ մտածել ու ընտրել եմ հենց սա, ոչինչ չէր կարող փոխել այդ որոշումը»։

Ռազմական բժիշկ Վահե Գրիգորյանը հիմա սովորում է արդինատուրայում։ Զորամասային օղակում ծառայությունն ավարտել է, սովորում է՝ կատարելագործվի և 3 տարի հետո գնա հոսպիտալային օղակում ծառայությունը շարունակելու։

 

Շուշանիկ Եղիազարյան

28 Հունվար, 2023 12:59
Վեր