Վերջին 20 տարիների ընթացքում ՀՀ բնակչության թվաքանակը շարունակաբար նվազել է, սակայն 2020-2021 թվականներին փոքր-ինչ բացարձակ թվով աճ է գրանցվել ծնունդների մասով: Ընդհանուր ցուցանիշում աճել է 3-րդ և հաջորդ երեխաների թիվը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ 2020 թվականին ՀՀ-ում ծնվել է 36,353 երեխա, 2021-ին՝ 36,623, մոտ 300-ով ծնունդների թիվն աճել է անցյալ տարվա ընթացքում:
Հովհաննիսյանի խոսքով, 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության թվաքանակը կազմում է 2,961,400 մարդ, որի մոտավորապես 64 տոկոսը քաղաքային բնակչությունն է, իսկ 36 տոկոսը՝ գյուղական:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյան
Երկրում նաև նվազել է մահերի թիվը.
«Պայմանավորված Քովիդ համավարակով և պատերազմով 2020 թվականին մահացածների թիվն աճել էր ավելի քան 10 հազարով՝ 26 հազարից հասնելով 36,433-ի: Բայց, 2021 թվականին այդ ցուցանիշը ևս նվազել է և կազմել է մոտ 34,400»,- նշում է նա ու հավելում, որ մահերի և ծնունդների ցուցանիշների համադրությամբ հաշվարկվում է բնակչության բնական հավելաճ ցուցանիշը: Ըստ այդմ, մեզ մոտ 2020-2021 թվականների ընթացքում բնակչության բնական հավելաճը կազմել է 2235:
Անդրադառնալով 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշին (2022 թվականն ամբողջությամբ ամփոփված չէ դեռևս)՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգողն ասում է, որ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այդ ընթացքում ՀՀ-ում ծնվել է 33,177 երեխա, ինչը եթե համեմատենք 2021 թվականի նույն ժամանակաշրջանի հետ՝ մոտ 500-ով պակաս է, 2021 թվականի նույն ժամանակշրջանում ՀՀ-ում ծնվել է 33,625 երեխա.
«Շատ հետաքրքիր և կարևոր է այն, որ այդ նույն ժամանակահատվածում մահացածների թիվը մոտ 7000-ով նվազել է: 2022 թվականի հունվար-նոյեմբերին մահացել է 24,600 մարդ, 2021 թվականին՝ մահացել է 31,400 մարդ:
Արդյունքում, 2022 թվականի 11 ամիսներին մեր բնական հավելաճն անցյալ տարվա 2000-ից բարձրացել և հասել է 8500-ի: Այսինքն, եթե արտագաղթի ցուցանիշները չդիտարկենք, կարող ենք ասել, որ 11 ամսվա ընթացքում 8500 -ով բնակչության թվաքանակն ավելացել է»,- նշում է Աննա Հովհաննիսյանը:
3-րդ և հաջորդ երեխաների թվի աճը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգողի կարծիքով կարող է կապված լինել պետության կողմից հատկացվող դրամական աջակցությամբ:
Կառավարությունն 1-ին և 2-րդ երեխայի ծնունդի դեպքում 300 հազար դրամ միանվագ աջակցություն է տրամադրում ընտանիքին, 3-րդ երեխայի դեպքում՝ 1 մլն դրամ, 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երրեխայի դեպքում՝ 1,5 մլն դրամ:
2022 թվականի հունվարի 1-ից որոշում ընդունվեց, որ ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ երեխայի համար մինչև 6 տարեկան դառնալն ամեն ամիս կստանա 50 հազար դրամ նպաստ:
Ժողովրդագրագետ, Միջազգային անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանն էլ է կարծում, որ, մասնավորապես, վերը նշված խթանման միջոցները բավական լավ ազդեցություն ունեցան ընտանիքներում 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդների վրա:
«Ցավոք, 2010 թվականից օբյեկտիվ պատճառներ կան և առաջնեկների թիվը նվազում է և այդ գործընթացը շարունակական է, քանի որ մենք հիմա զգալու ենք նախորդ դարի 90-ականների ժողովրդագրական «փոսի» ազդեցությունը, երբ արդեն հայտնի գործընթացների արդյունքում տեղի ունեցավ ծնունդների կտրուկ անկում և 2002 թվականին մենք ունեցանք մոտավորապես 60 տոկոս ծնունդների բացարձակ թվաքանակի անկում: Հիմա մայրական կազմի նեղացման և ամուսնական տարիք մուտք գործողների սեղմման հետևանքնով մեր առաջնեկների թիվը դրանով նվազել է:
2020-2021 թվականներին մենք 19 հազար ծնունդների աճ էինք ունեցել և այդ աճն ապահովել էին հենց 3-րդ և հաջորդ երեխաների կարգաթվով ծնվող երեխաների հաշվին»,- նշում է Արտակ Մարկոսյանն ու շեշտում, որ այս միտումը, իր կարծիքով, կշարունակվի:
Նրա խոսքով, վերջին տարիներին մի քանի անգամ աճել է պետական բյուջեից ժողովրդագրության խթանմանն ուղղվող գումարների ծավալը: Ժողովրդագրագետի խոսքով, եթե վերջին տարիների դեպքերը չլինեին՝ կորոնավիրուսային իրավիճակը, պատերազմը, անվտանգային հարցերը, ապա ծնունդների թվի ավելի լավ ընթացք կունենայինք:
Ժողովրդագրագետ, Միջազգային անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյան
Մարկոսյանի խոսքով, բնականաբար սոցիալ տնտեսական գործընթացները կարող են որոշակի իմաստով ազդած լինել ծնունդների թվի վրա.
«Այս գնաճային գործընթացն ամբողջ աշխարհում է դիտարկվում: Կորոնավիրուսից հետո Եվրոպայում, Ամերիկայում ծնունդների լուրջ անկում է եղել, Ռուսաստանում նախորդ տարի բացասական ցուցանիշում 1 մլն մարդ էր, այսինքն 1 մլն մարդ մահացել էր 2021 թվականին, քան թե ծնվել էր: Բայց, մենք դրանից խուսափել ենք, 2021 թվականին նույնիսկ մենք ծնունդների աճ ունեցանք, թեև վիճակն այդքան էլ բարվոք չէր, բայց մենք խուսափել ենք, համենայնդեպս, անկում չենք ունեցել»,- նշում է նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք անվտանգային իրավիճակը բացասական մեծ ազդեցություն ունեցել է ծնունդների վրա, Մարկոսյանն ասում է, որ ոչ, պարզապես, եթե դա չլիներ մենք ավելի լավ վիճակում կլինեինք և ավելի լավ աճեր կունենայինք:
Խոսելով պետության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության մասին, Արտակ Մարկոսյանն ասում է, որ դրանք ազդեցություն ունենում են: Նրա խոսքով, դեռ անելիքներ կան և անընդհատ պետք է գործընթացը շարունակվի: «Այսպիսի քաղաքականությունը պետք է շարունակական լինի, որովհետև նոր խնդիրներ են առաջանում և դրանք պետք է լուծել, աշխատելու տեղ միշտ էլ կա»:
Արաքսյա Փաշոյան