Ես հիշտ կյանք օրիշ տեղ պատկերացնում չում․ «անձրևոտ»  վալսի հերոս արցախցի շրջանավարտ Կարենը՝  Արցախում ապրելու, Արցախն ապրեցնելու ու իրենց բոլորի երազանքի մասին Zarkerak - Ես հիշտ կյանք օրիշ տեղ պատկերացնում չում․ «անձրևոտ» վալսի հերոս արցախցի շրջանավարտ Կարենը՝ Արցախում ապրելու, Արցախն ապրեցնելու ու իրենց բոլորի երազանքի մասին
Zarkerak Zarkerak - Ես հիշտ կյանք օրիշ տեղ պատկերացնում չում․ «անձրևոտ» վալսի հերոս արցախցի շրջանավարտ Կարենը՝ Արցախում ապրելու, Արցախն ապրեցնելու ու իրենց բոլորի երազանքի մասին
Ես հիշտ կյանք օրիշ տեղ պատկերացնում չում․ «անձրևոտ»  վալսի հերոս արցախցի շրջանավարտ Կարենը՝  Արցախում ապրելու, Արցախն ապրեցնելու ու իրենց բոլորի երազանքի մասին

Ես հիշտ կյանք օրիշ տեղ պատկերացնում չում․ «անձրևոտ» վալսի հերոս արցախցի շրջանավարտ Կարենը՝ Արցախում ապրելու, Արցախն ապրեցնելու ու իրենց բոլորի երազանքի մասին

26-ը մայիսի՝ վերջին զանգ, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին  եկեղեցու բակ,  շրջանավարտներ Կարենի ու Անիի  «անձրևոտ»  վալս, ընդամենը մեկ տեսանյութ և հազարավոր դիտումներ՝ Արցախում, Հայաստանում, աշխարհում։ Արդեն 176 օր  շրջափակված Արցախից  կյանքի ու չհանձնվելու ուղերձն է փոխանցվում նոր-նոր հասուն կյանք մտնող Կարենի, Անիի ու արցախցի այլ շրջանավարտների կողմից։

«Պատկերացրալ չում, թա մէր անձրևին տակին պարի տեսանյութը էտքան կտարածվէ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում  անկեղծանում է Ստեփանակերտի Սախարովի անվան  թիվ 8  հոսքային դպրոցի շրջանավարտ Կարեն Գալստյանը․ «Օզալում մին տարբերվող ու հիշվող պեն անիմ, պրոստը պահի տակ մտքավս անց ա կացալ վազ տամ, պար կյամ ու թրջվիմ»։

Կարենն ու իր դասընկերները դեռ երկար են հիշելու, թե ինչպես շրջափակումը, դրա թելադրած պայմանները փոխեցին իրենց վերջինզանգյան պլանները․«Շատ բան չստացվեց անել այնպես, ինչպես մտածել էինք, բայց էլի փորձել ենք եղածով բավարարվել ու մեր ուզածը ստանալ»։ Կարենը պատմում է, որ նախապատրաստական աշխատանքներից տարիներ հետո էլ հիշելու են, որ երեկոյան ժամերին դպրոցն ու դասարանը զարդարելիս ուշքն ու միտքն այն էր,որ լույսերը «չտանեն», իսկ «լույսերը տանելու արարողակարգն» Արցախում անխուսափելի առօրյա է դարձել։ 

Կարեն Գալստյանը

Կարենը չէր էլ մտածի, որ մի օր Արցախում ծաղիկ գտնելն ու այն ուսուցիչներին նվիրելը շքեղություն կլինի․ «Այդ օրը ծաղիկները պետք է Հայաստանից բերեին ու մտավախություն ունեինք, որ ծաղիկներն այդպես էլ ճիշտ ժամանակին չեն հասնի»,- հասան՝ խիստ համեստ քանակով, կրկնակի թանկ գներով։  

«Մեր տոնական սեղանն էլ համեստ էր, օրինակ  տորթեր, թխվածքներ չկային, բայց այ միսը շատ էր, դե Արցախում ինչն է շատ՝ միսը, մսի առումով ճոխ սեղան ունեինք»,- ծիծաղում է Կարենը։ Հետո նկատում է՝ դե կտրոնային համակարգի առկայությունը, առատությամբ աչքի չընկնող խանութներն արդեն թելադրում են հարմարվելու, խնայելու նոր կանոններ․ «Մենք էլ  շատ ենք փոխվել, արդեն սովորել ենք ավելի խնայող լինել, խանութներում հիմնականում ամեն ինչ էլ կա, բայց քիչ։ Մի բան էլ որ շատ ենք ուզում, չենք գտնում, փորձում ենք «զսպինք» մեզ», - ծիծաղում է Կարենը, բայց այդպես էլ չենք կարողանում կորզել, թե, այդ հատկապես ի՞նչն է այդքան շատ ուզում։  

Կարենը մեզ հետ զրույցում իր էմոցիաներն էլ փորձում է զսպել, դժվարություններից շատ չի խոսում, կատակներ է անում, բայց կան հարցեր, որոնց շուրջ մտորում է ավելի քան լուրջ․ «Վերջին զանգի ամենակարևոր պահն էր, որ եկեղեցի գնացինք, ինձ թվում է բոլորի մտքում ճանապարհների շուտ բացվելն էր և Արցախի ազատ լինելը, դա  երևի մեր հավաքական աղոթքն էր»։

«Ճանապարհները շուտ բացվեն․․․ »․ Կարենի մտքում այս երազանք-ցանկությունը հիմա հատկապես անդադար պտտվում է, որովհետև նպատակների ճանապարհն անցնում է Լաչինի միջանցքով,  շրջանցում ապօրինի դրված  ադրբեջանական անցակետը, հասնում Երևան․ «Որոշել եմ իրավաբան դառնալ, ուզում եմ ընդունվել ԵՊՀ։ Հունիսին քննություններ ունեմ, եթե հաջող հանձնեմ, ինչ-որ ձևով  պետք է գամ հասնեմ Հայաստան, բայց մեջս անհանգստություն կա, եթե այսպես շարունակվեց (նկատի ունի,եթե ճանապարհը շարունակվեց ապօրինի փակ մնալ) Արցախ հետ գալը կդժվարանա»։

Իսկ Կարենի համար Արցախն օդ ու ջրի պես պետք է․ «Պատահական չէ, որ ընտրել եմ  իրավաբանի մասնագիտությունը, ուզում եմ փոխել իմ  երկրի  իրավիճակը։ Ուզում եմ սովորել ու հետ գալ, դա չի էլ քննարկվում, ես իմ ապագան պատկերացնում եմ միայն Արցախում, որովհետև այստեղ եմ ծնվել ու մեծացել, այստեղ ինձ ամեն ինչ հարազատ է, սա է իմ տունը։ Արդեն սովորել ենք անգամ այս դժվարություններին, հարմարվել ենք։ Ես հիշտ կյանք օրիշ տեղ պատկերացնում չում»։

Իսկ այլ տեղում կյանքը չպատկերացնելու Կարենի հաստատակամությունը հայրիկից է գալիս․ նա Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, պատերազմի հետևանքով ձեռք է բերել երկրորդ կարգի հաշմանդամություն։ Հայրիկից ստացած դաստիարակությունից  է գալիս նաև, որ Կարենը վայրկյան անգամ  չի տատանվում կարևոր հարցում․ «Պատրաստ եմ գնալ զինվորական ծառայության, մեր ընտանիքում  ինձ մեծացրել են այնպես, որ ծառայությունը պատիվ է, հայրս էլ ամենամեծ օրինակն է դարձել։ Պապան հաղթած պատերազմի մասնակից է ու ինքն էլ ասում է, իսկ ո՞վ է ասել, որ հայրենիքը կարելի է միայն մեկ անգամ ազատագրել, ինքը հավատում է Արցախի ապագային ու մենք էլ հավատում ենք»։

Իսկ որ հավատով լի ապագան մոտ լինի՝ Կարենը հիմա շատ է չարչարվում․ քննությունները պետք է լավ հանձնի՝ անկախ ամեն ինչից․ «Այ, հենց հիմա մեր տանը լույս չկա։  Տրամադրված գալիս ես, նստում, որ դաս պետք է անես, ու լույսերը տանում են, առավոտյան  ժամը 7-ին էլ պարապմունքի եմ, ի՞նչ  անեմ․․․»։

Արցախում  վերջին ամիսներին մեծերի ու փոքրերի սրտերը հաճախ են կոտրվում, նյարդերը՝ երբեմն տեղի տալիս, տարատեսակ մտքերն էլ ուղեկցում են օրվա բոլոր ժամերին, բայց Կարենն ասում է՝ ինքը դեռ գոնե մեկին չի տեսել, որ այսքան բանից  հետո անգամ որոշի  գնալ Արցախից։ Ասում է գիտի՝ իրենք անելիք ունեն, չգիտի ինչ կանեն, ոնց կանեն, բայց իր սերնդի վրա Արցախում ամեն գնով ապրելու պարտականությունն է դրված․ «Արցախի ապագան տեսնում եմ  պայծառ,  չգիտեմ այդ ապագային ոնց կհասնենք,  դա պատմելով չի, գործերով ա։ Մեր սերունդն ինչ պետք լինի անելու է Արցախի համար, ինչ մեզնից կախված լինի՝ կանենք։ Մին պեն լավում գիդում Արցախա չքինալը, էս վիճական չհիասթափվելը, ստեղ կենալը միզանյա կախված»։

«Կյանքի նման կարևոր փուլերում երևի ամեն ծնողի մոտ կյանքի խրոնիկա է գնում, թե ինչպես է երեխան ծնվել, մեծացել, առաջին քայլերն արել, թե  ինչպես է առաջին անգամ դպրոց  գնացել, ու ինչպես է տարիների ընթացքում մեծացել։ Ես Աստծուն փառք եմ տալիս, որ հիմա, գոնե, շատ փխրուն խաղաղություն է, ու գոնե այդ խաղաղության պայմաններում մեր շրջանավարտները կկարողանան հանձնել իրենց քննություներն ու գնալ երազած ճանապարհով», -Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է Կարենի մայրը՝ Կարինե Բաղյանը։

Կարենը և տիկին Կարինեն

Տիկին Կարինեն վերջին զանգին իրեն ուղեկցած խոհերն է բարձրաձայնում, հետո շատ անկեղծանում, որ այդ օրը բոլոր մտքերը խառն էին, ինքն էլ՝ անհանգիստ։  Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի թերապևտը մեկ մտքով Կարենի հետ էր, մեկ բուժառուների, որ հիմա հատկապես օր ու գիշեր օգնության կարիք ունեն, մեկ տան մյուս երեխաների՝  10 տարեկան դպրոցական աղջկա ու 19-ամյա տղայի, որ սովորում է  Շուշիի Տեխնոլոգիական  համալսարանում ( գիտենք՝ դուք էլ հավանաբար խորհրդանշական համարեցիք օկուպացված Շուշիի համալսարանի առկայությունը Ստեփանակերտում)։ Մեկ էլ երևի խոհերի հեռավոր անկյուններում մտածում էր, գուցե, եթե ազատամարտիկ, երաժիշտ ամուսնու թոքը մասնահատված  չլիներ ու Արցախում էլ վաղվա օրվա մասին տագնապով չխոսեին, Կարենի հայրիկն իր կլարնետը կնվագեր կամ էլ Շուշիի` իրենց արդեն հիշողություն դարձած կորցրած  փեթակներից մեղր կքամեր, կհյուրասիրեր շրջանավարտներին՝ որպես քաղցր կյանքի խորհդանիշ։

Երբ Կարենն առաջին դասարան էր գնում Արցախը շատ ուրիշ էր։ Կարինեն օրինակ՝ իրեն «շքեղություն էր» թույլ տվել տղայի հագուստները հենց նախորդ օրը արդուկել, կոկիկ դասավորել, հիմա՝ վերջին զանգից դեռ 2 օր առաջ էր արդուկել, դասավորել, ո՞վ իմանա՝ լույս կունենայի՞ն, թե՞ ոչ․ «Բայց, միանշանակ,  հիմա ավելի հեշտ է, քան ձմռանը։  Ժողովուրդն արդեն հարմարվել է, ի՞նչ անենք, հիմա սա է․ ուզենք-չուզենք, պետք է դիմակայենք։ Սկզբի առաջին երկու ամիսներին շատ դժվար էր, ու նաև շատ սիմվոլիկ մի բան կար։  Բոլորը մեկը մյուսին փորձում էին օգնել, ով ինչ ուներ հանում էր, տալիս էր կարիք ունեցողին՝  հղիներին, հիվանդներին, երեխաներին։ Հիմա, փառք Աստծո, շատ բաներ խանութներում արդեն հասանելի են, մենք էլ սովորել ենք խնայողաբար ապրել, ասենք՝ մեկ բազուկը կարող ենք կես անել, կեսն էլ  պահել սառնարանում հաջորդ անգամվա համար, այն ժամանակ կեսն էլ տալիս էիք նապաստակներին, հիմա՝ ոչ»,- ժպիտով նկատում է տիկին Կարինեն, ասում՝ սովորեցին կենցաղավարության այս ձևին, դժվար է, մարդկանց «աչքը վախեցած է», բայց ամենօրյա կռիվ են տալիս իրենց հողի համար՝ դիմակայելով փորձությունների այս շղթային։

«Մենք՝ այստեղ մնացածներս, մեզ մի հարց ենք տալիս՝ ես լա՞վ ծնող եմ , որ հիմա իմ երեխաների հետ նստած եմ այստեղ, թե՞ վատ ծնող եմ, որ երեխայիս Արցախից չեմ տարել։ Գիտե՞ք շատերը հնարավորություն ունեն գնալու, բայց մեր երկրի ու հողի կանչը մեզ այստեղ  է պահում։ Այ տեսեք, հիմա այսքան լարված է չէ՞ իրավիճակը, բայց, միևնույն է, բոլորս ձգտում ենք կառչած մնալ այստեղից, ինչքան հնարավոր է, ինչքան ուժ ունենք։  Ամեն օր տարբեր լուրեր ենք լսում, մեկը մի բան է ասում, այն մեկը՝ մի ուրիշ բան, չնայած ոչ մեկը չգիտի, թե իրականում ինչ է կատարվում և ինչ է կատարվելու։ Բայց մենք բոլորս՝ կարծես թե լավատեսության մի շող ունենք մեր սրտում պահած և մտածում ենք, որ Արցախը միևնույն է պետք է զարգացնենք, որ այստեղ կարողանանք ապրել»։

«Գիտե՞ք, վերջին զանգի օրը բոլորը կարծես ուրախ էին, բայց հատկապես եկեղեցում բոլորի աչքերում թախծոտ հայացք կար առ Աստված, մեր երեխաներն արդեն մեծացել են, շատ բան են հասկանում, շատ բաներից են տեղյակ ու երևի մնջում էին, խաղաղություն էին խնդրում»,- ասաց տիկին Կարինեն։

Ի դեպ, չխոսկան Կարենից այդպես էլ չկարողացանք  «կորզել», թե երբ  վալս կպարի արդեն իր սիրելիի հետ, ինչու ոչ, նորից վարար անձրևի տակ, գաղտնիքներ չբացեց, միայն հույս հայտնեց՝ այդ վալսն անպայման կպարի ու միայն արցախյան երկնքի տակ։ 

 

Մարիամ Մկրտչյան

 

05 Հունիս, 2023 16:09
Վեր