«Թայմ աութ»՝ բանակցություններից առաջ խորհելո՞ւ, թե՞ դրանք տապալելու համար Zarkerak - «Թայմ աութ»՝ բանակցություններից առաջ խորհելո՞ւ, թե՞ դրանք տապալելու համար
Zarkerak Zarkerak - «Թայմ աութ»՝ բանակցություններից առաջ խորհելո՞ւ, թե՞ դրանք տապալելու համար
«Թայմ աութ»՝ բանակցություններից առաջ խորհելո՞ւ, թե՞ դրանք տապալելու համար

«Թայմ աութ»՝ բանակցություններից առաջ խորհելո՞ւ, թե՞ դրանք տապալելու համար

Երեկ հայտնի դարձավ, որ  ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսված քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հիշեցնեմ, որ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը նախատեսված էր հունիսի 12-ին։

ԱՄՆ-ը վերջին շրջանում բավական ակտիվ  է մտել խաղի մեջ և ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Վաշինգտոնի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերից է։ Դեռևս նախորդ ամիս՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մի քանի օր շարունակ բանակցություններ վարեցին ԱՄՆ-ում, որից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ կողմերը ինտենսիվ քննարկումներից հետո էական առաջընթացի են հասել՝ բարդ խնդիրները լուծելու հարցում։ Այս բանակցություններից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Ադրնբեջանի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում, որի ընթացքում էլ հայտարարվեց, որ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջությունը։

Վաշինգոտնում, Բրյուսելում, իսկ այնուհետև Քիշնևում տեղի ունեցած բանակցությունների «պատուհաններում»՝ Ռուսաստանն էր նաև տարբեր մակարդակի հայ-ադրբեջանական հանդիպումներ կազմակերպում, որոնք ավելի շատ արարողակարգային էին և ընդամենը հիշեցում այն մասին, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Մոսկվան դեռ գոյություն ունի։ Զուգահեռ, Կրեմլի քաղաքականության տարբեր տրամաչափի խոսնակները, միմյանց հերթ չտալով, քննադատում էին արևմուտքի ակտիվացումը։ Իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի հեռուն գնաց և երկու օր առաջ հայտարարեց, որ ԱՄՆ և ԵՄ խաղաղության բանաձևերը ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցնի«ԱՄՆ և ԵՄ հանկարծակի ակտիվացումը հարցեր են առաջացնում»,-նշել էր Զախարովան։

Ռուսաստանը, որը 44 օրյա պատերազմից հետո միակ երկիրն էր, որը թե՛ ռազմական և թե՛ քաղաքական պատասխանատվություն էր ստանձնել կողմերին հաշտեցնելու համար, կարելի է ասել՝ մատը մատին չտվեց, թեկուզ փոքր առաջընթաց արձանագրելու համար։ Ավելին, 44 օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական խնդիրները ոչ թե պակասեցին, այլ հակառակը՝ ավելացան և ավելի սրվեցին։ Ադրբեջանն ավելի լկտիացավ թե՛ Արցախում թե՛ Հայաստանում, իսկ Բաքվի լկտիության վրա Մոսկվան աչք էր փակում և շարունակում է աչք փակել, և առնվազն տարօրինակ է, որ Մոսկվան կասկածներ է հայտնում ԵՄ և ԱՄՆ ակտիվացման առումով։

Այս ինտենսիվ իրադարձությունների ֆոնին երեկ հայտնի դարձավ, որ Բաքուն խնդրել է հետաձգել հունիսի 12-ին նախատեսված վաշինգոտնյան քննարկումները։ Ի՞նչ նպատակով է Ալիևը «թայմ աութ» վերցնում՝ ցույց կտա ժամանակը, սակայն փորձը ցույց է տվել, որ սովորաբար Ալիևը սկսում է խուսանավել, երբ Մոսկվան ավելի է կոշտացնում իր հռետորաբանությունը արևմտյան հարթակներում նախատեսված բանակցություններից առաջ կամ հետո։

Ակնհայտ է, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում պահպանի «առաջին ջութակի» դերը, իսկ դրա համար լավագույն գործիքը Բաքուն է, որը տարբեր պատրվակներով խուսափելով բանակցություններից՝ մի կողմից փորձում է իր շահերն առաջ տանել և ստանալ ավելին, իսկ մյուս կողմից էլ բավարարել Մոսկվայի քմահաճույքները։

Մկրտիչ Իսրայելյան 

09 Հունիս, 2023 12:32
Վեր