Խաղողագործները շարունակում են ահազանգել բերքի մթերման խնդիրների մասին․ ոլորտի պատասխանատուներն էլ վստահեցնում, որ փորձում են վերահսկել իրավիճակը Zarkerak - Խաղողագործները շարունակում են ահազանգել բերքի մթերման խնդիրների մասին․ ոլորտի պատասխանատուներն էլ վստահեցնում, որ փորձում են վերահսկել իրավիճակը
Zarkerak Zarkerak - Խաղողագործները շարունակում են ահազանգել բերքի մթերման խնդիրների մասին․ ոլորտի պատասխանատուներն էլ վստահեցնում, որ փորձում են վերահսկել իրավիճակը
Խաղողագործները շարունակում են ահազանգել բերքի մթերման խնդիրների մասին․ ոլորտի պատասխանատուներն էլ վստահեցնում, որ փորձում են վերահսկել իրավիճակը

Խաղողագործները շարունակում են ահազանգել բերքի մթերման խնդիրների մասին․ ոլորտի պատասխանատուներն էլ վստահեցնում, որ փորձում են վերահսկել իրավիճակը

«Ես 1991 թվից խաղող եմ մշակում՝ վրացական սորտը։ Հիմա իմ խաղողը հասել ա, բայց ու՞մ տամ։ Ո՛չ էս տարի, ո՛չ անցած տարի մթերողն իմ հետ պայմանագիր չի կնքել։ Մնացել ենք շվարած»,- Zarkerak.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Լենուղի գյուղից խաղողագործ Արմեն Կոստանյանն է պատմում։ Ասում է՝ այդպես էլ ոչ մեկը չիմացավ, թե ինչու իրենց հետ խաղող վերամշակող ձեռնարկությունները պայմանագիր չեն կնքում, միայն մի կցկտուր բացատրություն են լսել՝ պահանջարկ չկա։

«Էս մի քանի տարին մթերման շատ լուրջ խնդիրներ ունենք։ Գյուղացին ինչքա՞ն կարա սենց արտադրի ու արտադրելով հանդերձ չկարանա մթերողին վաճառի։ Մարդ աշխատի, չարչարվի ու խաղողը չհանձնի՞»,-մտահոգվում է Արմեն Կոստանյանը։

Ասում է ՝ տարիներ առաջ պայմանագիր ուներ, կգ-ն միջինում 150 դրամով էր մթերողն իրենից  խաղող գնում, վատ չէր, ամեն տարի հանձնում էր, բայց վերջին տարիներին մթերողները պայմանագրերը խզում են․ «3 հազար քառակուսի մետրի վրա եմ խաղողը մշակում, անցած տարի ստացել եմ  7,5  տոննա խաղող, էս տարի  էլ՝  6-6,5 տոննա։ Բայց էդ խաղողն ի՞նչ անեմ։ Պատկերացրեք, մեր գյուղում 45-50 հոգի  խաղողատեր կա, էդքանից ընդամենը 2 թե 3 հոգի խաղողի մթերման պայմանագիր ունի։ Մնացածի հետ չեն կնքել, ու որ սենց նայում ենք՝ ոչ մի հույս չկա։ Հետո ասում են՝ գյուղացին ինչի՞ ա այգին քանդում, բա ի՞նչ անի»։

Խաղողագործ Արմենն ասում է, որ արդեն մի քանի տարի է՝ դուռ չմնաց, որ չթակեն, խնդրեն որ իրենց խաղողը մթերեն․«Տարբեր կարգի բողոքներ ենք արել, ճանապարհ ենք փակել, տո չգիտեմ, ոստիկանների հետ ահագին  քաշքշուկի մեջ ենք ընկել, բան չի փոխվում»։

Թե այս տարի իր մի քանի տոննա խաղողի ճակատագիրը ինչ կլինի, Արմենը դժվարանում է ասել, բայց չի էլ բացառում, որ վատագույն դեպքում խաղողը այգում  էլ կմնա․ «Անցած տարի մի կերպ մթերել եմ,  էս բարեկամին խնդրելով, էն ընկերոջը խնդրելով  1 կիլոն 100 դրամով ծախել եմ։ Բայց էդ էլ շատ էժան էր, ինքնարժեքն էլ չէր փակում, տո որ 120-ով էլ ծախեի, էլի ինքնարժեքը չէր փակի։ Էս տարի ի՞նչ իմանամ՝ ինչ կլինի, ու՞մ գնամ խնդրեմ։ Մեր գյուղում էլ գինու գործարան կա,  ընդհանրապես՝  ոչ մեկից խաղողը չեն ընդունում, ասում են՝ մեզ պետք չէ։ Էս տարի բացարձակ ոչ մեկը պայմանագիր չունի մեր գյուղի գործարանի հետ կնքած»։

«1․5 հա այգի ունեմ, վրացական սորտի խաղող եմ մշակում։ Մի 7-8 տարի առաջ մթերողի հետ պայմանագիր էի կնքում, որ 30 տոննա խաղող հանձնեմ։ Հետո տարին տարվա վրա տոննաները իջացրեցին, մի օր էլ  ինձ հանեցին պայմանագրից  «դուրս քցեցին»։ Էս տարի ոչ մի պայմանագիր չունեմ, չկնքեցին»,- Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից Մանվել Սարգսյանի մտահոգություններ ենք լսում։

Ասում է ՝ ստեղծված պայմաններում իրեն այլ բան չէր մնում, քան 40 տոննա խաղողն իրացնելու այլ տարբերակ գտնելը, սակայն ոչ այնքան ձեռնտու տարբերակով․ «Էսօրվա վիճակով ես իմ խաղողը ֆուռին եմ տալիս՝ կիլոն 100 դրամով, գալիս հավաքում ա, որ տանի Կրասնոդար՝ գործարան։ Արդեն 20 տոննա տվել եմ։  Բայց հաշվի առեք, որ էդ ամեն կիլոյի վրա իմ աշխատանքը նստում ա 120 դրամ, անցած տարի գոնե ֆուռը 130-ով էր վերցնում»։

«Բա իմ համար լավ չէ՞ր լինի պայմանագիր կնքեի, մթերողին տայի։ Տենց ա, որ պայմանագիր ես կնքում, թասիբով մշակում ես, գիտես որ հաստատ խաղողդ առնող կա, բայց էսօրվա դրությամբ ֆուռն  էլ չի գալիս տանի, է հետո՞։ Թող մթերողը 130-ով չէ, ոչինչ՝ 120-ով առներ, բայց առներ գոնե։ Բայց ֆուռին տալիս ենք 100-ով, բա էդ գի՞ն ա, բայց դե մենակ էդ ֆուռին տալն ա փրկությունը։ Մեզ չեն  բացատրում ինչի՞ մեր հետ պայմանագիր չեն կնքում, ոչ մի հարց ու պատասխան չի լինում, ժողովրդի հետ չեն հանդիպում։ Հո՞ մենակ մեր գյուղում չի էս վիճակը, սաղ տեղն էլ էդ ա, պայմանագիր չեն կապում։  Անցած տարի աշունը գիտե՞ս ինչքան մարդ քանդեց այգին»։  

Խաղողագործն ասում է, որ հույս էլ չունի, թե խաղողը ձեռնարկությունները կվերցնեն․ «Որ պայմանագիր չունեմ, վազեմ գնամ, ո՞ր գործարանի մոտ կանգնեմ, ինձի հետ կուղարկեն, էսօր ինձի ո՞վ ա խղճալու»։  

«Ես Երևանի կոնյակի գործարանի հետ 45 տոննայի  պայմանագիր ունեմ, խաղողը հանձնելուց, թու-թու-թու, ես ինձ աչքով չտամ, խնդիրներ չեմ ունենում»,-այգեվանցի այգեգործ Սիմոն Ասատրյանն է պատմում։

Ասում է՝ շատ կուզեր, որ մթերման գինը բարձր լիներ,օրինակ՝ անցած տարիներին իր կանգնուն տեսակի խաղողը 150-155 դրամով էր հանձնում մթերողին, բայց, որ պայմանագիր ունի, էլի գոհ է․ «Երկարաժամկետ պայմանագիր ունեմ կնքած։ Իրանք մթերումները սկսում են սեպտեմբերի 19-ից տևում ա մինչև հոկտեմբերի 10-ը։ Գրաֆիկ են սահմանել, օրերը տվել են, գրաֆիկով՝ սեպտեմբերի վերջ նոր ես պետք ա բերքը հավաքեմ, տանեմ հանձնեմ։ Երևանի կոնյակի գործարանը շուկայում թելադրող ա, իրանք էս տարի մթերման գին են սահմանել  140 դրամը, եթե ինքնարժեքը հանում ենք, ֆերմերին կգ-ի համար  մոտ 30-40 դրամ  եկամուտ ա մնում։ Իմ կարծիքով՝ խաղողի մթերման գինը պետք ա 150-ից բարձր լինի՝ 180-200 դրամ։ Ամեն ինչը թանկացել ա՝ դիզվառելիքը, թունաքիմիկատները, պարարտանյութը, աշխատուժը, տեխնիկան, որ վարձակալում ես, ծախսերը շատացել են, խաղողի ինքնարժեքը բարձրացել ա։ Խաղողը աշխատատար կուլտուրա ա, խաղողի այգում ֆերմերը սկսում ա  աշխատել  փետրվարի երկրորդ տասնօրյակից  մինչև դեկտեմբերի առաջին տասնօրյակը։ Պետք ա պետությունը սուբսիդավորումը խաղողի  գնի մեջ կիրառի, որ ոչ վերամշակողը տուժի, ոչ արտադրողը։ Բերեք էս կողմից էլ նայենք, եթե գյուղացին խաղողը չմշակի, վերամշկողը օրինակ՝ կոնյակը ո՞նց ա արտադրելու»։

Սիմոնն ասում է՝ լավ է պատկերացնում այն խաղողագործների վիճակը, որոնք պայմանագիր չունեն․ «Հիմա ես 3 հա խաղողի այգի ունեմ, ամեն տարի ստանում եմ մոտ 50 տոննա խաղող, 45-48 տոննայի կարգի հանձնում եմ, հիմա որ պայմանագիր չլիներ, դուք իմ վիճակը պատկերացնու՞մ եք»։

Խաղողի մթերման ծավալների, վերջին տարիներին  վերամշակող կազմակերպությունների կողմից խաղողի մթերման պահանջարկի միտումների մասին տեղեկատվություն ստանալու համար Zarkerak.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։

Նախ տեղեկատվություն ստացանք վերամշակող կազմակերպություն-խաղողագործ պայմանագրերի կնքման մասին․ «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող  վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում խաղողի մթերման նպատակով  վարկեր ներգրավելու համար կազմակերպությունները խաղողագործի հետ գնման  պայմանագրերը  պետք է կնքեին մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը։ Մինչև նշված ժամկետը կնքվել է 21 հազար տոննա խաղողի մթերման պայմանագիր, ինչը վկայում է ընթացիկ տարվա  խաղողի մթերման պահանջարկի նվազման մասին»,- պատասխան նամակով նշեցին նախարարությունից։

Ներկայացվեցին նաև խաղողի մթերման վերջին տարիների միտումները․ «Խաղող վերամշակող կազմակերպությունների կողմից  նախարարությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2020-2023 թվականներին  խաղողի մթերման փաստացի ծավալները և մթերման տարեկան միջին գները հետևյալն են՝ 2020-ին մթերման ծավալը կազմել է 235 հազար տոննա, մթերման միջին գինը 141,8 դրամ, 2021-ին՝ 191 հազար տոննա, մթերման միջին գինը 133,5 դրամ, 2022-ին՝ 196,4 հազար տոննա, մթերման միջին գինը՝ 129,8 դրամ, 05․09․2023-ի դրությամբ՝ 2,7 հազար տոննա, մթերման միջինը գինը 120-480 դրամ, նվազագույն գինը՝ 110 դրամ»։

«Մարզպետարանների կողմից աշխատանքային կարգով տրամադրված տեղեկատվության և նախարարության գնահատականների համաձայն՝ ընթացիկ տարվա խաղողի  տեխնիկական սորտերի  բերքի կանխատեսվող ծավալը  կազմել է շուրջ 170 հազար տոննա։ 05․09․23-ի դրությամբ՝ խաղողի մթերման  պահանջարկը կազմում է  շուրջ 150 հազար տոննա և նախարարության իրականացրած  մոնիթորինգի  արդյունքների համաձայն՝  առկա է շուրջ 65 հազար տոննա խաղողի ավելցուկային բերքի խնդիր։ Խաղողի նշված քանակության ավելցուկային բերքի մթերման ապահովման  նպատակով նախարարության կողմից մշակվել և վարչապետի  աշխատակազմ է ներկայացվել խաղողի մթերման գործընթացի կազմակերպման  աջակցության միջոցառումների փաթեթը, որն արդեն հաստատվել է կառավարության  07․09․2023թ-ի նիստում»,- հայտնեցին նախարարությունից։

Նշենք, որ  նախարարության աջակցության մեխանզիմը հետևյալն է․ «5000 տոննայից ավելի խաղող մթերողների համար 1 կգ-ի դիմաց կնախատեսվի լրացուցիչ 30 դրամ սուբսիդավորում,10 հազար տոննայից ավելի մթերողների համար` 50 դրամ»։

«Դա թույլ կտա տնտեսվարողին և՛ լավ գներով մթերել, և՛ արտաքին շուկաներում լինել մրցունակ»,- հայտարարել էր  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով աջակցության փաթեթը։

«Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանն ասում է՝ այո, պետք է օգնել վերամշակողին, բայց պետք է նախ մտածել խաղողագործի մասին․«Մենք առաջարկել էինք, որ եթե պետությունը սուբսիդավորում է  կամ ուզում է  վերամշակողի բեռը թեթևացնել, խաղողագործից էլ գոնե  ինքնարժեքից բարձր գնով խաղող գնվի։ Ասում էինք՝  եկեք վերամշակողին  թողնենք ազատ շուկայական հարաբերություններում, գին չսահմանենք, իրենք իրենց հնարավորություններով  գնեն խաղողագործից։  Օրինակ՝ թող գործարանը  90 կամ 100 դրամով  առներ խաղողագործից, պետությունը ամեն կգ-ի համար  50 դրամ սուբսիդավորեր։ Եթե 90 դրամով գներ վերամշակողը, թող պետության սուբսիդավորմամբ  գյուղացուն վճարվեր 140 դրամ, կամ եթե հիմիկվա նման նվազագույն գինը սահմանված է 110 դրամ, պետության ֆինանսավորմամբ գյուղացին կստանար կգ-ի համար 160 դրամ։ Այս դեպքում  նախ խաղողագործը կօգտվեր, գոնե ինքնարժեքից բարձր իր խաղողը  կվաճառեր։ Հաշվի առեք, որ  խաղողագործը, կախված խաղողի տեսակից, 1  կգ-ի վրա ծախսում է  120-125 դրամ։ Մեր առաջարկած տարբերակով չեմ ասում, որ խաղողագործությունը փայլուն կզարգանար,  բայց քայլ առաջ կլիներ, խաղողագործը գոնե  25-30 դրամ եկամուտ կապահովեր ու տարին օգուտով կփարկեր»,- ասում է Սարգսյանը։ Ըստ նրա՝ կառավարությունից նշել են, որ վերոնշյալ եղանակով սուբսիդավորման դեպքում գործընթացն անվերահսկելի կլինի, ուստի ընտրել են վերամշակողին աջակցելու տարբերակը։

Արտակ Սարգսյան

Արտակ Սարգսյանի դիտարկմամբ, եթե համարենք, որ ծրագիրը նպատակ ունի ավելացնել խաղողի մթերման ծավալները և լուծել ավելցուկային՝ 65 հազար տոննա խաղողի մթերման հարցը, ապա միևնույն է այն ուշացած կարելի է համարել․ «Ըստ իս ծրագիրը ժամանակավրեպ է,  խաղողագործի շահերին հարող չէ։  Նման ծրագիր դեռ պետք է արվեր գարնան ամիսներին, որ մինչև հուլիսի 1-ն արդեն նոր պայմաններով պայմանագրերը կնքվեին։ Այդ ժամանակ արդեն խաղողագործը պետք է  իմանար, որ օրինակ՝ նվազագույնը 110-ով են մթերելու, իմանար, թե որ վերամշակող ընկերություններն են օգտվելու սուբսիդավորումից, հիմա նոր պետք է տեսնեն՝ ծրագրից ով է օգտվելու, փաստաթղթային ժամանակատար հարցերը լուծեն, նոր սկսեն այս նոր պայմաններով խաղողը մթերել։  Հասկանում եք չէ՞, որ արդեն սեպտեմբերի կեսն է։ Խաղողն արդեն հասունացած, պատրաստի վաճառքի է»։

Սարգսյանի խոսքով, արդեն մի քանի օր է, որ տրված է խաղողի մթերման ընթացքը, նրանք, ովքեր ունեն պայմանագրեր, վերամշակողին են սկսել վաճառել կարկադել, կանգուն, մեղրաբույր և մի քանի այլ տեսակների խաղող․ «Գյուղացին էժան է վաճառում խաղողը, որովհետև ուրիշ տարբերակ չունի։ Այս տարի էլ մթերման ստանդարտ խնդիրներով իրավիճակ ունենք, ամեն տարվա  նույն վիճակն է խաղողագործի ու վերամշակողի միջև»։

Արտակ Սարգսյանը նշում է, որ քիչ են խաղողագործները, որոնք այս ընթացքում խաղողի մթերման խնդիրների չեն բախվել։ Թերևս, միայն Երևանի կոնյակի գործարանի ու ևս մի քանի խոշոր մթերողների հետ պայմանագիր կնքողներն են, որ ըստ գրաֆիկի իրականացնում են մթերումը․ «Կա Երևանի կոնյակի գործարանի օրինակը, մթերման գինը հայտարարում են ապրիլի վերջին, պայմանագրերը կնքում են մայիսի վերջին։ Այս օրինակը պետք է տարածել նաև մյուս վերամշակող ընկերությունների վրա։ Կան ուրիշ վերամշկող ձեռնարկություններ էլ, որոնք մթերում են։  Բայց, ընդհանուր առմամբ, խաղողագործները չունեն պայմանագիր և անորոշ վիճակում են»։

«Մեր կանխատեսումներով՝ տեխնիկական սորտի խաղողի սպասվելիք բերքն այս տարի մինչև 100 հազար տոննա կլինի, սա այն մինիմալ թիվն է, որի դեպքում պետք է մթերման խնդիրներ չունենայինք։ Միայն Երևանի կոնյակի գործարանը 30 հազար տոննա խաղող է մթերում, եթե նման ձեռնարկություններ գոնե 4-5 հատ էլ լինեն, խաղողի ավելցուկ չէր լինի։ Այս պահին լիցենզիա ունեցող 87 ձեռնարկություն ունենք։ Պատկերացրեք, եթե դրանցից յուրաքանչյուրը 1500 տոննա էլ  խաղող մթերեր, որքան նպաստավոր կլիներ խաղողագործի համար»,- ասում է մասնագետը։   

Հենց այստեղ էլ Արտակ Սարգսյանը բոլորին հուզող հարցն է բարձրացնում՝ իսկ ինչու՞ չեն կնքվում պայմանագրեր խաղողագործի հետ․ « Օրենքով կետ կա՝ Հայաստանում կոնյակ, օղի, լիկյոր, շոմպայն արտադրելու դեպքում  պետք է միայն ու միայն ՀՀ-ում աճեցված  հայկական սորտերի խաղողի հումքն օգտագործվի։ Եթե օրենքը պահպանվեր, այս խնդիրը չէինք ունենա։ Ինչու՞ չկան պայմանագրեր, օրենքը չի գործում մեր հանրապետությունում։ Տպավորիչ ցուցանիշներով կոնյակ, գինի, շոմպայն է արտադրվում, բայց հարց է առաջանում, եթե խաղողը չեն մթերում՝ ինչի՞ց է պատրաստվում այդ խմիչքը»։  

«Արդյո՞ք վերամշակող ձեռնարկության համար չպետք է առաջնային լինի հումքի ձեռքբերումը, հումքի անխափան և մշտական մատակարարման հարցը։ Եթե  չեք մտածում  խաղող առնելու մասին կամ ձեր  հումքի բազան ստեղծելու մասին,  ի՞նչ կարող ենք ենթադրել․ խաղողի փոխարեն  ի՞նչն եք օգտագործում որպես հումք։  Այստեղ է, որ պետք է օրենքը հստակ գործի, արտադրողների գործունեությանը հետևի ու շատ խնդիրներ կլուծվեն»,-ասում է Սարգսյանն ու հավելում․ «Խաղողագործն ինքնաբավ ձևով աշխատատեղ է ստեղծել, պետությունը պետք է աջակցի, որ շարունակենք այդ բարիքը ստեղծել, ստրատեգիական մեծ խնդիր է, պետք է անտարբեր չգտնվենք խաղողագործության հանդեպ»։

Էկոնոմիկայի նախարարությունից մեր հարցմանը պատասխանել էին նաև, որ շարունակում են քայլեր ձեռնարկել խաղողագործության ոլորտի զարգացման համար․ «Խաղողագործության խթանման և խաղողի մթերումների գործընթացի պատշաճ իրականացման, ոլորտում առկա խնդիրների կարգավորման, մթերումների գործընթացի համակարգման, թափանցիկության ու վերահսկողության ապահովության ռազմավարական լուծում է դիտարկվում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից իրականացվող «Խաղողի տնկարկների ռեեստրի ստեղծում»  ծրագրի շրջանակներում խաղողի արժեշղթայի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրումը և գործարկումը։ Համակարգի ստեղծման նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել և դրանց բարեհաջող ընթացքի դեպքում ակնկալվում է, որ 2024 թ-ին խաղողի մթերումները պիլոտային մակարդակով կիրականացվեն խաղողի արժեշղթայի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով»։

Գերատեսչությունից տեղեկացրեցին նաև, որ պետական աջակցության 2021-2023 թ-ի ծրագրի շրջանակներում հիմնվել է շուրջ 430 հա խաղողի այգի։

 

Մարիամ Մկրտչյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

15 Սեպտեմբեր, 2023 15:28
Վեր