Ո՞ւմ է մնում հանրային գույքը Zarkerak - Ո՞ւմ է մնում հանրային գույքը
Zarkerak Zarkerak - Ո՞ւմ է մնում հանրային գույքը
Ո՞ւմ է մնում հանրային գույքը

Ո՞ւմ է մնում հանրային գույքը

Վերջին շրջանում Երևանում ընթանում են ոչ միայն փողոցների, այլև մայթերի վերանորոգման մեծ ծավալի աշխատանքներ։ Մայրաքաղաքի շատ մայթեր տասնամյակներով չէին հիմնանորոգվել և այսօր դրանք նոր տեսք են ստանում։ Բնականաբար` մայթերի նորոգումը ոչ պակաս կարևոր աշխատանք է, սակայն այս գործընթացում նաև առաջանում են բազմաթիվ խնդրահարույց հարցեր։

Ճիշտ է, նորոգվող մայթերի մեծ մասn անբարեկարգ վիճակում են, սակայն կան նաև այնպիսի տարածքներ, որոնք թեպետ վերանորոգվում են, բայց տվյալ հատվածի հին սալիկներն ու եզրաքարերն ինչ-որ առումով բարեկարգ վիճակում են։ Եվ այստեղ հարց է առաջանում, իսկ ի՞նչ ճակատագիր են ունենում այդ հին եզրաքարերը և սալիկները։

Դրանք հաճախ տեղահանվում և հայտնվում են տվյալ մայթերը վերանորոգող շինկազմակերպությունների տնօրինության տակ։

Մայթերի՝ նույնիսկ հին եզրաքարերն ու սալիկները համարվում են տվյալ համայնքի սեփականությունը, համենայնդեպս՝ համայնքը ժամանակին դրանց գնման և տեղադրման համար վճարել է, հետևաբար տրամաբանությունը հուշում է, որ դրանք հեռացնելուց հետո պետք է վերադարձվեն համայնքին և ոչ թե մնան շինարարին։ Իսկ այսօր ստացվում է, որ համայնքը կրկնակի է վճարում մայթերի հիմնանորոգման համար։ Շինկազմակերպությունը համայնքից ոչ միայն գումար է ստանում, այլ նաև ձեռք է բերում շինանյութ, որը պատկանում է համայնքին, սակայն հայտնվում է մասնավորի ձեռքում։

Ընդհանրապես, հանրային ցանկացած գույք պատկանում է համայնքին՝ լինի դա նոր, թե հին, վնասված, թե անվնաս։ Հետևաբար, դրանց տնօրինմամբ պետք է զբաղվի տվյալ համայնքը։ Իսկ այսօր ստացվում է, որ հիմանորոգման հետ զուգահեռ շիկազմակերպությունները նաև՝ այսպես ասած «օդից» լրացուցիչ նյութական շահույթ են ստանում։ Հարցը կարևոր է նաև այն պատճառով, որ այսօր գրեթե բոլոր համայնքների միջոցները սուղ են և հետևաբար՝ համայնքին պատկանող ցանկացած գույք պետք է պահպանվի և վերադարձվի իրական տիրոջը։

Խնդիրը հատկապես սուր է և տեսանելի Երևանում։ Այստեղ որոշ մայթերի՝ համեմատաբար լավ վիճակում գտնվող եզրաքարերը և սալիկները տեղահանումից հետո մնում են շինկազմակերպությանը, իսկ համայնքը կորցնում է իր գույքը։ Հարցին՝ թերևս անհրաժեշտ է համակարգային լուծում տալ, հակառակ դեպքում հանրային գույքի հսկա մի հատված շարունակելու է հայտնվել մասնավորի ձեռքում, իսկ համայնքը շարունակելու է լրացուցիչ ծախսեր անել՝ հագեցնելով շինկազմակերպությունների ախորժակը։

Մկրտիչ Իսրայելյան

01 Դեկտեմբեր, 2023 11:33
Վեր