Պետական աջակցությունը պետք է նաև պետական խիստ վերահսկողություն ունենա Zarkerak - Պետական աջակցությունը պետք է նաև պետական խիստ վերահսկողություն ունենա
Zarkerak Zarkerak - Պետական աջակցությունը պետք է նաև պետական խիստ վերահսկողություն ունենա
Պետական աջակցությունը պետք է նաև պետական խիստ վերահսկողություն ունենա

Պետական աջակցությունը պետք է նաև պետական խիստ վերահսկողություն ունենա

Ընդհանրապես, վերջին շրջանում շատ է խոսվում և քարոզվում հարկերը բարեխղճորեն վճարելու մասին։ Յուրաքանչյուր պետության զարգացման գլխավոր գրավականը տվյալ երկրի քաղաքացիների վճարած հարկերն են, որոնց միջոցով ձևավորվում է պետական բյուջեն և որի միջոցով էլ իրականացվում են բազմաբնույթ սոցիալական, կրթական, տնտեսական, պաշտպանական և այլ կարևոր ծրագրեր։ Սակայն մի բան է հարկեր հավաքելը, այլ բան է դրանք արյունավետ կառավարելն ու ծախսելը։

Վերջին տարիներին նկատելի է, որ պետությունը քաղաքացիների հարկերից գոյացած միջոցներով սուբսիդավորում, կամ աջակցում է բազմաթիվ ոլորտների ու տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում և տարբեր բիզնեսների։ Իհարկե, անչափ կարևոր է, որ պետությունը փորձում է ձեռք մեկնել այն ոլորտներին որոնք ունեն աջակցության կարիք, սակայն, արդյո՞ք այդ աջակցություններն արդյունք տալիս են, արդյո՞ք դրանք վերահսկվում են, կամ հաշվարկվում են, թե՞ ուղղակի ջուրն են լցվում։ Սրանք՝ թերևս ամենակարևոր հարցերն են, որովհետև հարկ վճարող քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր վճարած հարկերը նպատակային են օգտագործվում և չեն փոշիանում չինովնիկական գեղեցիկ քարոզով փաթեթավորված ծրագրերում։ Իսկ նման դեպքերը քիչ չեն եղել։

Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ ՏՏ ոլորտին հատկացված պետական դրամական հսկայական աջակցությունից օգտվել են նաև այնպիսի կազմակերպություններ որոնք հետագայում դադարեցրել են իրենց գործունեությունը, կամ արդեն չեն գործել։ Նույնը նաև պետք է դիտարկել գյուղացիական տնտեսություններին տրվող աջակցության ծրագրերում։ Այս ոլորտում նույնպես պետությունը բազմաթիվ արտոնություններ է սահմանում և աջակցություններ ցուցաբերում, սակայն, արդյո՞ք դրանք տալիս են արդեն ցանկալի արդյունք, թե՞ այդ աջակցությունները կորում են հողում և կարող է հետագայում պարզվի, որ գյուղացիական տնտեսությունները մնացել են նույն վիճակում, նույն խնդիրներով ու նույն մտածելակերպով։

Մեկ այլ ծրագրով կառավարությունն աջակցում է այն ընկերություններին, որոնք  գործակցում են բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ։

Այսինքն, կառավարությունը փոխհատուցում է գործատուին՝ լավագույն մասնագետներին աշխատանքի ընդունելու և նրանց վարձատրելու համար։

Այս պահին՝ թերևս բարդ է ասել թե ինչ արդյունք է տվել, կամ ընդհանրապես արդյունք տալիս է այս ծրագիրը է թե ոչ, արդյո՞ք այդ մասնագետները կան և հավելյալ արժեք ստեղծում են։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը կառավարությունը պարտավոր է հստակեցնել և ներկայացնել հանրությանը։

Մեր տնտեսությունը՝ իհարկե աճում է։ Պակասել է կաշառքը, պետական մենաշնորհները վերացել են։ Սակայն այս ամբողջ դրական զարգացումները կապիտալիզացնելու համար չափազանց կարևոր է, որ պետությունը հստակ վերահսկողություն սահմանի այն ծրագրերի նկատմամբ, որոնց շահառուները մասնավոր անձինք են, կամ մասնավոր կազմակերպություններ են։

Պետական արտոնություններն ու աջակցությունները որքան կարևոր են, նույնքան էլ կարող են վնասակար լինել ընդհանուր տնտեսության համար։ Եվ վերջապես, եթե այսօր ավելորդ փողեր կան, ապա դրանք ծախսելու ավելի նպատակահարմար ու արդյունավետ ծախսելու տեղ միշտ կգտնվի։ Հատկապես, որ այսօր Հայաստանը բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի։

Մկրտիչ Իսրայելյան

12 Փետրվար, 2024 12:55
Վեր