ՀՀ ԱԳՆ-ն բավականին համարժեք պատասխան է տվել Լավրովի հայտարարությանը. պետք է դրված նշաձողը պահպանվի և նահանջ չարվի այդ վճռականությունից. Արտաշես Խալաթյան Zarkerak - ՀՀ ԱԳՆ-ն բավականին համարժեք պատասխան է տվել Լավրովի հայտարարությանը. պետք է դրված նշաձողը պահպանվի և նահանջ չարվի այդ վճռականությունից. Արտաշես Խալաթյան
Zarkerak Zarkerak - ՀՀ ԱԳՆ-ն բավականին համարժեք պատասխան է տվել Լավրովի հայտարարությանը. պետք է դրված նշաձողը պահպանվի և նահանջ չարվի այդ վճռականությունից. Արտաշես Խալաթյան
ՀՀ ԱԳՆ-ն բավականին համարժեք պատասխան է տվել Լավրովի հայտարարությանը. պետք է դրված նշաձողը պահպանվի և նահանջ չարվի այդ վճռականությունից. Արտաշես Խալաթյան

ՀՀ ԱԳՆ-ն բավականին համարժեք պատասխան է տվել Լավրովի հայտարարությանը. պետք է դրված նշաձողը պահպանվի և նահանջ չարվի այդ վճռականությունից. Արտաշես Խալաթյան

«Լավրովի հայտարարությունը ցույց է տալիս Ռուսաստանի գերշահագրգռվածությունն իրենով անել Սյունիքով անցնող ճանապարհները, խոսքը հատկապես՝ հենց Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհահատվածի մասին է, որը Ռուսաստանը փորձում է օտարել Հայաստանից, իսկ այդ գործընթացի ավարտից հետո փաստացի նաև ամբողջ Սյունիքով անցնող ճանապարհները ևս հայտնվելու են Ռուսաստանի վերահսկողության ներքո»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Երևանը սաբոտաժի է ենթարկում ՀՀ Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաների ապաշրջափակմանը վերաբերող պայմանավորվածությունները՝ ասաց իրավագետ Արտաշես Խալաթյանը:

Խալաթյանի խոսքով՝ Ռուսաստանի շահագրգռվածությունը պայմանավորված է նրանով, որ նրա մեկուսացումը գնալով խորանում է և Ուկրաինայի հետ հակամարտության սրումը ցույց է տալիս, որ ՌԴ-ին օդի և ջրի պես պետք են այլընտրանքային տրանսպորտային հաղորդուղիներ մաքսանենգ և պատժամիջոցները շրջանցող՝ այդ թվում ռազմական նշանակության ապրանքների փոխադրման համար. «Նման ճանապարհ է դիտարկվում Սյունիքով անցնող ճանապարհը: Այստեղ նաև կարևոր հանգամանք կա, քանի որ Ռուսաստանը չունի այլ լծակ Հայաստանին պարտադրելու, որպեսզի այդ ճանապարհն իրեն տա, Ադրբեջանի գործոնը որպես մահակ է օգտագործում՝ Հայաստանին այդ ճանապարհի օտարմանը հակելու համար:

Ադրբեջանն էլ բնականաբար հաճույքով օգտվում է ստեղծված իրավիճակից և պատրաստակամ է որպես գործիք օգտագործվել Ռուսաստանի կողմից՝ պայմանով, որ ինքն էլ կարողանա անխոչընդոտ կապվել Նախիջևանի հետ: Լավրովն այդ մասին կրկին հիշել է նաև այն պատճառով, որ Արևմուտքի ճնշման արդյունքում բավականին խորացել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, Ռուսաստանի մոտ մտավախություն կա, որ այդ բանակցությունները կարող են ավելի գործնական փուլ մտնել և փաստացի  եռակողմ հայտարարությունների հիման վրա իր կողմից ձևավորված կարգավորման ճարտարապետությունը կարող է վտանգի ենթարկվել կամ չեզոքացվել, դրա համար կարծես Լավրովն անոնսավորում է ճնշումների նոր ալիք Հայաստանի նկատմամբ»:

Լավրովի հայտարարությանն արձագանքեց ՀՀ ԱԳՆ-ն՝ կոչ անելով կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը. «Ռուսաստանի հավակնությունները Հայաստանի տարածքի և ինքնիշխանության նկատմամբ գնալով ավելի բացահայտ են դառնում և, քանի որ Ռուսաստանը գրեթե ամբողջովին մի կողմ է դրել դիվանագիտական խոսույթը և անցել է բացահայտ սպառնալիքների լեզվի, Հայաստանի ԱԳՆ-ին այլ բան չէր մնում, քան ավելի բաց տեքստով հակադարձել Ռուսաստանին՝ փաստացի նշելով հետևյալը, որ Ռուսաստանի դերակատարությունը Հայաստանի կողմից այլևս չի ընկալվում որպես կառուցողական՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում:

Երկրորդն այն է, որ Հայաստանը մերժում է Ռուսաստանին Սյունիքով միջանցքի տրամադրումը, Հայաստանը, ըստ էության, մերժելով ճանապարհների ապաշրջափակման ռուսական տարբերակը, նկատի ունի, որ հավատարիմ է մնում արևմտյան հարթակներում հնչած առաջարկներին: Շատ կարևոր է, որ ԱԳՆ-ն անդրադարձել է ընդհանրապես Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների խոսքի տոնայնությանը, ըստ էության, նաև ակնարկելով, որ, եթե հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային են, ապա ամեն ինչ սկսվում է նման փոքր բաներից, որ անգամ խոսքի մակարդակում Ռուսաստանն այլևս բացահայտում է իր ոչ դաշնակցային պահվածքը Հայաստանի հանդեպ, որն արդեն գործում է քաղաքական գործողություններում, հայտարարություններում և այլն»:

Արտաշես Խալաթյանն ընդգծեց, որ ՀՀ ԱԳՆ-ն բավականին համարժեք հայտարարությամբ է հանդես եկել. «Ես միայն կցանկանամ, որ այդ դրված նշաձողը պահպանվի և նահանջ չարվի այդ վճռականությունից, որովհետև միայն այդ պարագայում է հնարավոր Ռուսաստանին և Ադրբեջանին ցույց տալ, որ Հայաստանն անպաշտպան չէ և հնարավոր չէ Հայաստանին ինչ-որ բան պարտադրել և երկրորդ՝ դրանով Հայաստանը կարողանալու է նաև իր կշիռն ու հեղինակությունը բարձրացնել արևմտյան դաշնակիցների աչքերին: Դրանով ՀՀ-ն ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ինքը գնալով էլ ավելի է որոշակիացնում իր քաղաքական գիծը»:

Անդրադառնալով Լավրովի այն պնդմանը, որ ՀՀ-ն պետք է կատարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ Խալաթյանն ասաց. «Ըստ էության, այստեղ շատ կարևոր է, որ այնպիսի պարտավորություններ են խախտվել, որոնք այլևս կատարելն անհնար է, խոսքն օրինակ՝ Արցախի հարցում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների մասին է: Հայաստանի պարտավորությունները բխում էին և հանդիպակաց էին հայտարարության արդեն մյուս կետերով սահմանված Ադրբեջանին և Ռուսաստանին վերաբերող պարտավորություններին և դրանք ինքնուրույն նշանակություն չունեն, այսինքն՝ այդ պարտավորություններն ամբողջության մեջ իրավական արժեք ունեն և, քանի որ այդ պարտավորություններից ոչ մեկը չի կատարվել, ուրեմն ստացվում է, որ ՀՀ-ն ազատ է այսուհետ հրապարակավ նաև խոսելու եռակողմ հայտարարության քաղաքական և իրավական մահվան մասին»:

Այս համատեքստում խոսելով նաև Պուտին-Ալիև հանդիպման ընթացքում արված այն հայտարարության մասին, որ Ռուսաստանը պատրաստ է  մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ մեր զրուցակիցն ասաց. «Ռուսաստանն ակնհայտորեն այլևս անաչառ միջնորդ չէ և 2020 թվականից ի վեր երբևէ չի եղել: Այս համատեքստում պարզ է, որ Ադրբեջանի համար ընդունելի է ռուսական հարթակը և Ադրբեջանը դժկամությամբ է ընդունում, երբեմն նաև չի ընդունում արևմտյան հարթակներում բանակցությունների անցկացումը, այս առումով Հայաստանի կողմից պետք է մեկընդմիշտ վճռական ոչ ասվի ռուսական հարթակում հայ-ադրբեջանական բանակցություններ անցկացնելուն, որովհետև այդ բանակցությունների օրակարգն արդեն անոնսավորվել է Պուտինի և Լավրովի կողմից, ակնհայտ է, որ այդ օրակարգում որևէ հայանպսատ բան չկա: Հայաստանն այդ հարցում պետք է չնահանջի, հակառակ պարագայում մենք կարող ենք էապես թուլացնել Արևմուտքի պատրաստակամությունը մեզ աջակցելու: Սրանք այն կարմիր գծերն են, որոնք հատելն ուղղակի կատաստրոֆա կլինի Հայաստանի համար»:

 

Աննա Բզնունի

21 Օգոստոս, 2024 17:57
Վեր